Վերին Գետաշենի գյուղապետը հրաժարական է տվել. նա գյուղի հողերը վաճառել էր Սերժ Սարգսյանի եղբորը՝ չվճարելով գյուղացիներին

314

1in.am — Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը այսօր հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Վերին գետաշենցիները գյուղապետի հրաժարականը պահանջում էին դեռևս հեղափոխության օրերից, գյուղացիները ակցիաներ են անցկացրել գյուղապետարանի մոտ, սակայն Ղուկասյանը դիմադրում էր։ Նա անգամ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ տևական ժամանակ է մեկնել էր Հայաստանից։ Սակայն նրա վերադառնալուց հետո գյուղացիները նորից վերսկսել էին իրենց պահանջով բողոքի ակցիաները։ Վերջին օրերին գյուղացիներն անգամ կողպել էին գյուղապետարանի մուտքը և արգելել նրան մուտք գործել գյուղապետարան: Գյուղացիների խոսքերով՝ գյուղապետը չարաշահումներ է թույլ տվել, յուրացրել է իրենց հողերի վաճառքից գոյացած գումարները:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը հէկ է կառուցել գյուղում, ինչի նպատակով գնել է գյուղի հողատարածքները, սակայն գյուղացիների մի մասը գումարը չի ստացել: Երեկ հէկի ներկայացուցիչը հանդիպել է նրանց ու պնդել, որ գումարները փոխանցել է, մինչդեռ գյուղացիներից շատերը տարիներ շարունակ գումար չեն ստացել: Գյուղապետի հրաժարականից հետո գյուղացիների բողոքի ակցիան Վերին Գետաշենում շարունակվել է, բայց արդեն նախկին նախագահի եղբոր հէկի շահագործման դեմ։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո գյուղապետն ու նրա գործարար եղբայրները՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը, ովքեր տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզում ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքող էին, շտապեցին հայտարարել, որ լքում են ՀՀԿ-ն։ «Տեսնելով հանրապետությունում տիրող իրավիճակը, սրտի ցավ եմ ապրում, որ ՀՀԿ անդամ եմ: Յուրաքանչյուր իրեն հարգող ու իր երկիրը սիրող հայ չի կարող այս ամենի կողքով անտարբեր անցնել, ուստի անհրաժեշտ եմ համարում հրաժարվել ՀՀԿ անդամությունից ու կանգնել իմ ժողովրդի կողքին, ես նրանցից մեկն եմ»,- մայիսի 2-ին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը, որը, ինչպես արդեն նշեցինք, այսօր հրաժարական տված Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի եղբայրն է։ «Այն ժամանակ ես անդամակցել եմ ՀՀԿ-ին, քանի որ կար նժդեհյան գաղափարախոսություն, կար Անդրանիկ Մարգարյան, կուսակցությունը քիչ թե շատ մտածում էր ժողովրդի մասին։ Բայց վերջին 10 տարվա մեջ էս կուսակցությունը մի օր ժողովրդի մասին չմտածեց։ Բացարձակ գաղափարախոսություն չկա։ Ես ամաչում եմ, որ Հանրապետականի անդամ եմ եղել»,- ասել էր մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր գյուղապետ եղբայրը ևս արտասահմանից վերադառնալուց հետո կլքի ՀՀԿ-ն։ Բայց ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և հեղափոխականներ դառնալու ճանապարհին գործարար եղբայրները հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Ղուկասյան եղբայրները այս օրերին փորձել են անդամագրվել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նրանք մերժվել են, որից հետո փորձել են մտնել ԲՀԿ։

ՀԳ. Նշենք, որ Սերժ Սարգսյանի եղբոր հէկերի պատճառով երեկ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Վայոց ձորի Շատին համայնքում։ Գյուղի բնակիչները մոտ չորս ժամ փակ են պահել Եղեգնաձոր-Մարտունի միջպետական ճանապարհի Շատին և Եղեգիս համայնքներ տանող ճանապարհահատվածը: Գյուղացիները դժգոհել են Եղեգիսի կիրճում արդեն իսկ գործող հէկերի գործունեությունից` պահանջելով դադարեցնել նաև նոր կառուցվող հէկերի շինարարական աշխատանքները: Ըստ շատինցիների՝ Եղեգիս գետի վրա գործող 19 հէկերի պատճառով իրենք չեն կարողանում ոռոգել մշակովի հողատարածքները և այգիները: Նշյալ հէկերը, գյուղացիրների խոսքերով, պատկանում են ինչպես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանին, այնպես էլ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ.Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache