good-banner
Լրահոս

Վարչապետի ուշագրավ հայտարարությունը Սյունիքում

 

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ, տեղեկացնում է ՀՀԿ պաշտոնական քարոզարշավի կայքը:
«Ունենք կառավարման մեծ փորձ և դրական, և բացասական, որի հիման վրա սովորել ենք, հասկացել և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հերթական անգամ թակարդը չընկնենք: Կարծում եմ, տեսել եք որոշակի քայլեր. մեր թիմը համալրվել է նոր, բանիմաց, երիտասարդ, հայրենասեր թիմակիցներով, ովքեր ունեն ուժ ու եռանդ՝ մեր երկրի համար լավ նախաձեռնություններ իրականացնելու համար: Կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչուր քաղաքացի Արցախի հարցում վստահ է՝ մենք երբևէ թույլ չենք տա, որպեսզի մեր արժանապատվությունը ոտնահարվի: Մեր ողջ ազգի ապագան այսօր որոշվում է Արցախի սահմանային գծում ու մենք Արցախի հարցում շատ վճռական ենք և հետևողական», իր ելույթներից մեկում ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքից չի հասկացվում, թե թակարդը ինչին է վերաբերվում՝ ՀՀԿ-ին ու նրա վարած քաղաքականությա՞նը, թե Արցախի խնդրին: Երկու դեպքում էլ Կարեն Կարապետյանը փաստացի դեմ է գնում իշխող կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը, քանի որ ՀՀԿ-ն գտնում է, որ իր կառավարման տարիներին Հայաստանն առնվազն թակարդում չի հայտնվել:
Բացի այդ, ՀՀԿ-ն համարում է, որ ինքն ամենակայացած ու պատասխանատու ուժն է:
Բայց Կարեն Կարապետյանը ներկայում «առաջընթացի մարմնացումն» է, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, եւ հնարավոր է ակնարկում է ՀՀԿ-ի «հին ոգուն», որը բանիմաց ու հայրենասեր չէ եւ որն ինքզինքը եւ երկիրը մտցրել է փակուղի:
Արցախի խնդրում եւս ՀՀԿ-ն համարում է, որ վարում է ճիշտ քաղաքականություն, ինչը միտված է Արցախի միջազգային ճանաչմանը: Խոշոր հաշվով, ներկայում Ադրբեջանն է թակարդում կամ ծուղակում, իր վարած քաղաքականության եւ միջազգային կոնյունկտուրայի ներկայիս տրամաբանության արդյունքում, ինչը հայկական կողմը «բռնեցրել» է ու վերջին շրջանում բավական համարժեք հայտարարություններ է անում: Հայտնի չէ՝ ինչպես կպահի իրեն իշխանությունը, եթե այդ կոնյունկտուրան փոխվի, այս փուլում համենայնդեպս իրավիճակը Հայաստանի համար փակուղային չէ:
Հայաստանը խոշոր հաշվով թակարդում էր մինչեւ ապրիլյան պատերազմը, ռազմա-քաղաքական ոլորտում իշխանության հանցավոր պահվածքի ու Ռուսաստանի քաղաքականության արդյունքում, թեեւ դրանից կարելի էր խուսափել, եթե իշխող տնտեսա-քաղաքական համակարգը երկրի անվտանգության խնդիրները վեր դասեր անձնական բարեկեցության խնդիրներից: Իշխանության այս պահվածքը ապրիլին արժեցավ անդառնալի կորուստներ:
Արդյոք սա նկատի ուներ վարչապետը:
Հնարավոր է, վարչապետը, այցելելով մարզեր ու մոտիկից տեսնելով իրավիճակը, անկեղծացել է լիովին, քանի որ ՀՀԿ-ի կառավարման ընթացքում Հայաստանն ու Արցախը խոշոր հաշվով հայտնվել են թակարդում թե սոցիալ-տնտեսական, թե ռազմա-քաղաքական տեսակետից, եւ չի երեւում, թե ինչպես է հնարավոր հաղթահարել այս վիճակը:
Չի բացառվում իհարկե, որ վարչապետը ոչինչ էլ նկատի չուներ՝ նախընտրական շրջան է, իսկ խոսքի արժեքն ու պատասխանատվությունը վաղուց քաղաքական կատեգորիաներ չեն հայկական ներքաղաքական պայքարի մասնակիցների համար:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing