Վիգեն Սարգսյանը երբեւէ չի եղել հետախուզման մեջ. ՊՆ-ի պարզաբանումը Պնախարարի՝ բանակում ծառայած լինելու մասին

0

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Արծրուն Հովհաննիսյանի արձագանքում, մասնացվորապես, ասվում է.

«Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» եւ «վիրավորանք» ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:

Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբեւէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես եւ մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբեւէ չի ունեցել եւ չունի որեւէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որեւէ հիմք:

2. Նախարար Սարգսյանը երբեւէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որեւէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որեւէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որեւէ ընթացակարգ:

3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուզան Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր հետեւյալը. «…աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին: Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։  Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է․ — ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache