Լրահոս

Վիգեն Սարգսյանի պատմական ստորագրությունը Մոսկվայում

 

arm148052075285

lragir.am — Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ Մոսկվայում ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագիրը: Նախարարի պաշտոնում դա փաստացի առաջին միջազգային համաձայնագիրն է Վիգեն Սարգսյանի համար, եւ այդ առումով նախարարի պաշտոնում նրա գործունեության մեկնարկը սկսվեց փաստացի կրկնակի հարվածով: Ներքին առումով այդ հարվածը 1000 դրամների նախաձեռնությունն էր, արտաքին ասպարեզում՝ հայ-ռուսական միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը:
Համենայն դեպս, նախարարի պաշտոնում Սարգսյանի մեկնարկի այդ երկու իրողություններն արժանացել են հասարակության մեղմ ասած հակասական, իսկ պարզ ասած` բացասական գնահատականին եւ առաջացրել բացասական սպաումներ, թեեւ Վիգեն Սարգսյանի նշանակումը ուղեկցվեց որոշակի դրական սպասումներով:
1000 դրամների նախաձեռնության մասով իշխանությունը կարծես թե որոշակիորեն հետ է կանգնում, փորձելով հանել պարտադիր բաղադրիչը: Ի՞նչ կլինի հայ-ռուսական զորախմբի մասով:
Ինչ խոսք, անմիջական իմաստով երկու իրողությունները բոլորովին նույնական չեն, տարբեր հարթությունների հարց են: Մյուս կողմից, երբ խոսքը վերաբերում է ռազմական անվտանգությանը, ապա այստեղ կատարվող զարգացումները ի վերջո հանգում են Հայաստանի զինվորի եւ սպայի անվտանգությանը: Եվ եթե հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծումը բարձրացնում է Հայաստանի անվտանգության, պաշտպանվածության մակարդակը, դա էլ աջակցություն է զինվորին ու սպային, նրա ընտանիքին, ընդ որում՝ այդ սպայի եւ զինվորի ողջ լինելու պայմաններում:
Բայց, ամբողջ հարցը այն է, թե արդյոք հայ-ռուսական այդ համաձայնագիրը բարձրացնում է Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանվածությունը: Այդ տեսանկյունից, Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը բոլոր դեպքերում ունենալու է պատմական, խորքային նշանակություն թե Հայաստանի, թե Հարավային Կովկասի անվտանգության համակարգի համար ընդհանրապես:
Եթե այն բարձրացնում է Հայաստանի անվտանգությունն իրապես, ապա այդ դեպքում խոսք կարող է գնալ տարածաշրջանում ապրիլի պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում նոր փուլի մեկնարկի մասին: Եթե հակառակն է՝ այսինքն համաձայնագիրն ընդամենը Ռուսաստանին տալիս է Հայաստանի պաշտպանության հարցերում առավել լայն միջամտության իրավական նոր հիմքեր եւ լծակներ, ապա այստեղ խոսք կարող է լինել ապրիլից հետո Հայաստանի զինված ուժերի հաստատած նոր իրավիճակի որոշակի հետընթացի մասին, ընդ որում՝ վտանգավոր խորությամբ եւ ծավալով:
Միարժեք եզրակացության գալն իսկապես դժվար է, գործնականում անհնար: Կան մի շարք մտահոգիչ նախադեպեր եւ օրինակներ, թե ապրիլի պատերազմը, թե դրանից առաջ տեղի ունեցած մի շարք այլ իրողություններ: Մյուս կողմից, կա այն հանգամանքը, որ ապրիլի պատերազմից հետո Մոսկվան հայտնվել է իսկապես բարդ դրության մեջ եւ կանգնել նոր տրամաբանությամբ քայլեր կատարելու անհրաժեշտության առաջ, որոնցից մեկն էլ կարող է լինել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որով ինչ որ առումով ուժեղացնելով Հայաստանը, Մոսկվան փորձում է ուժեղացնել իր դիրքը:
Միաժամանակ չի բացառվում, որ այդպիսով Ռուսաստանը փորձում է վերականգնել Կովկասի անվտանգության համակարգի կանխատեսելիության եւ վերահսկելիության ապրիլի պատերազմով փլուզված վարկը, որից հետո Մոսկվան ակնհայտորեն հայտնվեց Վաշինգտոնի ու Եվրոպայի քաղաքական ճնշման ներքո` Արցախում հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման առաջարկների ինտենսիվացման տեսքով:
Եթե ապրիլի պատերազմին Ադրբեջանը հաջողեր, ապա ամենայն հավանականությամբ ներկայում Արցախում կանգնած կլիներ ռուսական խաղաղապահ զորքը: Բայց հայկական բանակը կասեցրեց Ադրբեջանի գրոհը, որ կազմակերպվել էր Ռուսաստանի գործուն աջակցությամբ, եւ բանը չհասավ Ռուսաստանին օգնության խնդրանք հղելուն:
Այժմ կնքվում է հայ-ռուսական մի համաձայնագիր, որը Ռուսաստանին տալիս է Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության գործընթացում ավելի մեծ ծավալով ներգրավվելու իրավական հնարավորություն: Արդյոք դրա նպատակն այնպիսի իրավական հարթության ձեւավորումը չէ, որի դեպքում Ռուսաստանն այլեւս չի ունենա Հայաստանի օգնության «խնդրանքի» կարիքը եւ այսպես ասած կունենա անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում լինելու հնարավորություն:
Այդ վտանգը գնահատելը բարդ է, քանի որ անհրաժեշտ է տիրապետել կնքվող համաձայնագրի ամբողջ բովանդակությանը: Մյուս կողմից, կա հայ-ռուսական մեկ այլ նախադեպ, որը կապ չունի միացյալ զորախմբին, բայց կապ ունի օրինակ 102-րդ ռազմակայանի հետ, որն ի դեպ միացյալ զորախմբի մասին համաձայնագրի առարկա է:
Խոսքը Գյումրիի ողբերգության` Պերմյակովի ոճրագործության մասին է: Հայ-ռուսական համաձայնագրով հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ սահմանապահները, հայտնաբերելով սահմանախախտի, պետք է նրան փոխանցեն Հայաստանի ԱԱԾ, սակայն հայտնաբերելով Պերմյակովին, նրան «ի պահ» են հանձնում ՌԴ ռազմակայանին, որտեղ էլ նա գտնվում է մինչ այժմ: Դա անում են օրենքի եւ հայ-ռուսական համաձայնագրի խախտումով, ինչը խոստովանել է անգամ նախկին Գլխավոր դատախազ Կոստանյանը:
Այդպիսով, հայ-ռուսական համաձայնագիր ասվածն ընդհանրապես հարաբերական բան է, ինչպես հարաբերական է հայ-ռուսական հարաբերությունն ընդհանրապես: Եվ հարաբերական կլինի այնքան, քանի դեռ հարաբերական է Հայաստանի ինքնիշխանությունը, քաղաքական որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության ինքնուրույնությունը, քանի դեռ հարաբերական է այդ որոշումներում պետական շահի գերակայությունը եւ ընդհանրապես գոյությունը:
Այդ տեսանկյունից, հայ-ռուսական հարաբերությունը ձեւավորող այսպես կոչված իրավապայմանագրային դաշտի ազդեցության բնույթը` Հայաստանի իշխանության ինքնուրույնության խիստ ցածր աստիճանի պայմաններում, կախված է թերեւս այն իրավիճակից, որում գտնվում է Ռուսաստանն աշխարհքաղաքական համատեքստի առումով: Ապրիլի պատերազմից հետո, նաեւ Հայաստանի զինված ուժերի սխրանքի շնորհիվ, այդ համատեքստը հարավկովկասյան շրջանակում Ռուսաստանին մղել է փակուղի: Եթե Ռուսաստանը փակուղում է, Հայաստանի համար դա բարենպաստ է, քանի որ ստիպում է Մոսկվային պաշտպանել Հայաստանն ու պաշտպանվել դրանով:
Միաժամանակ ակնհայտ է, որ Մոսկվան փնտրում է այդ փակուղուց ինտենսիվ ելք: Ամբողջ խնդիրը այն է, թե այդ ընթացքում ինչ է անում Հայաստանը` ՀՀԿ համագումարից բացի:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am