Լրահոս

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

 

Ծառուկ Սարգսյան

Ստեղծվել է գողական դառնալու արդյունավետ մեխանիզմ

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Նա դուրս է եկել կալանավայրից և լրագրողի հետ առաջին իսկ շփման ընթացքում ասել է. «Ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն՝ չէ»: Չկարևորելով, թե ինչ համատեքստում է հնչել այդ միտքը, նշենք, որ այն նորմալ է բոլոր նորմալ մարդկանց համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից և կարգավիճակից: Սակայն Խաչիկյանն իր արտահայտած միտքը կապում է բերդի հետ՝ դրանով մատնանշելով այն հանգամանքը, որ ինքը բերդում ստացել է կարգավիճակ, որը դարձել է նրա կյանքի ձևաչափը՝ նա գողական է դարձել:

Ավելի քան 1,5 տարի առաջ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, այդ թվում նաև մեր կայքը, բացահայտել էին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների կյանքի նախընտրելի ձևաչափը գողականն է: Խնդիրն այն էր, որ նախարարության աշխատակիցները, մոռանալով իրենց վրա հարկատուներիս կողմից դրված պարտականությունների մասին, տարատեսակ կալանավայրերում անցկացնելը նախընտրում էին աշխատանքային ժամերից: Անգամ լինում էր, որ նախարարության մի ամբողջ ստորաբաժանում, լրիվ կազմով՝ աշխատավայրը թողած, գնում էր քրեակատարողական հիմնարկներ, իսկ սոցիալական օգնության և պաշտպանության կարիք ունեցող մեր հայրենակիցները սպասում էին, թե երբ են իրենց և ՀՀ մյուս հարկատուների հաշվին ապրող աշխատակիցները ժամանելու իրենց աշխատավայր: Թե ինչով էին զբաղված նախարարության աշխատակիցներն այն ժամանակ` անհայտ էր: Այդ իսկ պատճառով, չունենալով նրանց՝ կալանավայրերում գտնվելու իրական պատճառների մասին հստակ պատկերացում, մենք փորձեցինք հանրությանը ներկայացնել մի քանի վարկած: Օրինակ, նախարարության աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց կարգավիճակը, մեր պետությունը գործուղում է կալանավորների մոտ՝ տարատեսակ ծառայություններ մատուցելու համար, կամ էլ քաղծառայողները զանգվածաբար որոշել են գողական դառնալ: Մեր կարծիքով, այստեղ կարող են գործել երկու տարբերակն էլ: Ժողովրդի աչքերում քաղծառայողներն այնքան փչացած են, որ կալանավորների կողմից նրանց՝ ծառայություններ մատուցելու հետևանքով փչացվելու հանգամանքն այդքան էլ չի նկատվի: Մյուս կողմից, մեր դիտարկմամբ, նախարարության աշխատակիցներն, այնուամենայնիվ, կարդացած լինելով «Գողականի մասին» ՀՀ օրենքի մեր նախագիծը, չէին կարող չհասկանալ, որ իրենք չեն կարող գողական լինել հենց փչացած լինելու պատճառով: Գիտակցելով այդ՝ նրանք որոշել են շրջանցել օրենքը և կալանավայրերում ծանոթ-բարեկամ փնտրելով անօրինական ճանապարհով գողական դառնալ: Այսինքն, մեր կարծիքով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, այնուամենայնիվ, նախընտրում էին գողական կյանքը, քանզի զգացել էին, որ մեր երկրում արդար ապրելը գրեթե անհնար է: Միգուցե նաև այդպես է: Մենք դրա գնահատականը չենք տալիս: Մենք միայն փաստն ենք արձանագրում:

Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց կալանավայրեր այցելող աշխատակիցներից ոմանք, ավելի շուտ՝ դրանց առաջադեմ թևը, հայտնվեցին կալանավայրում, սակայն այս անգամ ոչ իրենց կամքով: Օրերից մի օր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը: Ի դեպ, հենց նրանք էին նախարարության կալանավայրասեր այն ստորաբաժանման ղեկավարները, որոնց մասին գրում էր հայաստանյան մամուլը: Դե ինչ, կատարվեց նրանց երազանքը, և նրանք իրական շանսեր ստացան գողական դառնալու համար, մանավանդ որ արդեն ունենք նախադեպ Վազգեն Խաչիկյանի օրինակով: Այսինքն՝ մեր երկրում սկսեց գործել մի մեխանիզմ, որով պետական պաշտոնյան գողական է դառնում: Ավելին, այդ մեխանիզմը կյանքի կոչելով՝ գողական կարգավիճակ ստանալու հավակնորդը պետք է սկզբում դիտորդի կարգավիճակով մասնակցի կալանավայրի անցուդարձին, թալանի պետական ունեցվածքը, որից հետո արդեն լիիրավ իրավունքներով ներգրավվի կալանավայրի կյանքին, ներում խնդրի նախագահից և բերդից դուրս գա գողական գաղափարներով տոգորված: Այս պարզ մեխանիզմը ստեղծվել է հայաստանյան սոցիալական ապահովության ոլորտի մասնագետների ջանքերով: Առայժմ այդ մեխանիզմի իրագործողը և, հետևաբար, առաջամարտիկը Վազգեն Խաչիկյանն է, սակայն շատ շուտով այն կիրագործեն սոցիալական ապահովության ոլորտի այն աշխատակիցները, որոնց մենք ներկայացրինք: Եվ ո՞վ գիտե, միգուցե հենց հիմա Արմեն Սողոյանը և Արամ Պետրոսյանն արդեն նախագահին ներման դիմում են գրում:

Ինչևէ: Ակնհայտ է, որ գողական կարգավիճակ ձեռք բերելու մեխանիզմն արդեն միայն սոցիալական ոլորտի պաշտոնյաների արտոնությունը չէ: Նրանց թեթև ձեռքով գողական կսկսեն դառնալ հայաստանյան բոլոր ոլորտների պաշտոնյաները, և կիրականանա մեր կանխատեսումն առ այն, որ օրերից մի օր Հայաստանը կդառնա աշխարհում միակ գողական պետությունն՝ իր բոլոր ատրիբուտներով և ամենակարևորը՝ «Գողականի մասին» ՀՀ օրենքով: Դրա բոլոր նախապայմաններն արդեն առկա են:

Հետգրություն

Ի դեպ, Վազգեն Խաչիկյանն իր հայտնի «հա»-ին և «չէ»-ին վերաբերող մտքերին վերջում հավելել է՝ լրագրողին հասկացնելով, որ բերդից բացի «հա»-ն հա է իսկ «չէ»-ն չէ է նաև եկեղեցում: Դե, իսկ մեզ մնում է փաստել, որ Խաչիկյանը շատ ընդունակ է և լավ ուսումնասիրել է մեր կայքում հրապարակած «Գողականի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի 6-րդ հոդվածով նախատեսվում է ի պաշտոնե օրենքով գողի կարգավիճակ տալ նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Աղբյուր` shame.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am