Լրահոս

Վերադարձնելով Լֆիկ Սամոյի լուսանկարը. Վարչապետը պարտվե՞ց

 

ԶԼՄ-ները նկատել են, որ կառավարության կայքից հեռացվել են այն լուսանկարները, որոնցում ԱԺ փառապանծ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ուղեկցում է վարչապետ Կարեն Կարապետյանին իրեն պատկանող տեքստիլ ձեռնարկություն այցի ժամանակ: Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության կայքում նման պոստֆակտում խմբագրումներ են կատարվում, սակայն այս մեկն ուշագրավ է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ֆոնին:
Այսօր Ազգային ժողովը քննարկելու է կառավարության ծրագիրը, որը ոչ մի կապ չունի այն նպատակների ու խնդիրների հետ, որոնք հռչակել էր Կարեն Կարապետյանը վարչապետության սկզբում: Դրանցից մեկը «հավելյալ արժեք» ստեղծելն էր, որը նշանակում էր քրեա-օլիգարխիային զուգահեռ նոր՝ նոմենկլատուրային օլիգարխիայի տնտեսության ձեւավորումը:
Կառավարության ծրագրում դրված նպատակներն ու խնդիրները ենթադրում են ներկայիս համակարգի պահպանումը եւ «հավելյալ արժեքի» բացառումը, ինչը նշանակում է, որ կոսմետիկ փոփոխություններով պահպանվելու է քրեա-օլիգարխիայի տնտեսա-քաղաքական մոդելը, իսկ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով էլ հայտարարվելու է քրեա-օլիգարխիայի կապիտալի համաներում ու լեգալացում:
ՀՀԿ պատասխանատուները վերջին շրջանում հայտարարում են, որ կառավարությունը ՀՀԿ-ինն է, ՀՀԿ ու կառավարության ղեկավարն էլ Սերժ Սարգսյանն է, եւ պետք չէ Կարեն Կարապետյանին առանձնացնել ՀՀԿ-ից: Նրանք նշում են նաեւ, որ կառավարության ծրագիրն էլ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, ինչը նշանակում է, որ դա ծրագիր է Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի համատեքստում: Սրանով ամեն ինչ ասված է:
Կարեն Կարապետյանը վերջին շրջանում մռայլադեմ է դարձել, նկատել են լրագրողները: Եթե նա անկեղծ է եղել իր հռչակած նպատակների մեջ, ապա այդ մռայլությունը հասկանալի է: Մյուս կողմից, արդյոք նա իսկապես համոզված է եղել, որ հնարավոր է այդ նպատակներն իրագործել առանց քաղաքականությամբ զբաղվելու եւ քրեա-օլիգարխիայի դեմ քայլեր կատարելու: Ըստ էության, զուգահեռ տնտեսությունը դրա մեթոդներից մեկն է, որը սակայն քրեա-օլիգարխիան թույլ չէր տալու:
Հայկական քրեա-օլիգարխիան այնպիսի երեւույթ է, որ հանուն իր փողի ու դիրքերի ոչ միայն թույլ չի տա որեւէ «հավելյալ արժեքի» ստեղծումը, այլեւ կվաճառի ամեն ինչ, այդ թվում հայրենիքը, ինչն էլ արել է:
Սամվել Ալեքսանյանն այդ համակարգի խորհրդանիշն է, եւ նրա լուսանկարը կառավարության կայքից հեռացնելը վարչապետի առաջին ու գուցե վերջին քաղաքական քայլն է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing