good-banner
Լրահոս

Վատ պարողի հավկիթները

 

4888878

1in.am — Համեմատաբար նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հաճախ է հայտարարում, որ խորհրդարանական ընտրությունների մոտալուտ լինելն ու դրանով պայմանավորված առաջիկա ամիսների նախընտրական բնույթը խանգարում է իրենց կառավարությանը, քանի որ ներդրողները զգուշավոր են այդ շրջանում և սպասում են ընտրությունների արդյունքներին: Տեսականում նա իհարկե իրավացի է, սակայն գործնականում իրավիճակը բոլորովին այլ է և նախընտրական շրջանը Կարեն Կարապետյանի կառավարության համար ոչ թե խնդիր է, այլ երևի թե պատեհություն արդարացման համար: Բանն այն է, որ Հայաստանում իրավիճակը, ներդրումային դաշտը, գրավչությունը, մեղմ ասած՝ հեռու են այն իրականությունից, երբ կարող ենք պատկերացնել, թե ընտրություններ չլինելու դեպքում ներդրողները հերթ էին կանգնելու Հայաստանի դռանը:

Ավելին, Հայաստանի ներդրումային վարկը, թե՛ տնտեսական, թե՛ կոռուպցիոն, թե՛ քաղաքական մի շարք պատճառների, սխալների, բացթողումների հետևանքով վերջին տարիներին այնպես և այնքան է ընկել աշխարհում, որ այն վերականգնելու համար կամ հեղափոխական փոփոխություններ են պետք` ինչպես օրինակ Վրաստանում, կամ էլ պետք է տարիների աշխատանք:

Եվ ուրեմն, ընտրական շրջանի փաստարկը այս դեպքում ավելի շատ տեսական փաստարկ է, որը գործնական առումով Հայաստանի իրականության հետ չունի էական առնչություն: Փոխարենը, այդ տեսական փաստարկը բերելով, Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը կարող են քարոզչական դաշտում իրենց համար ապահովել բավականին հարմար ալիբի:

Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն առայժմ իր գործունեության հիմնական մասը կենտրոնացրել է հենց այստեղ: Որևէ կասկած չկա, որ քարոզչական դաշտը չափազանց կարևոր է, թեկուզ և հանրային դրական սպասումներ առաջացնելու համար: Բայց անկասկած է նաև այն, որ դրա կողքին պետք է լինեն նաև շատ կոնկրետ գործեր: Առայժմ այդ գործերը պետական ծախսերի կրճատումներն են, ընդ որում այնպիսի ծախսեր, որոնք կարծեք թե որևէ կերպ չեն շոշափում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հարմարավետությունը: Երբ խոսքը վերաբերում է արդեն հենց այս ասպեկտիբն՝ պարզվում է, որ ամեն ինչ կախված է երկարաշունչ և երկարատև օրենսդրական փոփոխություններից, նախաձեռնություններից և այլն:
Այսինքն, փոփոխությունները առարկայական են, երբ խոսքը ընդամենը չինովնիկական աշխատավարձով ապրող մարդկանց մասին է, նրանց կրճատելու մասին, իսկ երբ բանը հասնում է արդեն ավելի բարձր աստիճաններում կանգնածների համար փոփոխություններին՝ պարզվում է, որ դրա համար ժամանակ է պետք: Ահա այս իմաստով, նախընտրական հղումները ըստ էության ավելի շատ հիշեցնում են հենց խաղ ժամանակի վրա և արդարացում, քան սեփական գործունեության արդյունքներին խոչընդոտող իրական հանգամանք: Իրական խոչընդոտները թաքցվում են նախընտրական այդ փաստարկի ներքո: Խնդիրը այն է, որ մինչ Հայաստանը ներդրողների համար գրավիչ դարձնելը, հարկավոր են համակարգային մի շարք առանցքային փոփոխություններ, որոնք կներառեն հենց Հայաստանի տնտեսությունը սարդոստայնի նման պատած «էլիտայի» շահերի առարկայական սահմանափակում:

Եվ ուրեմն, մինչ ներդրողների սպասելը, նոր կառավարությունն ունի մի շարք կարևոր անելիքներ, որոնք էլ հենց հնարավոր է անել նախընտրական շրջանում: Դրանից միայն հենց իշխանության կապիտալը կարող էր բարձրանալ` ոչ միայն ներդրողների, այլ նաև հասարակության շրջանում: Սակայն, նախընտրական շրջանում այդ քայլերը, մեղմ ասած՝ հազիվ թե արվեն «էլիտային» չնեղացնելու համար, որովհետև վերջին հաշվով դրանից է կախված ընտրությունների արդյունքը իշխանության համար:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing