Վերջին զանգի շրջանավարտները բախվել են կամրջի բետոնե պատնեշին ու շրջվել են

196

shamshyan.com — Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն ու 18-ամյա Ավագ Ամիրջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով անցնող պաշտպանության նախարարության ծառայողները։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորներին, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորոյւթյամբ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը եղել է Ա. Ամիրջանյանը, ով ուղևորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache