Լրահոս

Վարչապետի ժամկետը երեկ սպառվեց. Սկսվում է հետհաշվարկը

 

Երեկ Կառավարության շենքի մոտ տոնավաճառների առեւտրականների բողոքի ցույցը կարելի է համարել Կարեն Կարապետյանի իրական վարչապետության առաջին օրը եւ միաժամանակ այդ վարչապետության հետհաշվարկը:

Բանն այն է, որ նրա նշանակումից հետո կար 6-ամսյա ժամկետով ներքին «կոնսենսուս», ըստ որի մինչեւ ընտրություններ նա ազատ էր իր գործողություններում, որոնք միտված էին այդ 6 ամիսների ընթացքում ՀՀԿ-ի համար նոր դեմք ձեւավորելուն եւ այդ դեմքով հանրությանն ու ընտրությանը ներկայանալուն:Պետք է ասել, որ դա ստացվեց, այդ դեմքի ձեւավորմանն էին ուղղված վարչապետի ինքնատիպ պահվածքն ու հայտարարությունները փոփոխությունների, ներդրումների եւ այլնի մասին:Ապրիլի 2-ին իշխանությունը ստացավ իր համար գրեթե իդեալական արդյունք՝ Կարեն Կարապետյանի դեմքով ցուցանակի ներքո ռեյտինգայինների հավաքած ձայներով:

Միեւնույն ժամանակ, սպառվեց վարչապետին տրված 6-ամսյա «ազատության» ու դրայվի շրջանը: Ներկայում հետընտրական վերադասավորումների փուլն է, որը միտված է 2018-ին ներքաղաքական նոր ստատուս-քվոյի ձեւավորմանը՝ կառավարման նոր կարգին անցնելու պայմաններում:Կարեն Կարապետյանը կարող է դառնալ այս գործընթացի թե սուբյեկտ, թե օբյեկտ: Մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվում, թե իշխանությունն այլեւս չի հանդուրժելու նրա «խոսելաձեւն ու հայտարարությունները»: Հետաքրքիր տեղեկություն է, այն առումով, որ այդ հայտարարությունները խոշոր հաշվով ուղղված էին առկա տնտեսա-քաղաքական համակարգի վերափոխմանն ու քրեա-օլիգարխիայի դուրս մղմանը, անկախ նրանից՝ կա այդպիսի նպատակ, թե ոչ:

Առեւտրականների բողոքի ցույցը Կարեն Կարապետյանին իր դրայվի բարձունքից իջեցրեց հայաստանյան բարդ ու ոչ միանշանակ իրողությունների գետնին: Դա հնարավոր է առաջին ծիծեռնակն էր, քանի որ հանրային տարբեր շերտեր ու խավեր, որոնք այսպես ասած գտնվում են օլիգարխիայի տիրույթում, նույնպես կարող են փողոց դուրս գալ եւ «ուղղորդվել», ինչպես նշվում էր տոնավաճառներում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Դա նշանակում է, որ ՊԵԿ-ը, այսինքն Կարեն Կարապետյանը հենց այդպես էլ ընկալել է եւ ընդունում է մարտահրավերը: Այդ պահից, ուզի թե ոչ, Կարեն Կարապետյանը դառնում է քաղաքական վարչապետ, եւ միաժամանակ նրա համար սկսվում է մինչեւ 2018-ի ապրիլ ընկած շրջանի հետհաշվարկը:Մինչ այժմ նա հանդես է եկել որպես մենեջեր, սակայն այս մեկ տարում արդեն ստիպված է զբաղվել քաղաքականությամբ եւ գործել որպես վարչապետ՝ քաղաքականության օբյեկտի ու քավության նոխազի չվերածվելու համար:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing