Լրահոս

Վերեւ Աստված, ներքեւ` Կարեն Կարապետյան. Մոսկվան ճնշում է

 

Չնայած ամառային տապին, հայաստանյան ներքաղաքական դաշտում կարծես թե արձակուրդային նախապատրաստություններ տեղի չեն ունենում: Ավելին, նույնիսկ տրամադրություններն էլ արձակուրդային չեն: Նույնիսկ հակառակը, եղանակային ջերմային ֆոնի սաստկացման հետ համընթաց սկսում է թեժանալ նաեւ ներքաղաքական կյանքը: Թերեւս այս մասին վկայում են վերջին գոնե մեկ-մեկուկես ամսվա իրադարձություններն ու զարգացումները, որոնք տեղի ունեցան Երևանում կամ դրսում, սակայն առնչվեցին Երևանին: Առհասարակ, եթե անկեղծ լինենք, համապետական պառլամենտական ընտրություններից հետո վրա հասած տարօրինակ լռությունը եւ անդորրը անակնկալի բերեց ոչ միայն հայաստանյան հասարակությանը, այլեւ դրսի շրջանակներին:

Իհարկե իշխանություններն այդ անդորրն ու լռությունը բացատրեցին իրենց մոտեցմամբ, տեղի վերլուծական շրջանակներն էլ ներկայացրեցին իրենց տեսակետները, սակայն քննարկումներում եւ ասպարեզ բերված հրապարակումներում ամեն դեպքում զարմանքն ու անսպասելիությունը պահպանվեց, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանում պառլամենտական կամ նախագահական ընտրությունները գոնե վերջին նախադեպերը հաշվի առնելիս այդպես խաղաղ չեն ընթացել, ուր մնաց, թե այս ընտրությունները, որոնք որոշ շրջանակներ որակեցին որպես Հայաստանի չորրորդ Հանրապետության հիմնարկեքի ընտրություններ: Սակայն այդ անդորրի եւ լռության շրջանը տեւեց բավականին կարճ եւ ավարտվեց գրեթե օրեր առաջ, երբ դատարանի մեկուսարանում, ըստ հրապարակումների, ծեծի ենթարկվեցին “Սասնա ծռեր” խմբավորման անդամները:

Սա, ինչպես ամենայն իրավամբ կարծում են հայաստանյան մի շարք վերլուծաբաններ, բավական լուրջ խմորման սկիզբ կարող է դառնալ եւ ամենևին էլ բացառված չէ, որ առաջիկայում կրկնվի ՊՊԾ-ի հայտնի դեպքերին համանման գործողություններ նաև այս տարի կամ նույնիսկ հաջորդ տարեսկզբին: Բավական ուշագրավ էր ծեծի դեպքը, որը ժամանակագրորեն գրեթե համընկավ ռուսական “Գազպրոմի” ղեկավար Ալեքսեյ Միլերի` Հայաստան կատարած այցի, ինչպես նաեւ Երեւան Բրյուսել հարաբերությունների լարվածության հետ, որտեղ միջանկյալ կերպով պետք է դիտարկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «ոտաց վրա» այցը Բրյուսել, որը պաշտոնապես հայտարարվեց որպես ԵԺԿ ինչ-որ համաժողովի մասնակցության համար տեղի ուենցած այց:

Նույն համապատկերի վրա, այս բոլոր իրադարձություններն ու զարգացումները դնելիս` պարզ երեւում է որոշակի տրամաբանական կապ նույն շղթայի բոլոր օղակների միջեւ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների լարումը եւ դրան հետեւած իշխանությունների ներկայացուցիչների` մեղմ ասած անհեռատես ու սխալ հայտարարությունները, ստիպեցին նախագահ Սարգսյանին մեկնել Բրյուսել եւ անձամբ հարթել կամ գոնե մեղմել լարվածությունն ու հնարավոր հետեւանքները, ինչը կարող էր նշանակել ԵՄ-ից Հայաստանին եկող ֆինանսական հոսքի դադարեցում, ինչը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ստեղծված իշխանական բուրգի ապագայի համար:

Սերժ Սարգսյանը ստիպված էր հանուն իր եւ իր թիմի իշխանության ղեկին մնալու հեռանկարի կուլ տալ Բրյուսելյան «եվրա-կսմթումներ»: Հասկանալի է, որ այդ վիրավորանքը անհետեւանք չէր կարող մնալ եւ հատկապես ամիսներ հետո Հայաստան ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարում որպես խոչընդոտ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի անդամների ծեծը դատարանի շենքում, որը նաեւ հեռահար կերպով նշանակում էր Արդարադատության նախարար եւ իշխող համակարգի հիմնական դերակատարներից մեկի` Դավիթ Հարությունյանի «նախափչացում» կամ խիստ նկատողություն: Սակայն այդ «նախափչացումը» կարծես թե աննկատ չմնաց Մոսկվայում եւ Երեւան գործուղվեց Պուտինյան վարչակազմի սյուներից՝ Ալեքսեյ Միլերը: ՊՊԾ հայտնի դեպքերը եւ առհասարակ հայաստանյան որեւէ հասարակական բողոքի գործողություն Մոսկվան ընկալում է չափազանց ցավոտ կերպով ու Ուկրաինական Մայդանի ազդեցությամբ աղերսներ է տեսնում Մայդանի եւ ասենք Էլեկտրիկ Երեւանի կամ ՊՊԾ միջեւ:

Ի վերջո, ՊՊԾ-ից հետո էր, որ Հայաստան գործուղվեց Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոննը ստանձնելու համար: Այստեղ կարելի է հասկանալ Կրեմլի անհանգստությունը եւ Միլերի հնարավոր նախազգուշացումը Սերժ Սարգսյանին «խաղեր չտալու» մասով, ինչը կարծես թե հաստատվում է այն իրողությամբ, որ գրեթե նույն ժամանակ նախագահ Սարգսյանը հայտնվում է կառավարությունում եւ անում  «Վերեւ Աստված, ներքեւ` Կարեն Կարապետյան» տրամաբանության եւ ոճի մեջ հայտարարություններ, կարծես հանգստացնելով Կրեմլին, որ ինքը «խաղեր չի տալիս»: Իսկ այդ խաղեր չտալը, գուցե եւ գործնականում նշանակեց Սասնա ծռերի ծեծի հետեւանքների հօդս ցնդեցում կամ գոնե անժամկետ հետաձգում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing