Վարչապետը ուղղաթիռից տեսավ իրական պատկերը. Լիդիանի փուչիկները պայթում են

105

Lragir.am-ի զրուցակին է Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը

Պարոն Գալստյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսար կատարած այցի ընթացքում նրան ուղղաթիռում ներկայացնում էիք այն վնասները, որոնք կարող է կրել Հայաստանը, եթե շահագործվի հանքավայրը: Ի՞նչ տպավորություն ստացաք վարչապետի հետ հանդիպումից, ի՞նչմանրամասներ կարող եք ներկայացնել:

Ուղղաթիռում իմ կողմից վարչապետին ներկայացվել է երկու կարևոր մտահոգություն, և վարչապետի հետագա խոսքից հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ հասկացել է խնդրի էությունը: Նրա այն խոսքերը, որ եթե ժամանակին ինքը լիներ որոշողը, այդ հանքի շահագործման թույլտվությունը չէր տա, ակնհայտ ուղերձ են, որ ինքը գիտակցում է խնդրի լրջությունը: Ինքը վերևից պարզ պատկերացրեց այդ տարածքների հեռավորությունները մեր կարևոր ջրային օբյեկտներից: Բացի դրանից, շատ կարևոր է մարդկանց՝ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի հարցը, որը այս դեպքում խախտվել է: Ըստ էության, Ջերմուկ համայնքը չի մասնակցել որոշումների կայացմանը: Ի սիզբանե՝ 2008-2009 թվականներից ծրագրի հաստատման որևէ փուլում Ջերմուկ համայնքը զրկված է եղել իր կարծիքը հայտնելուց: Այդ ընթացքում 4-5 անգամ նախագծեր են հաստատվել, իսկ Ջերմուկ համայնքը նույնիսկ չի ընդգրկվել դրանցում՝ որպես ազդակիր համայնք: Միայն 2016 թվականի վերջին ՝ բնապահպանական դրական եզրակացություն տալու ժամանակ են Ջերմուկն ընդգրկել որպես ազդակիր համայնք, բայց այդ տարածաշրջանի ամենամեծ ու կարևոր քաղաքում հանրային քննարկում չի անցկացվել: Մարդկանց այս իրավունքը չիրացնելը լուրջ խախտում է, միայն այդ խախտումը հաշվի առնելով՝ կարելի է «Լիդիան Արմենիա»-ին տրված դրական եզրակացության ուժը կորցրած ճանաչել:

Նաև ասեմ, որ այդ փաստը ընդգրկված է նաև «Լիդիան Արմենիա»-ի կողմից անընդհատ մատնանշվող Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ IFC-ի օմբուդսմենի գրասենյակի վերջնական հաշվետվության մեջ՝ ի պատասխան տեղի բնակիչների ու բնապահպանական կազմակերպությունների երկու բողոքների: Այնտեղ հստակ գրված է, որ «Լիդիան Արմենիա»-ն խախտել է չափորոշիչը և չի գնահատել Ջերմուկ քաղաքի ու Ջերմուկ բրենդի վրա իրենց գործունեության ազդեցությունները: Նշվում է, որ IFC-ն՝ որպես կազմակերպություն, չի կարող երաշխավորել, որ այդ ազդեցությունները չեն լինի զգալի՝ աղմուկի, փոշու և այլ տեղանկյուններից: Նույնը գրված է նաև Գնդեվազի վրա ազդեցության մասով: Այսինքն՝ «Լիդիան Արմենիա»-ի փուչիկներն արդեն հերթականությամբ պայթում են:

Ուղղաթիռում, երբ ես ներկայացնում էի IFC-ի այդ եզրակցությունը, որ համայնքների վրա ազդեցությունը չի գնահատվել, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց՝ չկա այդպիսի բան: Հետո, երբ ես ցույց տվեցի մեջբերումը, Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինտերնետում որտե՞ղ է տեղադրված այդ հաշվետվությունը: Ես բացեցի ու ցույց տվեցի, դրանից հետո Ալոյանն ասաց՝ այո, մենք իրականում Ջերմուկ բրենդի վրա ազդեցությունը չենք գնահատել: Այսինքն՝ նրանց այս աշխատաոճը վարչապետին համոզեց, որ այս ընկերությունը լուրջ չէ կամ փորձում է մանիպուլյացնել ամեն ինչ:

Հանձնախումբը, որը պետք է աշխատի Ամուլսարի գործով, պետք է բացահայտի նաև, թե ինչու է կառավարությունը 2013-2015 թվականներին որոշումներ ընդունել, որոնք բացառապես պետք են եղել «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Այդ որոշումներն ընդունողներին պետք է խնդրել ներկայանալ հանձնախմբի նիստին, պատասխանել հարցերին: Պետք է հարցնել, օրինակ, ինչո՞ւ որոշեցին, որ հանքերի շահագործման պայմանները պետք է կառավարության որոշմամբ փոխել, որի արդյունքում այդ որոշումից մեկ շաբաթ անց «Լիդիան Արմենիա»-ը հայտարարեց, որ իրենք կարող են իրենց ծախսերը 100 մլն դոլարով նվազեցնել: Այսինքն՝ այսքան ակնհայտ կոռուպցիոն սխեմաներ են գործել:

Վարչապետը խնդրի լուծման համար ժամանակ է խնդրում, կարծես նրան մտահոգում է Հայաստանին պատասխանատվության կանչելու, ստանձած միջազգային պարտավորությունը խախտելու հարցը: Կա՞ նման ռիսկ:

Այդ մտավախությունը միշտ էլ կա, բայց պետք չէ ենթարկվել «Լիդիան Արմենիա»-ի շանտաժներին, որովհետև բոլոր չակերտավոր ներդրողները, ովքեր այդ ծրագրում վերջին 10 տարիներին ներդրումներ են արել, շատ լավ իմացել են, թե ինչ համակագի մեջ են ներդրում անում, ինչ կոռուպցիոն կառավարում ունեցող երկրում են ներդրում անում: Եվ մասնագիտական, և այլ փաստեր կլինեն, որոնք կարծում եմ՝ Հայաստանին ամբողջովին կազատեն պարտավորություններից, քանի որ «Լիդիան Արմենիա»-ն այդ փաստերի առկայության և նոր փաստերի ներկայացման պարագայում ուղղակի ռիսկ չի անի որևէ տեղ դիմելու ինչ-որ փոխհատուցման համար: Եթե որևէ կոռուպցիոն բան բացահայտվի, իսկ այդ օրինակները կան, ոչ մի դատարան որոշում չի կայացնի այն պետության դեմ, որտեղ թույլտվությունները տրվել են կոռուպցիոն մեխանիզմների միջոցով:

Այսինքն՝ այս գործընթացներն իրոք կարող են բերել նրան, որ հանքավայրը չշահագործվի՞:

Բայց մենք հիմա չէ, որ հույս ունենք, 2011 թվականից սկսած մեր կամավորական խմբերն աընդհատ զբաղվել են այս խնդրով: Այստեղ Հայաստանի ջրային պաշարների լրջագույն հատվածի փրկության մասին է խոսքը՝ Ջերմուկ, Արփա գետ, Կեչուտի ջրամբար, Սևան տեղափոխվող ջուր: Սա հատկապես լուրջ խնդիր է, որովհետև նոր ջրաբանական տարածքներ են աղտոտվում, երկարաժամկետ աղտոտում է լինելու այս տարածքում: Դա ապացուցվել է նաև միջազգային փորձագետների հաշվետվություններում, որոնք հստակ պնդեցին ու շարունակում են պնդել, որ ջրերի աղտոտումը կարող է շարունակվել 200-500 տարի այդ տարածքում: Իսկ ոչ «Լիդիան Արմենիա»-ն, ոչ այլ կազմակերպություն ոչ մի ծրագիր ու պարտավորություն չեն նշել այն մասին, թե ով և ինչպես պետք է 200 տարի այդ աղտոտումը կանխարգելի, վճարի դրա համար: Ապացուցված չէ անգամ՝ հնարավոր է դա անել, թե ոչ, այսինքն՝ սա անկառավարելի ռիսկ է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache