Լրահոս

Վարչապետի ձիով քայլը. Անակնկալ Սերժ Սարգսյանին

 

Հայաստանում կառավարության նշանակման գործընթացը տեղավորվում է սպասվող ստանդարտում: Կազմը հիմնականում պահպանվում է, բավական փոքր փոփոխություններով: Թեեւ, դրանք իհարկե հարաբերականորեն են փոքր: Օրինակ, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դառնում է արդարադատության նախարար, կամ վերադառնում մինչեւ 2007 թվականը զբաղեցրած այդ պաշտոնին, դա թվում է փոքր փոփոխություն, բայց ներիշխանական առավել մեծ համատեքստով:
Մարտի 25-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երբեք չի պլանավորել վաղվա օրը, բայց միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է եղել անվտանգության տեսանկյունից:
Մոտավորապես այդ բնորոշումն է հնարավոր Դավիթ Հարությունյանի պարագայում, պարզապես Սերժ Սարգսյանի խոսքի փոքր ինչ խմբագրված տարբերակով՝ Դավիթ Հարությունյանը հայտնվել է այնտեղ, որտեղ ամենից անհրաժեշտն է եղել իրավական տեսանկյունից, կամ իրավա-քաղաքական:
Օրինակ, Դավիթ Հարությունյանը Հայաստանի համար ֆորմալ տեսանկյունից իրավա-տնտեսական, սակայն բնույթով քաղաքական կարեւոր գործընթացի առաջնագծում էր, երբ իշխանությունը վերացնում էր Արմենտելի մենաշնորհը եւ փաստացի ճանապարհ բացում հեռահաղորդակցության երկրորդ օպերատորի համար: Դավիթ Հարությունյանը այդ գործընթացը բարեհաջող հասցրեց ավարտին, եւ կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանը սեղմեց Վիվասելի հեռախոսի կոճակը:
2007 թվականին Հարությունյանը թողեց արդարադատության նախարարի պաշտոնը, այսպես ասած ավարտելով դատաիրավական բարեփոխումների գործընթացի մի որոշակի փուլ, երբ իշխող համակարգին հաջողվեց «ինստիտուցիոնալացնել» դատական համակարգը նվազագույն կայունության եւ կառավարելիության սկզբունքով:
Արդարադատության նախարարից նա դարձավ ՀՀԿ-ական պատգամավոր, մինչ այդ համալրելով կուսակցության շարքերը: Ընդ որում, այդ մասով հետաքրքիր է ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի արած մի հայտարարություն, որ հնչեց Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ կար Քոչարյան-Սարգսյան ավելի ու ավելի նկատվող դիմակայություն, որի վրա փորձում էր նաեւ քաղաքական խաղ կառուցել առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը:
Այդ շրջանում Քոչարյանը հայտարարեց, թե 2007 թվականին ինքն է մի շարք պաշտոնյաների եւ գործիչների հորդորել մտնել ՀՀԿ՝ խորհրդարանի ընտրությունից առաջ այդ ուժը հզորացնելու համար:
Հետաքրքիր է, Դավիթ Հարությունյանն էլ Քոչարյանի հորդորո՞վ է մտել ՀՀԿ: Ի վերջո, Հարությունյանը Քոչարյանի վստահելի նախարարներից էր, այսպես ասած «հաջողված կադրերից», ինչի վկայությունն էլ նրա անփոփոխ նախարարությունն է:
Մյուս կողմից, Դավիթ Հարությունյանը կարծես թե Սերժ Սարգսյանի համար էլ այսպես ասած «անհաջող կադր» չէր եւ իր կայուն տեղն ունեցավ Սարգսյանի համակարգում:
2008 թվականի մարտի 1-ից հետո Դավիթ Հարությունյանն ահռելի դեր ունեցավ եվրակառույցների հետ աշխատանքում, Հայաստանի իշխանությանն օգնելով հաղթահարել ժողովրդավարության հետ կապված հարցերում եվրոպական ճնշումները: Այսինքն, նա կրկին եղավ այնտեղ, որտեղ պետք էր իշխանությանն իրավաքաղաքական առումով:
Հետո արդեն Հարությունյանը վերստին հայտնվեց կառավարությունում, աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում: Այժմ նա տեղափոխվում է արդարադատության նախարարի պաշտոնին, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ այստեղ է հասունացել նրա անհրաժեշտությունը:
Մեծ է հավանականությունը, որ Դավիթ Հարությունյանը կլինի Կարեն Կարապետյանի «անհաջող նախարարը», ինչը կանխազգում էր երեւի թե նաեւ Կարապետյանը, քանի որ Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնից հրաժեշտ տվեց ափսոսանքով:
Փաստորեն, Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանի հետընտրական անակնկալն է Կարեն Կարապետյանին: Կառավարության ձեւավորման հարցում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին անակնկալ դեռ չի մատուցել:
Ըստ ամենայնի, Կարապետյանի անակնկալը կլինի կառավարության կազմի ամբողջական ձեւավորումից հետո, օրինակ հրաժարականի տեսքով:
Դա կլինի Կարեն Կարապետյանի «ձիով քայլը»: Սարգսյանն ակներեւաբար շրջափակում է Կարեն Կարապետյանին, թե կադրային, թե այսպես ասած տեղեկատվա-քարոզչական լուծումներով, թե իշխանությունից, թե ընդդիմությունից:
Կարապետյանին մնում է Սարգսյանի ծրագրերին դիմադրելու թերեւս մի տարբերակ՝ հրաժարական ավելի շուտ, քան ծրագրում է Սերժ Սարգսյանը:
Այդ դեպքում Կարեն Կարապետյանը կունենա 2018-ին վարչապետ լինելու թերեւս ավելի մեծ հնարավորություն, քան լիակատար շրջափակման օղակում հայտնվելուց հետո:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing