Լրահոս

Վարչապետը կանգնեց անակնկալ ընտրության առաջ

 

arm14788704936

   lragir.am-Կառավարությունում հյուրընկալելով Եվրամիության ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկուն եւ Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ կարեւոր է համարում Հայաստանում եվրոպական մշակույթի ներդրումը բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքի, ժողովրդավարության, դատական բարեփոխումների ոլորտում:Կարեն Կարապետյանն առաջինը չէ, որ Եվրամիությանը հայտնում է այդ մասին: Նրանից առաջ դա արել են առնվազն եւս երկու վարչապետ: Հետաքրքիր է, թե նրան լսելիս ինչ են մտածել Եվրամիության դեսպանները: Դատելով կառավարության հաղորդագրությունից, ԵՄ ներկայացուցիչ Սվիտալսկին ասել է, որ հիացած է Կարեն Կարապետյանի պատկերացումներով ու հայտնել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը:

Կարեն Կարապետյանից առաջ եվրոպական գործընկերությունը կարեւոր համարած Տիգրան Սարգսյանն այսօր լծված է Եվրասիական գործընկերության խորացման գործին: Հովիկ Աբրահամյանն այսօր ընդհանրապես գործ չունի, իսկ պաշտոնանկությունից հետո ոչ թե Եվրոպա, այլ Դուբայ գնաց:Ի՞նչ է անելու Կարեն Կարապետյանը, ու՞ր է գնալու հետո:Եվրոպայի հետ գործընկերության կարեւորության մասին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն իսկապես ուշագրավ են: Ոչ ոք չգիտե, թե ինչ են մտածում այդ պաշտոնյաները այդ հայտարարություններն անելիս: Նրանց մեծ մասը հավանաբար մտածում է, որ դա պահանջում է արարողակարգը, քաղաքավարությունը, եւ եթե այն պահեն, ապա նույնը կանեն նաեւ եվրոպացիները: Իսկ եվրոպացիների քաղաքավարությունը կնշանակի նաեւ որոշակի ֆինանսական հոսքեր:Կարեն Կարապետյանն օրերս Արցախում հայտարարել էր, թե չի ստում, միշտ անկեղծ է: Եթե նա անկեղծ է եղել Եվրամիության դիվանագետների հետ, ապա դա նշանակում է, որ Կարապետյանը խորությամբ գիտակցում է, թե ինչ ասել է Հայաստանի կառավարման գործում եվրոպական մշակույթի ներդրում:

Հայաստանը ներկայում «եվրասիական մշակույթի» գոտի է: Եվրոպական եւ եվրասիական «մշակութային» գոտիները երկարաժամկետ, ռազմավարական առումով անհամադրելի են, հատկապես Հայաստանի վարչապետների համար: Համադրել հնարավոր է համեմատաբար կարճ ժամկետներում, այն էլ արագ զոհաբերություններով: Ճիշտ կլինի ասել, որ Հայաստանի նախագահը, որ 2008 թվականից Սերժ Սարգսյանն է, իր համար այդ «համադրությունն» ապահովել է արդեն երկու վարչապետի հաշվին:Իրավիճակը բավական պարզ է ստացվում` որեւէ վարչապետ այդ երկու «մշակույթների» արանքում մանեւրելու կամ դրանք «համադրելու» շանս կարող է ունենալ նախագահի հաշվին: Եթե Կարեն Կարապետյանը մտնում է այդ դաշտ, եւ եթե անգամ մտնում է Սերժ Սարգսյանի գիտությամբ ու հավանությամբ, գուցե հորդորով, ապա նույնիսկ այդ դեպքում նա կամա թե ակամա կանգնում է այդ երկընտրանքի առաջ` կամ ինքը, կամ նախագահը:Որեւէ դեպքում եվրոպական գործընկերության մասին ասված խոսքերը` ԵՏՄ անդամակցության պայմաններում, ինչը չանելը Կարեն Կարապետյանի կարծիքով «փաստ չէ, որ ճիշտ քայլ կլիներ», չեն կարող լինել լոկ խոսքեր: Դրանք ասվել են եւ արդեն ձեւավորել քաղաքական իրավիճակ, հեղինակին դնելով մոտ կամ հեռու ընտրության առաջ` լինել այդ իրավիճակի լոկոմոտիվը կամ «զոհը»:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing