good-banner
Լրահոս

Վիեննայից հետո առաջին սպառնալիքները

 

serj

hayeli.am-ը գրում է. Վիեննայի հանդիպումից հետո Իլհամ Ալիևն առաջին անգամ խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին, և նորից պնդել է՝ «երբեք թույլ չենք տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն»: Նա ելույթ է ունեցել`երկրի անկախության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«Ոչ ադրբեջանական ժողովուրդը, ոչ էլ ադրբեջանական պետությունը երբեք թույլ չեն տա, որ մեր պատմական հողերի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն», ասել է Ալիևը, հավելելով. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, ապա իրենք ինչպես ապրում են, կարող են շարունակել ապրել նույն ձևով»: Այնուհետև Ալիևը շեշտել է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Այլ ճանապարհ չկա»,- ընդգծել է Ալիևն ու հավելել. – «Ուրախ եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները միանշանակ հայտարարում են, որ ստատուս քվոն անընդունելի է և այն պետք է փոխվի»:

Հետաքրքրական է, որ Ալիևը փաստել է, թե` Վիեննայի հանդիպումը հաջողված էր. «Ակնկալում ենք, որ շուտով, առանց ժամանակ կորցնելու, կմեկնարկեն շատ լուրջ, միջնորդների խոսքով՝ էական, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Խոսելով բանակցային գործընթացի մասին, Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն էլ է ցանկանում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով. «Իսկ ո՞վ է ուզում պատերազմ, բայց մենք կարգավորում ենք ցանկանում, ահա թե ինչում է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունը. Հայաստանը ցանկանում է խաղաղ կարգավորում, բայց չի նպաստում կարգավորմանը: Մեր դիրքորոշումը կառուցողական է, և միջնորդները գիտեն այդ մասին, թեև պաշտոնապես չեն ընդունում: Մենք ձգտում ենք, որ հարցը հնարավորինս արագ լուծվի՝ խաղաղ ճանապարհով»:

Ապա` Ալիևը բողոքել է, որ սպասում է արդեն ավելի քան 20 տարի: «Միջնորդները մեզ միշտ ասում են. սպասեք, լուծեք խաղաղ ճանապարհով: Վերջին ժամանակ նրանք ավելի հաճախ են դա կրկնում»: Նա կրկին հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ:

Բայց Ալիևը Ալիև չէր լինի, եթե նաև չսպառնար… Ադրբեջանը կավելացնի իր ռազմական հզորությունը՝ նկատել է նա` նշելով. «Մենք, իհարկե, ապագայում էլ պետք է ավելացնենք և ավելացնում ենք մեր ռազմական հզորությունը: Ահա արդեն երկար տարիներ ընթանում է բանակաշինության գործընթացը: Բարձր մակարդակի վրա են գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը: Ներկրվում, ինչպես նաև Ադրբեջանում արտադրվում են ամենաժամանակակից զենքեր, տեխնիկա: Ադրբեջանում արդեն արտադրվում է ավելի քան հազար անուն ռազմական արտադրանք: Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի առաջատար բանակների թվում է»:

Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև՝ Ղարաբաղում իրավիճակի էսկալացիայից հետո առաջին հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ-երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ հիմք կա ենթադրելու, որ Բաքուն և Երևանը Ղարաբաղի հարցով տրամադրված են փոխզիջումների:

Թե ինչ զիջումների է տրամադրված Ալիևը, թերևս, միայն Լավրովին է հայտնի: Բայց ակնհայտ է, որ ենթարկվելով որոշակի ճնշման` Ալիևը փորձում է բացառել պատերազմը, միաժամանակ, չմոռանալով «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերականգնման մասին իր ավանդական պահանջները:  Սա այն դեպքում, երբ միջնորդները հստակ նշում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման մասին:

Եթե Ալիևն իսկապես տրամադրված է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, պետք է` հստակ նշի, թե ինչ զիջումների է պատրաստ Բաքուն այդ` «բովանդակային» բանակցություններում, այլապես նրա ոչ մի խոսքին հավատալ պետք չէ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing