Լրահոս

Վիգեն Սարգսյանը քողարկել է ռուսական տեղեկատվական դիվերսիայով ուղեկցված չինական այցը

 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Չինաստան կատարած այցի ընթացքում չի կնքել Չինաստանից Հայաստան սպառազինության մատակարարման պայմանագիր: Միեւնույն ժամանակ, Վիգեն Սարգսյանն ասել է, որ քննարկել է չինական կողմի հետ ռազմա-քաղաքական գործակցության կարեւոր հարցեր:
Պաշտպանության նախարարի խոսքով, այս կամ այն երկրից զենքի ձեռքբերման մասին խոսակցությունն անօգուտ է, քանի որ ավելի բարդացնում է անհրաժեշտության դեպքում ձեռքբերման գործընթացը, եւ միեւնույն ժամանակ նաեւ հակառակորդի համար որոշակի «հուշում» է, թե ինչ ծրագրեր ունի Հայաստանն ու թույլ է տալիս նրան ձեռնարկել հակազդող միջոցներ:
Քողարկու՞մ է հակառակորդից Հայաստանի ռազմա-տեխնիկական ծրագրերը Վիգեն Սարգսյանը, մասնավորապես Չինաստան այցի մասով, թե՞ ոչ՝ Պեկին այցն իսկապես չի ունեցել սպառազինության մատակարարման մասին պայմանավորվածություն:
Վիգեն Սարգսյանի Չինաստան այցից առաջ Հայաստանում ռուսական Սպուտնիկ գործակալությունը հրապարակեց տեղեկություն, թե Սարգսյանը Չինաստան է մեկնել ադրբեջանական անօդաչուների հակազդող միջոց ձեռք բերելու համար, որպիսին ունի Չինաստանը: Միաժամանակ, Սպուտնիկը այդ համատեքստում էր դիտարկում չինական մի պատվիրակության այցը Հայաստան եւ հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ մինչեւ Վիգեն Սարգսյանի Պեկին մեկնելը: Ըստ այդ հաղորդագրության, չինական ընկերությունը նաեւ զբաղվում էր անօդաչու հարվածային թռչող սարքերին հակազդող միջոցների արտադրությամբ:
Արդյոք Վիգեն Սարգսյանը համարում է, որ Սպուտնիկի այդ հրապարակումը Հայաստանի ծրագրերի մասին «հուշում» էր Ադրբեջանին: Համենայն դեպս, այսօր ասուլիսի ընթացքում պաշտպանության նախարարի տված պարզաբանումն առաջացնում է այդ հարցը, եւ ավելին: Մասնավորապես, հարց է առաջ գալիս նաեւ, թե արդյոք հենց այդ «հուշումը» չի հանդիսացել պատճառ, որ Ադրբեջանը Վիգեն Սարգսյանի Պեկին այցից առաջ ձեռնարկի հակազդող քայլեր, ինչի հետեւանքն էլ գուցե եղել է այն, որ այցը անցել է առանց սպառազինության մատակարարման մասին պայմանավորվածության: Այսինքն, ռուսական գործակալության «հուշումով» Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել այցի արդյունավետության վրա ազդելու համար:
Իսկ կարո՞ղ է Ադրբեջանը ազդել Չինաստանի վրա: Հարց է իհարկե, բայց մյուս կողմից էլ հարց է այն, թե արդյո՞ք ոչ թե Ադրբեջանն է ազդել, այլ պարզապես դիմել է Ռուսաստանին՝ ազդելու խնդրանքով:
Համենայն դեպս, պաշտպանության նախարարի Չինաստան կատարած այցն աչքի ընկավ ռուսական մամուլի մեկ այլ, թերեւս ավելի ուշագրավ հրապարակումով: ՌԻԱ Նովոստի գործակալությունը հրապարակեց հոդված այն մասին, թե Հայաստանը գնում է Չինաստան սպառազինություն ձեռք բերելու համար, քանի որ Երեւանին ապահով զգալու համար չի բավականացնում ռուսական սպառազինությունը: Անթաքույց խանդի, միաժամանակ «մատնության» տրամաբանությամբ գրված այդ հոդվածը կարճ ժամանակ անց հեռացվեց ռուսական պետական քարոզչության առաջնային հարթակներից մեկը հանդիսացող ՌԻԱ Նովոստիից:
Կա տարածված տեսակետ, թե հեռացվեց Հայաստանից հնչած բացասական կարծիքների պատճառով եւ հնարավոր է, որ հոդվածն իրականում ադրբեջանական պատվեր էր, այսպես ասած ռուս-ադրբեջանական «բիզնեսի» քարոզչական հարթության շրջանակում: Հնարավոր է, անշուշ:
Բայց գուցե հնարավոր է նաեւ այլ տարբերակ, հոդվածը հեռացվեց՝ «մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ» տրամաբանությամբ. հոդվածն արեց իր գործը, գուցե, եւ հոդվածը կարող է հեռացվել: Ընդ որում, գուցե արվեց կրկնակի գործ. Մի կողմից հոդվածի հրապարակումով Ադրբեջանը դարձավ Ռուսաստանի «հաճախորդ» սպառազինություն գնելուց տարբեր, այլ՝ Չինաստանի եւ Հայաստանի հնարավոր անցանկալի պայմանագրին ազդելու համար Ռուսաստանին դիմելու մասով, իսկ մյուս կողմից էլ հայերը նախ դժգոհեցին, հետո գոհացան, որ իրենց դժգոհությունն ազդեց Ռուսաստանի վրա, եւ հոդվածը հեռացվեց:
Բոլոր դեպքերում, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցն ակնհայտորեն ուղեկցվեց ռուսական մեդիայի «դիվերսիոն-հետախուզական» աշխուժությամբ եւ այժմ Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ ձեռք չի բերվել զենքի գնման պայմանավորվածություն:
Իհարկե չի բացառվում, որ նախարարը «կամուֆլյաժով» քողարկում է հնարավոր պայմանավորվածությունը:
Այդ համատեքստից դուրս, սակայն, անհրաժեշտ է խնդիրը դիտարկել նաեւ այլ հարթության վրա: Մասնավորապես, հայ-չինական գործակցությունն այդ առումով ունի մեկ այլ կարեւոր հեռանկար եւ ներուժ, որը գուցե առավել կարեւոր է, քան Չինաստանից ռազմական տեխնիկայի, սպառազինության գնումը:
Չինաստանը ներկայում խոշորագույն ներդրող է աշխարհում ընդհանրապես, միաժամնանակ նաեւ դարձել է ռազմարդյունաբերության խոշորագույն խաղացող եւ կարծես թե ներկայում զիջում է միայն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին:
Պեկինը Հայաստանի անվտանգության խնդիրների տեսանկյունից կարող է շատ ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել հենց այդ մասով՝ որպես ռազմարդյունաբերության զարգացման գործընկեր, ներդրող:
Արդյոք ռազմա-քաղաքական գործակցության կարեւոր քննարկումների շարքում Վիգեն Սարգսյանի այցի ընթացքում Երեւանն ու Պեկինը քննարկել են այդ ուղղությամբ գործակցության հարց: Ինչ խոսք, այդ մասով էլ առանձնապես ծավալվելը թերեւս նպատակահարմար չէ եւ կարող է խոչընդոտել հնարավոր գործընթացին:
Բայց, խոշոր հաշվով, հայ-չինական հարաբերության առաջնահերթություններից մեկը թերեւս պետք է դիտարկել այդ հանգամանքը, որպես թե անվտանգության, թե այդ հասկացության համալիր իմաստով՝ նաեւ տնտեսական զարգացման հնարավորություն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing