«Վերևների 2500 դոլարը հիմա տուր, իսկ իմ 500 դոլարը հետո կտաս». Տեսեք ինչ է կատարվում

198

Lragir.am-ի հարցերին պատասխանել է Երևանի ավագանու անդամ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը

Տիկին Բախշյան, այս օրերին տարբեր դպրոցների մասին նամակներ են հրապարակվում, որոնք բացահայտում են կրթական հաստատություններում տարիներ շարունակ տիրող իրավիճակը, կոռուպցիոն ռիսկերը: Ծնողները, ուսուցիչները կարծես արդեն չեն վախենում խնդիրները բարձրաձայնելու մասին:

Ես արձանագրում եմ հետևյալը՝ փաստ է, որ դպրոցների մանկավարժները և ծնողները աշխատել են շատ հզոր կուսակցական մամլիչի տակ: Այդ մամլիչը մարդկանց թույլ չի տվել խոսել, իրենք չեն լսել ոչ ծնողներին, ոչ առավել ևս աշակերտներին: Եվ հիմա զսպանակը թռել է, և ջինը դուրս է եկել շշից: Մարդիկ սկսել են հավատալ իրենց ձայնին, որովհետև իրենք բարձրացրեցին իրենց հզոր ձայնը և ուզում են ապրել այն Հայաստանում, որտեղ այսպիսի երևույթներն անհամատեղելի կլինեն իրենց բարեկեցիկ կյանքի հետ: Եվ այս բողոքների մեջ շատ ռացիոնալ հատիկ կա: Դա այն է, որ երբ ծնողը բարձրաձայնում է դպրոցում այն կաշառակերության դեպքերի մասին, որոնց հետևանքով գումարը գնում է տնօրենին, ուսուցչին, սրա անունը դրամահավաք չէ, կաշառք է: Դրամահավաքը կարող է լինել դասագրքերի, թատրոն տանելու համար գումարը, որն անհրաժեշտ է: Այսինքն՝ դպրոցներում դրամահավաք միշտ կա, բայց կաշառք չպետք է լինի: Քանի դեռ իշխանությունն ինքն այս տարբերակումը չի դրել, թե որն է իր համար պատժելի արարք, որը՝ ընդունելի, սա շատ վնասակար կարող է լինել:Եթե ծնողներն իրենց երեխայի վերջին զանգի, հանդեսի, էքսկուրսիա տանելու համար որոշում են գումար հավաքել, դա իրենց գործն է և պարտավոր են դա անել: Իսկ այն գումարները, որոնք ինչ-որ մեկի միջնորդությամբ ու տնօրենի ուղիղ ցուցումով գնում են դեպի իրենց գրպանը, դա պատժելի ու հանցագործ արարք է: Այս երկու երևույթները պետք է տարբերակենք:

Այսինքն՝ նոր նախարարի առաջ նաև այս խնդի՞րն է դրված:

Այո: Նախարարը երեկ անսպասելի գնաց թիվ 189 դպրոց և այնտեղ բացահայտեց, որ 15 հազար դրամ են հավաքում վերջին զանգի համար: Այ հիմա պետք է պարզել, թե այդ 15 հազարի մեջ ինչ է մտնում: Ավարտական երեկոյին ուսուցիչը ծաղկեփունջ վաստակել է, բայց եթե կաշառք է տրվում, դա անընդունելի է: Ես հենց հիմա տեղեկություն ունեմ 186 դպրոցի մասին, որ ատեստատի գնահատականի համար գումար են հավաքել և տվել են տնօրենին: Երեկ այդ տնօրենը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետին տեղեկացնում էր, որ գումարները վերադարձրել է: Բայց ծնողները փաստում են, որ հետ չի վերադարձրել: Յուրաքանչյուր աշակերտից հավաքել են 10 հազար դրամ: Սա հանցագործ արարք է: Սրա համար այս տնօրենը պետք է կանգնի դատարանի առաջ:

Այսինքն՝ այս փուլում նաև բացահայտվում են դեպքեր, որոնց համար կոնկրետ պատիժնե՞ր պետք է լինեն:

Միանշնանակ, այո: Ինձ գրել են այն մասին, որ այսինչ դպրոցի տնօրենն աշխատանքի ընդունելու համար ինչքան գումար է ուզել: Ընդ որում, ասում է՝ 3000 դոլար պետք է տաս, որից 2500 դոլար պետք է վերևներին տամ, 500-ը՝ ինձ: Նույնիսկ խոսակցություն է եղել՝ վերևների փողը հիմա տուր, իսկ իմ 500 դոլարը հետո կտաս, ոչինչ: Ես այդ նամակը ուղարկել եմ Երևանի քաղաքապետին, ասել եմ՝ տեսեք ձեր մասին ինչ են գրում: Ասել եմ՝ եթե այդ կնոջը տեղն ու տեղը չեք ազատում աշխատանքից, ուրեմն ինքը ճիշտ է ասում:

Այս փուլում տեղի ունեցող գործընթացները կբերե՞ն կրթության ոլորտի առողջացմանը:

Այո, կբերեն ոլորտի առողջացմանը: Դպրոցը պետք է ծառայի երեխայի կրթության որակը բարելավելուն, և այն գումարները, որոնք պետությունը հատկացնում է ոլորտին, դա բոլորովին բավարար չէ՝ լավ որակ ապահովելու համար: Ուսուցչի աշխատավարձն այսօր նվաստացուցիչ է, դրա համար էլ ուսուցիչներին ստիպում են այդպիսի քայլերի դիմել: Կառավարությունը պետք է վերանայի այդ քաղաքականությունը, չի կարելի ուսուցչին այդքան նվաստացնել: Նախորդ կառավարության քաղաքականությունը՝ ամեն տարի կրթության գումարները կրճատելը, բերեց հասցրեց այս վիճակին: Եվ սա պետք է վերանայվի:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache