good-banner
Լրահոս

Վարչապետի անսպասելի մրցակիցը

 

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն կազմակերպության սոցհարցման տվյալով, Երեւանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանն ունի 60 տոկոս վարկանիշ: Փաստորեն, Տարոն Մարգարյանը 17 տոկոս է զիջում վարչապետ Կարեն Կարապետյանին, որին ըստ նույն հարցման, վստահում է հանրության 77 տոկոսը:
Եթե հրապարակված թվերը համադրենք դրանց ուղեկցող իրողությունների հետ, ապա կստացվի, որ Տարոն Մարգարյանն իր վարկանիշով նույնիսկ գերազանցում է Կարեն Կարապետյանին:
Բանն այն է, որ Տարոն Մարգարյանը արդեն մի քանի տարի շարունակ ասոցացվում է ՀՀԿ հետ, մասնակցել է ընտրությունների, անգամ աղմկոտ, քանի որ 2013 թվականին Հայ ազգային կոնգրեսը Երեւանի քաղաքապետի ընտրությանը ներկայացրեց Տարոն Մարգարյանի միլիոնավոր դոլարների կարողությունը, որը նա կուտակել է բիզնեսով զբաղված չլինելու պարագայում:
Եթե այդ ամենից հետո Տարոն Մարգարյանն ունի 60 տոկոս, իսկ տարիներ շարունակ Հայաստանից դուրս աշխատած, ՀՀԿ հետ ըստ էության չառնչված Կարեն Կարապետյանը 77, եթե «մեկնարկային» այդպիսի տարբեր պայմաններում վարկանիշային տարբերությունն ընդամենը 17 տոկոս է, ապա այսպես ասած «իրական» կամ «փաստացի» վարկանիշի տեսանկյունից ստացվում է, որ Տարոն Մարգարյանը գերազանցում է Կարեն Կարապետյանին:
Առավել հետաքրքիր է իհարկե հնարավոր դինամիկան եւ հեռանկարը: Բանն այն է, որ վարկանիշն ավելացնելու Տարոն Մարգարյանի շանսը ավելի մեծ է, քան Կարեն Կարապետյանինը:
Տարոն Մարգարյանը հավակնում է շարունակել Երեւանի կառավարումը եւ դառնալ ՀՀԿ թեկնածու Երեւանի քաղաքապետի ընտրությանը, որը նշանակված է 2017 թվականի մայիսի 14-ին՝ խորհրդարանի ընտրությունից մեկուկես ամիս անց: Կարեն Կարապետյանը հավակնում է շարունակել վարչապետի պաշտոնում իր աշխատանքը, առնվազն խորհրդարանի ընտրությունից հետո:
Կարեն Կարապետյանն ունի լուծելու ահռելի տնտեսական, քաղաքական, համակարգային խնդիրներ: Նա պետք է ցույց տա արդյունքը, ինչը չափազանց բարդ եւ ժամանակատար գործընթաց է, հաշվի առնելով թե օբյեկտիվ, թե առավել եւս սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ, կապված ներիշխանական շահերի բախման հետ: Իսկ Կարեն Կարապետյանի վարչապետական արդյունավետությունը չի կարող լինել առանց իշխանական մի շարք խմբերի հետ շահերի բախման, ինչի մասին նա ինքն էլ խոստովանել է: Անկասկած է, որ իշխանական մի շարք խմբեր, որոնք ներկայիս տնտեսա-քաղաքական համակարգի եւ մշակույթի շահառուն են, հանրության տարբեր շերտերի տրամադրելու են Կարեն Կարապետյանի դեմ, եթե նա կատարի քայլեր իրական բարեփոխումների ուղղությամբ:
Ըստ այդմ, Կարեն Կարապետյանը գտնվում է թե քաղաքական, թե ֆունկցիոնալ այնպիսի մի հարթության վրա, որտեղ նրան սպասում են վարկանիշային լուրջ ռիսկեր ու մարտահրավերներ:
Ի տարբերություն նրա, Տարոն Մարգարյանը լինելու է Երեւանի քաղաքապետ: 6 տարվա ընթացքում նրա 60 տոկոս վարկանիշը գործնականում ձեւավորվել է Երեւանը «պճնելու» շնորհիվ: Հիմնարար առումով այլ գործով Մարգարյանը քաղաքապետի պաշտոնում չի զբաղվել: Նա շպարել, պճնել է Երեւանը, ծառ ու ծաղիկ տնկել: Այդ ամենի համար ծախսվել են ահռելի փողեր, եւ այդ ամենի արդյունքում փաստորեն Տարոն Մարգարյանը կուտակել է 60 տոկոս վարկանիշ: Զուտ քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հիմնարար, համակարգային փոփոխությունների առումով չկա որեւէ էական շարժ:
Մնալով Երեւանի քաղաքապետի պաշտոնում, Տարոն Մարգարյանն անկասկած շարունակելու է ծառ ու ծաղիկ տնկել եւ շարունակելու է վարկանիշի կուտակումը: Այդ տեսանկյունից Մարգարյանը գտնվում է ոչ թե ռիսկային, այլ թերեւս շահեկան գոտում:
Ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ 2017 թվականի ընթացքում Տարոն Մարգարյանի եւ Կարեն Կարապետյանի հանրային վարկանիշների միջեւ եղած 17 տոկոս տարբերությունը ոչ միայն կնվազի, այլ ընդհանրապես կարող է փոխվել հարաբերակցությունը հօգուտ Տարոն Մարգարյանի:
Եթե տեղի ունենա այդպիսի փոփոխություն, ապա դա մեծացնում է հավանականությունը Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի փոփոխության հարցում, կապված 2018 թվականի հետ այն տարբերակի դեպքում, երբ նա չի ուզում կամ չի կարողանում շարունակել որպես վարչապետ եւ արդեն առաջին դեմք հանդիսացող վարչապետի պաշտոնի համար առաջադրում կամ ընտրում է «ժառանգորդի»:
Ներկայում դրա հիմնական հավակնորդ դիտարկվում են Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բայց Սերժ Սարգսյանը իր նախագահության ընթացքում կադրային նշանակալի լուծումների առումով աչքի է ընկել անսպասելի որոշումներով: Այդ իմաստով, Տարոն Մարգարյանի համար Կարեն Կարապետյանին զուգահեռ հրապարակվող 60 տոկոս վարկանիշը կարող է սպասելի դարձնել նրա հերթական «անսպասելին»:
Համենայն դեպս, 60 տոկոսը այն վարկանիշն է, որը արդեն ոչ թե տեղական, այլ համապետական իշխանության հավակնության սահմանում է: Հետեւաբար ամենեւին պատահական չէ դրա հրապարակումը: Այլ հարց է իհարկե, թե այդուհանդերձ ուր է տանում հրապարակման արմատը: Միաժամանակ հայտնի է, որ ինքը Տարոն Մարգարյանն առնվազն մտերիմ շրջապատում չի թաքցրել համապետական մասշտաբի իր հավակնությունները:
Ի դեպ, Տարոն Մարգարյանն արդեն մեկ անգամ փոխարինել է Կարեն Կարապետյանին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում:

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing