Վարչապետի հայտարարությունը ՊԵԿ-ը շատ խիստ ու կոպիտ է հասկացել․ Համատարած տուգանումներ են

62

Գործարարներն ահազանգում են՝ Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում կոշտ քաղաքականություն է իրականացնում փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերով սահմանելով տուգանքներ: Տնտեսվարողները դժգոհում են առ այն, որ բազմաթիվ դեպքերում ՊԵԿ-ը առևտրաշրջանառության ծավալներին անհամաչափ տուգանքներ է սահմանում՝ հաշվի չառնելով անգամ նման կոշտ վարչարարության բացասական հետևանքները։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի հետ։

«Համատարած տուգանումներ են գնում՝ մեծամասամբ ՀԴՄ կտրոնների կանոնների խախտման հետ կապված։ ՊԵԿ-ի աշխատակիցները հասնում են նրան, որ, անպայման, տուգանեն տնտեսավարողներին, այսինքն՝ այն հին աշխատելաոճն է գործում, որ, եթե ՊԵԿ-ի տեսուչը դուրս է գալիս հանձնարարականը ձեռքին, ապա պետք է տուգանքով վերադառնա՝ այլընտրանք չկա և նման պարագայում ՊԵԿ-ի տեսուչները բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներն օգտագործում են, որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ տուգանեն տնտեսավարողներին։ Վարչապետի այն հայտարարությունը, որ պետք է բոլորից ՀԴՄ կտրոն պահանջել՝ ՊԵԿ-ը շատ խիստ ու կոպիտ է հասկացել ու այդպիսի խիստ ու կոպիտ գործողություններ է իրականացնում՝ անգամ փոքր կրպակներին ու խանութներին կրկնակի տուգանելով։

Եթե տնտեսվարողը չարամտորեն է խախտում օրենքը, ապա դա ուրիշ հարց՝ նա պիտի տուգանվի և անհամաչափ տուգանք պետք է կիրառվի, որ հաջորդ անգամ նա այլևս չփորձի սև դաշտում աշխատել , բայց այն տնտեսվարողները, որոնք ոչ միտումնավոր են դա արել կամ օրենքի չիմացության պատճառով են սխալ թույլ տվել, ապա այդ տնտեսվարողների նկատմամբ մոտեցումը պետք է մի փոքր այլ լինի։

Հիմա մենք հայտնվել ենք խառնաշփոթ վիճակում և այս ոլորտի խնդիրները համակարգային լուծման կարիք ունեն։ Ունենք սարսափելի Հարկային օրենսգիրք, որը վերից վար վերանայելու անհրաժեշտություն ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache