good-banner
Լրահոս

Վաշինգտոնում զգում են ղարաբաղյան պայթյունի վտանգը

 

Չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին երկու համանախագահները հանդես են եկել ուշագրավ դիտարկումներով: Եթե ներկայիս ամերիկացի համանախագահը ի պաշտոնե փոքր-ինչ սահմանափակված է և առավելագույնս օգտվում է դրանից, ապա նախկիններն ավելի ազատ են:

Միջազգային միջնորդներին անհրաժեշտ է օգնել ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը, «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը. «Անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաև բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին»:

Գնահատելով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր չեն խնայում, որպեսզի օգնեն կողմերին հարգել հրադադարը և խուսափել զոհերից. «Ես հույս ունեմ, նախագահները կհամաձայնեն հանդիպել և բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմերի միջև քննարկման հնարավորություններ կստեղծեն»:

Նախկին դիվանագետը, իսկ այսօր՝ Վաշինգտոնում ռուսական խոշորագույն իրավաբանական ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել նաև իր դիվանագիտական աշխատանքից: Դեսպան Ուորլիքի խոսքով, մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները. «Ապրիլին մենք տեսանք մեծաքանակ զոհեր և նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել»:

Չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները, ամերիկացի նախկին համանախագահի գնահատականը կարելի է կրկին չեզոք, կամ բալանսավորված համարել, բայց պարզ է, որ Ադրբեջանը միայնակ պատասխանատու ոչ ապրիլյան քառօրյան սանձազերծելու: Ադրբեջանը պատասխանատվություն չի կրել ոչ էլ պատերազմի ընթացքում կատարած վայրագությունների համար:

Սա է, թերևս, ակնարկել Ուորլիքը` ցույց տալով, թե որտեղ կա աշխատելու բաց:

Փոքր ռազմական գործողությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների

ԱՄՆ միջազգային հարցերով խորհրդի (Council on Foreign Relations) անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին մեկ այլ համանախագահ, դիվանագիտության ու հակամարտությունների կարգավորման հարցերով Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Կավանոն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով զեկույց, ներկայացնում է Tert.am-ը:

«Հակամարտության վերսկսման դեպքում Հայաստանում և Ադրբեջանում, միգուցե նաև հարևան պետություններում, կարող է քաղաքացիական անհանգստության ալիք կամ մարդասիրական ճգնաժամ սկսվել: Բացի այդ, հակամարտության մեջ կարող են ներքաշվել այլ պետություններ, օրինակ` Ռուսաստանը»,-գրում է Կավանոն՝ ընդգծելով, որ հակամարտությունը կարող է վերսկսվել չկանխամտածված ռազմական գործողությունների կամ կանխամտածված սադրանքի հետևանքով: Դիտարկելով առաջին տարբերակի հավանականությունը՝ հեղինակը նշում է, որ թեպետ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 1994թ. ի վեր պարբերաբար կրակ է բացվում, այնուհանդերձ՝ ապրիլյան բախումներից հետո դեպքերի դինամիկան ու լարվածության չափն էականորեն փոխվել են դեպի վատը:

Ըստ Կավանոյի՝ այժմ անհամեմատ ավելի մեծ է հավանականությունը, որ փոքր ռազմական գործողությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների:

Ադրբեջանը կդիմի սադրիչ գործողությունների

Երկրորդ տարբերակի դիտարկման դեպքում Կավանոն նշում է, որ առավել հավանական է, որ հակամարտող կողմերից հենց Ադրբեջանը կդիմի սադրիչ գործողությունների, կօգտագործի ռազմական ուժն ու կփորձի փոխել ԼՂ-ի՝ իր համար անընդունելի ստատուս քվոն: Այս համատեքստում հեղինակը կարևոր է համարում նշել, որ անցած տասը տարվա ընթացքում Բաքուն գնել է 22 մլրդ դոլարի զենք:

Ըստ զեկույցի հեղինակի՝ Ադրբեջանի կառավարությունը կարող է փոքր մասշտաբի ռազմական գործողություն կազմակերպել, որպեսզի շեղի սեփական ժողովրդի ուշադրությունը տնտեսական ծանր վիճակից.  ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ տվյալ մարտավարությունը բավական արդյունավետ է: «Նախագահ Իլհամ Ալիևին քննադատում էին ընդդիմությանը լռեցնելու, ակտիվիստներին կալանավորելու, մամուլի ազատությանը խոչընդոտելու համար: Այս ամենին զուգահեռ՝ երկրում արձանագրվել էր տնտեսության անկում, ինչի հետևանքով էլ 2016թ. սկզբին երկրում բողոքի մեծ ալիք բարձրացավ: Սակայն հակամարտության վերսկսումից հետո ներքին խնդիրները մղվեցին 2-րդ պլան»,-շարունակում է հեղինակը՝ նկատելով, որ այժմ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տիրում է նույն անկումային վիճակը, որը, միգուցե, կրկին փորձ կարվի «շտկել» շփման գծում նոր ռազմական գործողությունների միջոցով:

Պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին

Անդրադառնալով «արտաքին խաղացողներին»՝ Կավանոն նշում է, որ պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին: Եվ չնայած, որ Ռուսաստանը զենք է վաճառում հակամարտող 2 կողմին էլ, այնուհանդերձ՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը կարող է զինված հակամարտության մեջ մտնել Ադրբեջանին պաշտպանող Թուրքիայի հետ: Բացի այդ, կարող է ներքաշվել նաև հարևան Իրանը:

Կավանոն հակամարտության վերսկսման համար ամենաճշգրիտ ցուցիչը սահմանային միջադեպերի, կրակահերթերի ինտենսիվացումն է համարում: «Հայաստանը կհատի կարմիր գիծը, եթե որոշի ճանաչել ԼՂ անկախությունը, ինչից հետո Ադրբեջանը կհրաժարվի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից ու պատերազմ կսկսի: Այնուհանդերձ՝ կա մի զսպիչ հանգամանք, որը թույլ չի տա Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմ սկսել: Պատճառը Հայաստանի սպառնալիքներն են խոցել Ադրբեջանի էներգետիկ հատվածը: Այժմ Հայաստանն ունի ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերը, որոնք թույլ կտան խոցել Ադրբեջանի տարածքում գտնվող ռազմավարական օբյեկտները»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ դեպքերի նման զարգացումը դրդեց Ադրբեջանին Իսրայելից ձեռք բերել «Երկաթե գմբեթ» գերժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգը:

ԼՂ հակամարտության համատեքստում անդրադառնալով Միացյալ Նահանգներին՝ Կավանոն նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը հավելյալ բարդություններ կառաջացնի Վաշինգտոնի համար՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններում: «Եվ, ի վերջո, սա առաջին հակամարտությունն է, որը կարգավորելու առաքելությունը ստանձնել է ԵԱՀԿ-ն: Ուստի՝ ձախողման դեպքում այս կառույցի վարկանիշը զգալի կընկնի: Բացի այդ, դա վատ կանդրադառնա ԱՄՆ արտաքին քաղաքականության հեղինակության վրա, քանի որ Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է ու տարիներ շարունակ ջանքեր է գործադրում հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Թեպետ Միացյալ Նահանգները չի կարող կանխել հակամարտության վերսկսումը, այնուհանդերձ՝ այն, օգտագործելով տարատեսակ դիվանագիտական նախաձեռնություններ, կարող է ճնշում գործադրել կողմերի վրա ու ստիպել նրանց վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,-շարունակել է Կավանոն:

ԼՂ հակամարտության վերսկսումը և լուրջ մարտահրավեր է, և հնարավորություն`Թրամփի համար

Հակամարտության սրացումը կանխելու համար Կավանոն առաջարկում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ: Նրա կարծիքով՝ նման միջոցառումներից մեկը կարող է լինել հակամարտության կարգավորման միջնորդությունը ԵԱՀԿ-ից ՄԱԿ-ին հանձնելը։ Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է հայտնել, որ դուրս է գալիս Մինսկի խմբից, ինչը կխախտի հավասարակշռությունը ու կստիպի, որ կողմերը կշռադատեն իրենց քայլերը։ ԱՄՆ-ն կարող է նաև ակտիվացնել Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Կավանոն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ընդունել բանաձև, որը կդատապարտեր ցանկացած խոշոր ռազմական գործողություն, հրապարակայնորեն կանվաներ սադրիչ կողմին, կդատապարտեր նրան ու կդադարեցներ տնտեսական աջակցությունը, պատժամիջոցներ կսահմաներ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը մի կողմից լուրջ մարտահրավեր է, իսկ մյուս կողմից էլ՝ հնարավորություն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է հաջող համագործակցության նոր հարթակ լինել Վաշինգտոնի և Մոսկվայի համար:

Կավանոյի կարծիքով՝ ԼՂ հակամարտության համատեքստում ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը չպետք է նույնքան խնդրահարույց լինի, որքան Ուկրաինայի և Սիրիայի հարցերում: Զեկույցի հեղինակը ենթադրում է, որ սահմանային նոր բախումները կանխելու համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետախուզությունները պետք է համագործակցեն, փոխանակվեն տեղեկություններով: «Թրամփի վարչակազմը պետք է աչալուրջ հետևի ԼՂ հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններին ու արագ գործի դնի համապատասխան միջոցներ՝ սահմանային բռնությունները, ռազմական գործողությունների վերսկսումն ու հակամարտության խաղաղ կարգավորումը վտանգի տակ դնող գործողությունները կանխելու համար»,-եզրափակում է հեղինակը:

Մետաքսյա Շալունց

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing