Լրահոս

Վարորդը հաշմանդամ երեխային թույլ չի տվել նստել. «Էս ձեր համար բեռնատա՞ր ա»

 

Մանկական ուղեղի կաթված ունեցող վեցամյա Հայկ Մարկոսյանին ամեն օր մանկական վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար հարազատները բախվում են հասարակական տրանսպորտի վարորդների անբարյացակամ վերաբերմունքին: Օրերս Երևանի թիվ 12 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի վարորդը կոպտել է երեխային ու նրա մորը՝ չթողնելով, որպեսզի բարձրանան հասարակական տրանսպորտ: «Էս ձեր համար բեռնատա՞ր ա»,- գոռացել է վարորդը՝ թույլ չտալով բարձրանալ մեքենա:
Հայկ Մարկոսյանի տատը՝ Հասմիկ Սողոմոնյանը Lragir.am-ին պատմում է, թե ինչպես է եղել դեպքը, ասաց, որ նման վերաբերմունքի գրեթե ամեն օր են հանդիպում, խնդրին պետք է գլոբալ լուծում տալ:
Հայկը մոր հետ ամռան ամիսներին Վանաձորից տեղափովում է Երևան՝ մանկական վերականգնողական կենտրոններում բուժում անցնելու համար:
«Մայիս ամսից այդ նույն 12 համար տրանսպորտով միայն իմ թոռնիկին չէ, հաշմանդամություն ունեցող այլ երեխաների ևս ծնողները տանում են վերականգնողական կենտրոններ: Երկու տրանսպորտ ենք փոխում, 12 համարից իջնում ենք, հետո 45 համարով երեխային տեղափոխում Նորք Մարաշ: Խնդիրներ անընդհատ լինում են, վարորդները հոխորտում են, մրթմրթում, ասում են՝ էս ի՞նչ բան ա»,- պատմեց Հասմիկ Սողոմոնյանը:
Հայկը տեղաշարժվում է հաշմանդամության սայլակով, բայց հարազատները, հաշվի առնելով տիրող մթնոլորտը, սայլակը երբեք հասարակական տրանսպորտ չեն բարձրացնում, մտածում են, որ վարորդը սայլակի փոխարեն ուղևոր կվերցնի, չեն ուզում նեղություն տալ:
Հասմիկ Սողոմոնյանն ասաց, որ երեխային սայլակով մոտեցնում են կանգառ, հետո մայրը երեխային գրկած նստում է երթուղային տաքսի, տուն գալիս դարձյալ երեխայի պապը սայլակը մոտեցնում է կանգառ:
«Այդ օրը աղջիկս ձեռքը մեկնեց, որ բացի երթուղայինի դուռը, վարորդը մտածելով, որ հաջորդ քայլը երևի սայլակը երթուղային բարձրացնելն է, աղջիկս ձեռքը երթուղայինին կպած քշեց՝ գոռալով՝ ի՞նչ ա, էս ձեր համար բեռնատա՞ր ա: Ամուսինս հասցրել է գոռալ՝ թուրք, բայց վարորդը քշել ու հեռացել է»,- պատմեց Հասմիկ Սողոմոնյանը:
Նա նշում է, որ հայ հասարակությունն անհանդուրժող է հաշմանդամություն ունեցողների նկատմամբ, այնպես է նայում նման երեխաներին, կարծես նրանք լուսնից են իջել: Եվ չնայած դրան, նա ասաց, որ հասարակական տրանսպորտում միայն վարորդների կողմից է նկատել դժգոհություն, ուղևորները բարյացակամ են:
«Մենք մեծ խնդիր ունենք, դա անլուծելի խնդիր է: Մենք շրջապատում շատ ունենք նման երեխաներ, ես կարող եմ անուններ թվարկել, որ մարդիկ եսիմ ինչքան պարտքերի տակ են ընկնում, որ վերականգնողական կետրոններ գնալիս երեխային տաքսիներով տեղափոխեն, երթուղային տաքսի չնստեն”,- ասաց տիկին Հասմիկը:
Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում գործում է համանդամություն ունեցող անձանց հարմարեցված 25 հասարակական տրանսպորտ, դրանք ավտոբուսներ են: Եթե արտերկրում կանգառին մոտեցող նման ավտոբուսների վարորդները, անկախ նրանից, կանգառում հաշմանդամություն ունեցող անձ կա, թե ոչ, բացում են տրանսպորտ բարձրանալու ուղին, ապա Երևանում նման դեպքի ականատես չենք լինում:
Վերջին երկու օրերին այս խնդիրը բարձրաձայնելուց հետո Երևանի քաղաքապետարանից կամ այլ պատկան մարմիններից որևէ մեկը չի կապվել այս ընտանիքին, որևէ պատասխան չեն տվել նրանց: Դեպքի օրը տիկին Հասմիկը դիմել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, ասել են՝ կլուծենք վարորդի հարցը: «Բայց այդտեղ միայն վարորդի հարցը չէ, մենք ընդհանուր խնդիր ունենք, դա պետք է լուծեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Վանաձորում, որտեղ բնակվում է Հայկ Մարկոսյանը, հաշմանդամություն ունեցողների համար մատչելիությունն ապահովվո՞ւմ է, Հասմիկ Սողոմանյանը պատասխանեց. «Վանաձորում անգամ ճանապարհ չկա, որ մարդիկ սայլակով տեղաշարժվեն»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing