Վազգեն Մանուկյանի անպարկեշտ առաջարկը. Սերժ Սարգսյանն էլ ասում էր, թե իդիոտություն ասողն ինքն է իդիոտ

45

Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանն իր գնահատականն է տվել ստեղծված ներքին իրավիճակին ու մատնացույց արել հանգուցալուծման իր տարբերակը: Վազգեն Մանուկյանն օրիգինալ չէ, քանի որ նա եւս համարում է, ինչպես ներկայում սկսել են համարել մի շարք փորձագետներ կամ քաղաքագետներ, որ քաղաքական ամայացած դաշտում ընտրություն անելը լավ չէ եւ պետք է կայացնել քաղաքական դաշտը, հետո նոր անել ընտրություն:

Վազգեն Մանուկյանն առաջարկում է ընդունել Կուսակցությունների մասին նոր օրենք, ընդհուպ դրանց համար պետական ֆինանսավորումով, հետո Ընտրական նոր օրենսգիրք, այնպիսի չափանիշներով, որը կապահովի տեղական ու համապետական շահերի առկայություն խորհրդարանում, հետո նոր անցկացնել ընտրություն:

Լավ է շարադրված, ինչպես կասեր Իլֆի եւ Պետրովի հերոսներից մեկը, պարզապես օրինակ հարցն այն է, թե ի՞նչ սկզբունքով պետք է պետականորեն կայացնել քաղաքական դաշտը՝ ընդհուպ ֆինանսավորելով կուսակցություններին, ու հետո ովքե՞ր պետք է որոշեն, որ այն կայացած է եւ կարելի է անցկացնել ընտրություն:

Այն, որ Հայաստանում քաղաքական իմաստով չկա կուսակցություն, այն, որ Հայաստանում չկա քաղաքական դաշտ, իհարկե նորություն չէ, եւ այստեղ Մանուկյանի կամ այդ մասին խոսող փորձագետների ու քաղաքագետների հետ վիճելն իմաստ չունի:

Բայց ի՞նչ է փոխվելու ընտրություն չանելով: Կամ քանի՞ տարի Հայաստանում չպետք է լինի ընտրություն, որպեսզի հնարավոր լինի քաղաքական համակարգ կայացնել եւ հասցնել այսպես ասած դասական չափանիշներին: Կամ ո՞րն է այդ չափանիշը, կա՞ դրա մաթեմատիկական բանաձեւ կամ սահմանում, թե՞ ճաշակի հարց է:

Ճաշակի, կամ պատվերի:

Կամ, ներկայիս խորհրդարանը քաղաքական դասական կանոնների համաձա՞յն է ձեւավորվել, որ պետք է կանգ առնել դրա վրա, թողնելով ռեալ իշխանությունը, առաջնային մանդատը ուժերի ձեռքին, որոնք բավական չէ չունեն դասական քաղաքական բնութագիր, դեռ մի բան էլ մեծամասնություն են ստացել բացառապես փողի եւ թաղային, քրեական մեխանիզմների գործադրմամբ:

Վազգեն Մանուկյանն այժմ առաջարկում է կանգ առնել դրա վրա, այսպես ասած հենվել այդ խորհրդարանի վրա եւ պետականորեն քաղաքական դաշտ կայացնել: Այլ կերպ ասած, առաջարկվում է պետական փողերի մի նոր սեւ խոռոչ, որովհետեւ հարց է առաջանում, օրինակ, թե ինչ պետք է լինի, եթե պետության փողով ֆինանսավորվի քաղաքական դաշտի կայացում, կուսակցությունների ֆինանսավորում իրականացվի՝ չափանիշները դեռ մի կողմ, ու հանկարծ մեկ կամ երկու տարի հետո պարզվի, որ փողը գնացել է, իսկ քաղաքական մակարդակը չի բարձրացել, համենայն դեպս այնքան, ինչքան պետք է կամ ինչքանն անվիճելի է:

Նույն Վազգեն Մանուկյանը 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ հայտարարում էր, թե այս պայմաններում ազատ կամ արդար ընտրության մասին խոսողն իդիոտ է: Իսկ այդպիսի ընտրության մասին Սերժ Սարգսյանն էր խոսում, ասելով, որ լավագույնն են լինելու մինչ այդ եղածներից: Սերժ Սարգսյանն էլ ի պատասխան ասում էր, թե իդիոտություն ասողն ինքն է իդիոտ:

Հետո Սերժ Սարգսյանը մեդալ եւ աշխատանք տվեց Վազգեն Մանուկյանին, եւ դա իհարկե նրանց երկուսի գործն է, բայց դա ամենեւին իրավունք չի տալիս որեւէ մեկին հանրությանը դնել իդիոտի տեղ ու անել ընտրությունից հրաժարվելու անպարկեշտ առաջարկ, ձգտելով զանազան «հնարամտություններով» երկարաձգել ներկայիս խորհրդարանի գոյությունը:

Հայաստանի քաղաքական դաշտն անշուշտ ունի արդիականացման, իսկ ավելի ճիշտ՝ ուղղակի գրեթե զրոյից ձեւավորման անհրաժեշտություն: Բայց դրա համար էլ պետք է հենց սկսել ընտրություն անցկացնելուց, ընտրական համակարգ ձեւավորելուց՝ ընտրության մեխանիզմ, որը կտա ընտրողի հոգեբանությամբ եւ մտածողությամբ քաղաքացի ունենալու հնարավորություն, ինչն էլ կլինի քաղաքական ուժ ունենալու նախադրյալ: Որովհետեւ այդպիսի քաղաքացին սկսելու է բոլորովին այլ պահանջներ ներկայացնել քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնող որեւէ ուժի, եւ հենց այդ պահանջներն են, որ ստիպելու են առեւտրականներին հեռանալ եւ ճանապարհ են բացելու քաղաքականների առաջ:

Ավելին, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ սկսվել է պայքար ընտրության դեմ:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache