Լրահոս

Վիճակը նման է 1993-ին, բայց 1994-ի սխալը չպետք է կրկնել

 

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, վերջին օրերին իրավիճակը սահմանին նորից լարվել է։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է պատերազմ սկսվել, թե սա պարզապես Ադրբեջանի կողմից հերթական սադրանքներն են։
Ադրբեջանն իմանալով, որ շատ վատ վիճակի մեջ է դիվանագիտական առումով, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այն ընթացքը, որ տեղի ունեցավ քառօրյա պատերազմից մինչև այսօր, փլուզվի։ Իմանալով, որ թե ամերիկացիների, թե ռուսների, թե եվրոպացիների մոտ իր դռները փակ են, նաև Եվրախորհրդարանն ընդունեց նոր բանաձև Ղարաբաղի մասին՝ օգտագործելով ինքնորոշում բառը, Ադրբեջանը փորձում է սադրանքներով դուրս գալ իր համար բացասական այդ ընթացքից, բայց չգիտի, թե ոնց: Բաքուն ուզում է խափանել հուլիսի 11-ին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։ Ադրբեջանը ներքին խնդիրներ ունի թե քաղաքական՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ, թե տնտեսական՝ գազի ու նավթի գների անկում, թե սոցիալական՝ քանի որ ճգնաժամի մեջ է բանկային համակարգի փլուզման հետևանքով, և հիմա էլ ռազմաքաղաքական, որովհետև բուլղարական մամուլը հոդվածներ հրապարակեց, որտեղ նշում է, որ Ադրբեջանը դիվանագիտական թռիչքներով զենք է փոխադրում Սիրիա ջիհադիստներին ու ահաբեկիչներին։ Այսինքն բոլոր ուղղություններով Ադրբեջանը փակուղու մեջ է հայտնվել։ Նա հույս ուներ, որ սադրանքներ իրականացնելով կկարողանա դուրս գալ իրավիճակից, բայց չստացվեց։ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին երկու հայտարարություններում չի նշվում Հայաստան բառը, փոխարենը անուղղակի ձևով հիշատակվում է Ադրբեջանը։ Անշուշտ, դժբախտ դեպք տեղի ունեցավ սահմանին, բայց հետևանքները պետք է նայել, թե այդ ինչպես պատահեց դա։
Այսօր կարող ենք ներկա դիվանագիտական գործընթացը համեմատել 1993-ի դիվանագիտական ընթացքի հետ, որովհետև եթե հիշում եք, 1993-ին, երբ ադրբեջանցիները պարտություններ էին կրում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որ պետք է դադարեցվի պատերազմը, սակայն ադրբեջանցիները, արհամարհելով բանաձևերը, շարունակում էին պատերազմը։ Դա հանգեցնում էր նոր պարտության, ապա նոր բանաձևի, նոր գործողություն հայերի կողմից, ու նորից ադրբեջանցիների նոր պարտություն, և այսպես ծնվեցին ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը։ Այս ամենը տեղի ունեցավ, որովհետև ադրբեջանցիները չէին ընդունում զղջումի սկզբունքը և խաղաղության սկզբունքները։ Այսօր նրանք նույն կերպ են վարվում, ինչպես 1993-ին։ Այսինքն Ադրբեջանը ամեն անգամ «ոչ» է ասում բոլոր առաջարկներին, փոխզիջում ենթադրող բոլոր գաղափարներին, և քանի որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ուզում են, որ Ադրբեջանն ընդունի փոխզիջման սկզբունքը, իրենց դեռները բավական փակ են պահում Բաքվի առջև, նրանց դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ բավական կոշտ է։ Դրա համար է, որ Բաքուն կարծես կրակի վրա է և չգիտի, թե ինչպես պետք է զարգանան գործընթացներն Ադրբեջանի ներսում։
Մյուս կողմից, ես ուզում եմ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ այն գործընթացը, որ գոյություն ունի 2016-ից ի վեր, նման է 1993-ին, և հույս ունեմ, որ վերջին կետը չի լինի այնպես, ինչպես 1994-ին, երբ ստորագրվեց զինադադարի պայմանագիրը։ Հույս ունեմ, որ ավելի առաջ կգնանք, ավելի կոշտ պետք է լինենք, որովհետև պետք է հասկանալ, որ Ադրբեջանն այլևս չի կարող միշտ «ոչ» ասելով շարունակել, և քանի որ շատ մտահոգիչ վիճակի մեջ է բոլոր ուղղություններով, պետք է խելք հավաքի և հետ վերադառնա խաղաղության մթնոլորտին։
Պարոն Մինասյան, վերջին շրջանում մենք առաջին անգամ տեսանք ՄԱԿ-ի արձագանքը, ԵԱՀԿ-ն նորից հայտարարություն տարածեց։ Ձեր կարծիքով, ստեղծված իրավիճակն աննախադե՞պ է։

Բոլորը գիտեն, որ Ադրբեջանն է խանգարում խաղաղ կարգավորման գործընթացը։ Ես չեմ ասում, որ բանակցային սեղանին գտնվող առաջարկները բխում են հայկական շահերից, բայց այս պահին գործընթացին խանգարողը Ադրբեջանն է։ Ադրբեջանը փակեց Բաքվում և Երևանում ԵԱՀԿ գրասենյակները։ Դա անընդունելի է թե ռուսների, թե ամերիկացիների, թե եվրոպացիների համար։ Դա է պատճառը, որ Մոսկվան, Վաշինգթոնն ու Բրյուսելը ավելի կոշտ ու բաց տեքստով են խոսում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանն ուզում է վերջին դեպքի առիթն օգտագործել, որպեսզի իր նկատմամբ ճնշումները թուլացնի, բայց չստացվեց։
Պարոն Մինասյան, քառօրյա պատերազմից մեկ տարուց ավելի է անցել, ու այս ընթացքում կարծես չկան բանակցություններ։ Հիմա, Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացում է հնարավոր, ի՞նչ համաձայնության կարելի է հասնել, ինչ պայմաններով, և առհասարակ հնարավո՞ր է որևէ փաստաթղթի ստորագրման հասնել։
Դեռ շատ վաղ է որևէ փաստաթղթի մասին խոսելը։ Նախ սկզբունքներն են կարևոր և արդյոք Ադրբեջանը պատրաստ է առաջարկվող որևէ սկզբունք ընդունել, թե ոչ, այսինքն Ղարաբաղի անկախությունը ճանաչել, թե ոչ։ Եթե Բաքուն համաձայնի Արցախի կարգավիճակի մասին առաջարկվող սկզբունքին, այդ ժամանակ կարող ենք սկսել հաշտության փաստաթղթի դիվանագիտական գործողությունները։ Քանի դեռ Ադրբեջանը չի ընդունում համանախագահների կողմից առաջարկվող բոլոր երեք սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում, մասնավորապես վերջինը, այս իրավիճակը կարող է շատ երկար շարունակվել, որովհետև համանախագահող երկրները ձանձրացել են Բաքվի դիրքորոշումից։ Ադրբեջանը 1993 թվականից ի վեր չի ուզում փոխվել, նույն մտայնությունն ունի, ինչ այն ժամանակ։ Ադրբեջանը ոչ է ասում հայերին, ոչ է ասում միջազգային հանրությանը և շարունակում է պատերազմը։ Բայց արդյոք Ադրբեջանը կարող է դիմանալ այս իրավիճակին։ Եթե կդիմանա, ապա այս վիճակը կշարունակվի, իսկ եթե Ադրբեջանի ներքին ու արտաքին խնդիրները վերահսկողությունից դուրս գան, այդ երկրում իրավիճակը կարող է պայթել։ Երրորդ տարբերակն այն է, որ Ադրբեջանը կկարողանա հաղթահարել երկրի ներսում ստեղծված վիճակը և նոր սադրանքների ու մարտական գործողությունների դիմել։ Բայց կարող ենք արձանագրել, որ Հայաստանը նման սադրանքների այսօր ավելի պատրաստ է, քան մեկ տարի առաջ։ Այսօր եթե Ադրբեջանը մեծ սադրանքի դիմի, հայկական ուժերն էլ ավելի առաջ կգնան։
Այս ամիս Արցախի խորհրդարանում տեղի է ունենալու Արցախի նախագահի ընտրությունը։ ԱԺ-ի երեք ուժեր արդեն հայտարարել են, որ պաշտպանելու են Բակո Սահակյանի թեկնածությունը, և շատերն արդեն մտահոգություն են հայտնել, որ փաստորեն նա երրորդ նախագահական ժամկետն է պաշտոնավարելու։ Դուք այստեղ վտանգներ չե՞ք տեսնում ժողովրդավարության առումով։
Իհարկե, Արցախում էլ կան խնդիրներ, մասնավորապես, արդարության հետ կապված, բայց ռազմաքաղաքական և դիվանագիտական առումով կարևոր է կայուն իշխանություն ունենալ։ Ղարաբաղի իշխանությունների մտայնությունն այն է, որ կայուն իշխանություն և կայուն վիճակ է պետք։ Այնքան տարբերություններ չկան Ղարաբաղի քաղաքական ուժերի միջև և կարևոր է, որ առկա ընթացքը շարունակվի։ Ես, օրինակ, դեմ եմ, որ Ղարաբաղն ունենա միայն նախագահ և չունենա վարչապետ։ Ես կարծում եմ, որ երկու պաշտոնն էլ պետք է ունենալ, բայց ղարաբաղցիները երևի ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է անել, քան ես, որ Փարիզում եմ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing