Վերջին գրոհը Հայաստանի դեմ. Ռուսները լսեցին այն, ինչ երբեք չէին լսել

0

 

Ռուսական մամուլը, մասնավորապես դաշնային հեռուստաալիքները, բավական բուռն են արձագանքել Հայաստան-ԵՄ համաձայնագրին: Համաձայնագրի ստորագրման շեմին եղավ Զվեզդայի հայտնի անդրադարձը, համաձայնագրի ստորագրմանը գրեթե զուգահեռ ռուսական Առաջին Ալիքն էր թոք շոու կազմակերպել Արեւելյան գործընկերության նախագծի վերաբերյալ եւ շոշափելի մաս հատկացրել Հայաստանին, իսկ համաձայնագրի ստորագրումից օրեր անց էլ ռուսական ՆՏՎ հեռուստաալիքն էր թոք շոու կազմակերպել եւ դարձյալ մեծ մաս հատկացրել Հայաստանին:

Այդ բոլոր անդրադարձերին միավորում է մի բան՝ «խուճապ», Հայաստանի հանդեպ ագրեսիա, արհամարhանք, վիրավորական արտահայտություններ, նվաստացուցիչ վերաբերմունք եւ մոտեցում, Հայաստանի ներկայացում որպես ռուսական սեփականություն, որը ներկայում կարող է փախչել ձեռքից, որը կարող է «խլել» Արեւմուտքը: Բնականաբար այդ հաղորդումները չեն անցնում առանց հայկական ազգանուններով փորձագետների, ինչպիսիք են Կուրղինյան, Միրզայան, եւ այլն: Նրանք փրփուրը բերանին փորձում են պաշտպանել Հայաստանի հանդեպ Ռուսաստանի «սեփականության» իրավունքը:

Զվեզդա հեռուստաալիքը ՌԴ պաշտպանության նախարարության սեփականությունն է, Առաջին Ալիքը Ռուսաստանի պետական սեփականությունն է, ՆՏՎ հեռուստաընկերությունը Գազպրոմ-մեդիայի սեփականությունն է, ինչը դարձյալ նշանակում է պետական սեփականություն:Հայաստանի իշխանությունը ռուսական դաշնային հեռուստաեթերում Հայաստանի հանդեպ այդ մեղմ ասած անհարգալից եւ անպարկեշտ հաղորդումներին արձագանքելու մասին լրագրողական հարցերին ի պատասխան հղում են անում, ասենք, Հայաստանում ՌԴ դեսպանին, ՌԴ ԱԳՆ խոսնակին, ասելով, թե պաշտոնական Մոսկվան միանգամայն հանգիստ ու հստակ արտահայտել է իր վերաբերմունքը Հայաստան-ԵՄ համաձայնագրի հանդեպ եւ նշել, որ հարգանքով է վերաբերում Հայաստանի այդ ինքնիշխան որոշմանը:Այդ դեպքում ինչու՞ է պաշտոնական Մոսկվան թույլ տալիս, որպեսզի պետական դաշնային հեռուստաալիքներում Հայաստանը դառնա հորդառատ քամահրանքի առարկա:

Ինչու՞ պաշտոնական Մոսկվայի որեւէ ներկայացուցիչ չի հորդորում իրենց սեփականություն հանդիսացող հեռուստաալիքներին, որ դադարեցնեն Հայաստանի հանդեպ անհարգալից դրսեւորումները եւ եթե քննարկում են Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ապա դա անեն՝ պահելով հարգանքը հայկական պետականության հանդեպ:Իսկ պաշտոնական Երեւանը փորձու՞մ է հասնել դրան, թե՞ առաջնորդվում է հայտնի մոտեցումով՝ «շունը հաչում է, քամին փչում». թող Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով Հայաստանը դառնա հիստերիայի եւ ագրեսիայի թիրախ, թող համարեն սեփականություն, որ գնում է ձեռքից, բայց կարեւորը, որ չխանգարեն Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացման զգուշավոր փորձերին: Ու քանի որ այդ փորձը զգուշավոր է, եւ քանի որ Երեւանն այդ փորձում ունի մի առանցքային խնդիր՝ չբորբոքել Մոսկվային, թերեւս գերադասում է լռել եւ թույլ տալ, որ գոլորշին դուրս գա հեռուստաեթերով, այդպես ավելի ռացիոնալ եւ ապահով է զուտ քաղաքական տեսանկյունից:Մյուս կողմից, «գոլորշին դուրս թողնելու» խնդիր ունի նաեւ պաշտոնական Մոսկվան:

Առաջին հայացքից դա կարող է տարօրինակ թվալ, սակայն իրավիճակը միարժեք չէ եւ ունի բավականին բարդ շերտավորում: Հայաստան-ԵՄ հարաբերությունը եւ ինտեգրացիան կարեւոր է նաեւ Կրեմլի համար: Իհարկե, այստեղ կա «թույլատրելի» սահման եւ դինամիկա, սակայն Կրեմլի ռազմավարական խնդիրների աճի հետ մեկտեղ՝ որոնք միջազգային մեկուսացման քաղաքականության ու նաեւ ներքին անարդյունավետ կառավարման անխուսափելի հետեւանքն են, ընդլայնվում է Հայաստանի «թույլատրելի սահմանը եւ արագությունը»:Միեւնույն ժամանակ, այդ հարցում հիմնարար նշանակություն է ունեցել ապրիլի պատերազմը, որտեղ Հայաստանը միայնակ դիմադրելով ռուսական միլիարդավոր սպառազինությամբ համալրված եւ ռուսական քաղաքական աջակցությունը վայելող Ադրբեջանի գրոհին, օգնություն չխնդրելով Մոսկվայից, կարողացել է ձեռք բերել էական խաղաքարտեր: Երեւանը դրանք խոհեմաբար չի թափահարում Կրեմլի առաջ, բայց դա էլ ավելի բարդ վիճակի առաջ է դնում Կրեմլին:Գործոնների այդ համախումբը հանգեցրել է նրան, որ Մոսկվան ոչ միայն չցանկացավ խանգարել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, այլ գուցե նույնիսկ բավական գոհ է դրա համար եւ այստեղ տեսնում է որոշակի հեռանկար նաեւ իր ռազմավարական խնդիրների տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ, կան այլ խնդիրներ: Մասնավորապես, Կրեմլի ներքին քաղաքականությունը: Հայաստան-ԵՄ համաձայնագրին Կրեմլի չխանգարելը գործնականում հակասության մեջ է մտնում կայսերականության վրա կառուցված այդ ներքին քաղաքականության հետ: Բնականաբար առաջանում են հարցեր՝ ինչպե՞ս է «ցարը» թույլ տվել դա: Հաջորդը կարող է լինել հարցադրումը, թե «ցարը գուցե իրակա՞ն» չէ: Պուտինին պետք չեն այդ հարցադրումները, կամ պետք է խլացնել դրանք:Հեռուստաեթերում հակահայկական հիստերիան դրանք խլացնելու միջոցն է, երբ «ցարը» իր քարոզչա-գաղափարական հենարանին ազդակ է հղում, որ ամեն ինչ վերահսկելի է եւ ինքն իրական է: Միաժամանակ, բաց է թողնվում գոլորշին, որը կարող է խանգարել ցարի շնչառությանը:Ի վերջո, Պուտինը չունենալով ներքին կառավարման այլ ռեսուրսներ, քան կայսերական հավակնության խաղարկումը եւ գեներացիան, նաեւ լավ է պատկերացնում, որ դրանք ոչ միայն բավարար չեն, այլ գործնականում նույնիսկ էլ ավելի են խորացնում խնդիրները: Բայց, նա չունի այլ ռեսուրս, հսկայական տարածությունը վերահսկելի եւ կառավարելի պահելու այլ մեխանիզմ, մեթոդաբանություն, ավանդույթ:Ըստ այդմ, նա ստիպված է մի ձեռքով, օրինակ բաց թողնել Հայաստանը, մյուս ձեռքով թույլ տալ դաշնային հեռուստաալիքներով Հայաստանի հանդեպ ծավալվող հիստերիա:Այդ իրողությունն ունի նաեւ այլ շերտ: Ռուսաստանը, չլինելով ինստիտուցիոնալ պետականության ավանդույթների կրող եւ մեխանիզմի ենթակա պետություն, գործնականում կառավարվում է «հակասականության» վրա:

Մի կողմից այստեղ կայսերական հիերարխիա է, մյուս կողմից սակայն «պալատական» ամենաթողություն: Օրինակը կարող է լինել Չեչնիան: Այն ներկայում ռուսական հիերարխիայի այսպես ասած անկյունաքարերից մեկն է, մյուս կողմից այն բացարձակապես ենթակա չէ այդ հիերարխիայի ամենօրյա կառավարմանը:Այդ շերտի դրսեւորում կարող է լինել նաեւ Հայաստանի մասին հեռուստահաղորդումների ալիքը: Կան խմբեր, որոնց վրա Պուտինը հենվում է ներքին բուրգը պահելու համար, սակայն դրա դիմաց տրվում է որոշակի ազատություն եւ ինքնավարություն ավելի միջին մակարդակներում: Ըստ այդմ, ռուսական հեռուստաալիքներում կարող է լինել պարզապես ադրբեջանական լոբբիի շքերթ Հայաստանի հանդեպ, որը Կրեմլը չի արգելի, որովհետեւ գործնականում այդ խմբերի վրա հենվում է ներռուսական հիերարխիայի ապահովման ավելի կարեւոր հարցերում, եւ ռուսական հեռուստաեթերում Հայաստանի հեղինակության հարցը Կրեմլի համար չափազանց փոքր հարց է:

Առավել եւս, որ Երեւանն էլ պատրաստ է լռել, հանուն դիվերսիֆիկացման հարցում ստանալիք ազատության:Եվ, ի վերջո, լայն խնդիրների համատեքստում, որի առաջ կանգնած է ռուսական պետական քաղաքականությունը թե ներսում, թե արտաքին հարցերում՝ այդ թվում Կովկասի հիմնարար տարածաշրջանում, ռուսական դաշնային հեռուստաեթերում մենք դառնում ենք Հայաստանի հանդեպ այսպես ասած վերջին գրոհի ականատես:Որքան բարձր են բղավում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի «սեփականության իրավունքի» եւ դրա այսպես ասած կորստի վտանգի մասին, այդքան ավելի շատ է Ռուսաստանի հանրությունը ենթագիտակցորեն հարմարվում այդ իրականությանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache