Լրահոս

Վարչապետի նկատողությունը Երեւանի քաղաքապետին

 

varchapeti-bkatoxutyune-yerevani-qaxaqapetin

lragir.am — Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավելագույն պատասխանատվության ենթարկել ու պատժել բոլոր այն սուբյեկտներին եւ պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են եղել Երեւանի կենտրոնում կատարված պայթեցման համար, որի միջոցով քանդվել է Երեւանի առաջին տպարանի շենքը:
Վարչապետն արձանագրել է, որ շենքի պայթեցումը կատարվել է անհրաժեշտ պայմանների խախտումով, ինչի համար էլ պետք է մարդիկ ենթարկվեն պատասխանատվության: Կարապետյանն իհարկե ոչ թե շենքի քանդման հարցն է վիճարկում, այլ քանդման ձեւը եւ դրա իրականացման ընթացքում մի շարք նորմերի խախտումները: «Այնպիսի տպավորություն է, որ այս քաղաքում ով ինչ ուզի կարող է անել», հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Այդ անդրադարձը հատկանշական է մի քանի առումներով: Առաջին հերթին այն, որ Կարապետյանն ինքը եղել է քաղաքապետ, մոտ մեկ տարի: Ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջորդել է Կարեն Կարապետյանին: Ընդ որում, երբ հայտնի իրադարձություններից հետո հրաժարական տվեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրան փոխարինեց ոչ թե Ավագանու ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը, այլ հինգերորդ համար Կարեն Կարապետյանը:
Չի բացառվում, որ այդ շրջանից ի վեր, Կարեն Կարապետյանի եւ Տարոն Մարգարյանի միջեւ կա որոշակի դժկամություն, ներքին լարվածություն: Բացառված չէ, որ հենց այդ շարժառիթով է նաեւ Կարապետյանը անդրադարձել Երեւանի կենտրոնի պայթյունին:
Փաստացի, այդ անդրադարձը նկատողություն է նաեւ Տարոն Մարգարյանին:
Տրամաբանությունը հուշում է, որ պայթեցման խնդրին առաջինը պետք է անդրադառնար ոչ թե վարչապետ Կարապետյանը, այլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել», հայտարարում է Կարապետյանը: Նրա այդ հայտարարության տողատակն այլ բան չէ, քան քաղաքային իշխանության բացակայության արձանագրում:
Մի բան, որը հատկապես ուշագրավ է Տարոն Մարգարյանի` բոլորովին վերջերս հանրային ուշադրության արժանացած մի պահվածքի ֆոնին` Երեւանի Ավագանու Ժառանգություն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հանդեպ, որը քաղաքային իշխանության որոշումներից մեկի վերաբերյալ հարց էր բարձրացնում Ավագանու նիստում եւ արժանացավ Տարոն Մարգարյանի կոպիտ, անհարգալից, որոշակիորեն նաեւ ամբարտավան պահվածքին:
Վերջապես, Կարեն Կարապետյանի արձագանքն ու Երեւանի քաղաքապետին ուղղված նրա բավական թափանցիկ ակնարկները հետաքրքիր են դառնում Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրության համատեքստում: Բացի խորհրդարանի ընտրությունից, 2017 թվականը նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրության տարի է:
Իսկ Երեւանը Հայաստանում կենտրոնացած ահռելի ռեսուրս է, Հայաստանի կեսն ու գրեթե ավելին: Այդ իմաստով, միանգամայն տրամաբանական է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար շատ կարեւոր է, թե ով է զբացեղնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնը:
Այսինքն, կարեւորը միայն այն չէ, որ զբաղեցնողը լինի ՀՀԿ-ից: Առավել եւս, որ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը տվել է ՀՀԿ «նոր ոգու» առաջադրանք: Իսկ դա չի կարող լինել առանց Երեւանի քաղաքապետի պաշտոնի, եւ ըստ ամենայնի Կարապետյանն իր գործունեության ասպարեզում դիտարկում է այդ պաշտոնում Տարոն Մարգարյանի փոխարեն իր համար առավել նախընտրելի սուբյեկտի առաջադրումը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am