Լրահոս

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մոտ 10 անգամ թուլացրել է ինտերնետ կապը` գինը թողնելով նույնը (ձայնագրություն)

 

«Հետք»-ին է դիմել մեր ընթերցողներից Արեն Բաբայանը, ով օգտվում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության շարժական ինտերնետ կապից: Արենը ինտերնետ ծառայության համար ընկերությանն ամսական վճարում է 5500 դրամ: Ասում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ կնքած պայմանագրով` ինտերնետ կապի նախնական արագությունը եղել է 1 Մբիթ/վայրկյան: Վերջերս, սակայն, նկատել է, որ ինտերնետի արագությունը նվազել է, զանգել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ու պարզել, որ արդեն օգտվում է մոտ տասը անգամ դանդաղ` 128 Կբիթ/վայրկյան ինտերնետից:

Արենն ասում է՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ըստ պայմանագրի, ինտերնետ կապի արագությունը փոփոխելու իրավունք ուներ, սակայն, որպես յոթ տարվա բաժանորդ, չէր սպասում, որ ընկերությունն իր և նույն կապից օգտվող հազարավոր բաժանորդների հետ երբևէ այսկերպ կվարվի: Շեշտում է` սա «մտածված թալան է», և եթե նույնիսկ ընկերությունը իրավունք ուներ փոխել ինտերնետի նախապես սահմանված արագությունը, ապա դա պետք է լիներ «խելամիտ փոփոխություն»:

Արենը զանգում էր Լոռու մարզի Հագվի գյուղից: Նա այնտեղ է մի քանի օրով, իսկ հիմնականում բնակվում է Վանաձորում: Ասում է, որ ինտերնետ մատակարարների «թալանի զոհը» հատկապես գյուղական համայնքների բնակիչներն են: Թեև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կատարած փոփոխությունն այժմ վերաբերում է նաև քաղաքի բնակիչներին, սակայն նրանք ինչ-որ չափով այլընտրանք ունեն, կարող են փոխել ինտերնետ մատակարարին, նոր ծառայություն ընտրել:

«ՎիվաՍԵԼ-ՄՏՍ»-ի այլընտրանքը Հագվիում, ըստ Արենի, «UCOM»-ի` ամսական 25 հազար դրամ արժողությամբ, 2 Մբիթ/վայրկյան արագությամբ WiFi-ն է, որը գյուղացիների համար շատ թանկ կապ է, կամ էլ «Beeline» ընկերության` որակով և գնով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տրամադրածից շատ չտարբերվող ինտերնետ կապը: Այս անմրցակից պայմաններում է «ՎիվաՍԵԼ-ՄՏՍ»-ը որոշել նույն գնի դիմաց գրեթե 10 անգամ թույլ կապ տրամադրել: Զրույցի ժամանակ Արենն ասաց, որ այդ պահին «ՎիվաՍել»-ի ինտերնետով ոչինչ չի լինում անել, ոչ մի կայք հնարավոր չէ բացել:

Հասկանալու համար, թե ինչ բացատրություն է տալիս հենց ինտերնետ մատակարարը, Արենին խնդրեցինք զանգահարել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն և իր ինտերնետ կապին առնչվող հարցերն ուղղել անմիջապես աշխատակցին` ձայնագրության թույլտվությամբ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցը համաձայնում է, որ զրույցը ձայնագրվի, ինչից հետո Արենը նրան ուղղում է հարցերը: Ներկայացնում ենք ձայնագրված զրույցի մի հատվածը` կրկնվող հատվածների խմբագրությամբ (զրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ձայնային տարբերակով):

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցը զրույցի ժամանակ հաստատում է, որ 5500 դրամ սակագնով, որոշակի գերարագ կապով, ապա կայուն 1Մբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետի արագությունը նվազել է մոտ տասն անգամ: Հաստատում է նաև, որ փոփոխության մասին մարդկանց ինֆորմացվել է միայն վեբկայքի միջոցով, չեն եղել գովազդային վահանակներ, TV կամ SMS ծանուցումներ: Օպերատորը տեղեկացնում է, որ կապի արագության նվազեցումը կապված է «3G» ցանցի ծանրաբեռնվածության հետ: Ի պատասխան այն հարցին, թե ինչու այդ մասին բաժանորդները պատշաճ չեն տեղեկացվել, լռում է: Թե ինչու ավելի շատ հաճախորդներ ձեռք բերելու և ցանցի ծանրաբեռնմանը զուգահեռ համապատասխան չափով նաև չի իջեցվել վարձավճարը, աշխատակիցը դարձյալ պատասխան չունի:

Արեն – Բա ինչի՞ եք նման կերպ վարվել ձեր յոթը տարվա բաժանորդի հետ, կարո՞ղ եք ինձ բացատրել: Ինչո՞ւ եք իմ ինտերնետը տասը անգամ թուլացրել:

ՎիվաՍել-ի աշխատակից – Ընդհանրապես օպերատորը իրավունք ունի, պայմանագրի մեջ նշված է …

– Գիտեմ, պայմանագրից եկեք չխոսենք. ես նշում եմ` ձեր յոթը տարվա բաժանորդն եմ, ձեզնից հարգալից վերաբերմունք եմ պահանջում: Պայմանագրով շատ իրավունք կարող եք ունենալ: Պայմանագիրը երբ կնքում են մարդիկ, խելամիտ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ոչ թե տասը անգամ միանգամից մարդկանց ինտերնետը թուլացնեք: Տեղից 1 Մբիթ-ի համար 5500 դրամ ենք վճարում, հիմա վերցրել, տասը անգամ թուլացրել եք իմ ինտերնետը` նույն 5500-ի դիմաց: Դուք ընդունում եք, որ իրավունք ունե՞ք նման կերպ վարվելու, հա՞:

Իմ ընտանիքը իր բյուջեից ամսական 30 հազարից ավել «ՄՏՍ»-ին վճարում է կատարում՝ թե՛ հեռախոսի վարձի միջոցով, թե՛ երկու հատ ինտերնետի միջոցով, դուք մարդկայի՞ն եք վարվել, որպես բաժանորդ, իմ հանդեպ:

– Այո, ես ձեզ հասկանում եմ, բայց դա կատարվել է 3G ցանցի ծանրաբեռնվածության պատճառով …

– Հարգելիս, իմ մեղավորությունը, որպես բաժանորդ, որպես յոթը տարվա բաժանորդ, կա՞ էդտեղ, թե՞ չկա: Չկա չէ՞ իմ մեղավորությունը: Ես սկսած 2009-2010թթ. «ՄՏՍ»-ի բաժանորդ եմ, յոթը տարի պարտաճանաչ իմ վճարումներն արել եմ, իմ վճարումների շնորհիվ, իմ շրջապատի շնորհիվ, իմ գյուղի շնորհիվ դարձել եք առաջատար օպերատոր: Մեր վճարումների շնորհիվ ձեր ընկերությունը ֆինանասավորվում, աշխատավարձեր եք ստանում, բա կարելի է՞ մեր հանդեպ նման կերպ վարվել: Բա ինչի՞ գոնե չեք ինֆորմացրել: Չէ՞ որ դուք միլիոնավոր sms-ներ եք ուղարկում մարդկանց` դրամահավաքներ, գուդոկ ծառայություն, «խնդրում ենք ձեր ամսեվարձը վճարել»… Բա ինչի՞ մի հատ sms էլ չեք ուղարկել մարդկանց, որ «գիտեք, հարգելիս, տասը անգամ ձեր ինտերնետը թուլացել է, դուք շարունակում եք օգտվել 128 Կբիթ/վայրկյան ինտերնետից», ինչի՞ չեք արել:

– Բայց ձեր ինտերնետը միանգամից չի թուլացվում, ձեզ տրամադրվում է սկզբից 1 Մգբիթ, եթե դա օգտագործում եք, նվազում է աստիճանաբար մինչև …

– Նվազում է: Բայց ինչի՞ պետք է նվազի: Աստիճանաբարը ո՞րն է: Դա էնքան արագ է տեղի ունենում: Մի ժամվա ընթացքում ամեն ինչը հատնում է: Ի՞նչ աստիճանաբարի մասին է խոսքը: Չէ՞ որ ես էն ժամանակ օգտվում էի լրիվ ուրիշ ինտերնետից, հիմա ստիպված եմ օգտվել լրիվ ուրիշ ինտերնետից: Եվ ինչո՞ւ հանրային մատչելի ինֆորմացիոն աղբյուրներով չեք տեղեկացրել, TV-ի միջոցով, SMS-ի միջոցովփողոցում գովազդային վահանակներ ունեք յոթ մետրանոց, մի հատ գրեիք, կպցնեիք: Ախր լավ, յոթանասուն տարեկան թոշակառուն, ով ինտերնետից օգտվում է, հարևանին խնդրում ա skype միացնի, իր երեխու հետ խոսի, հիմա չի կարողանում խոսել, էդ խեղճ թոշակառուն ի՞նչ իմանա վեբկայքի մասին, որ մի հատ էլ իր հարցերի պատասխանը վեբկայքում փնտրի: Ասենք, լավ, տասը անգամ թուլացրել եք, բա ինչի՞ գումարը թողել եք նույնը, ինչքանո՞վ է խելքին մոտ` մարդ տասը անգամ արագի համար էլ 5500 վճարի, տասը անգամ թուլացրել եք, նույն գինն եք թողել: Ինչքանո՞վ է` խելքին մոտ: Կասե՞ք, խնդրում եմ:

– Ես միայն կարող եմ ձեզ ասել, որ դա արվել է 3G ցանցի ծանրաբեռնվածության պատճառով: Հիմա ցանկանում են …

– Հարգելի օպերատոր, ծանրաբեռնվել է, ձեր մեղավորությունն է, հզորացրեք ոչ թե մարդկանց հաշվին, այլ ձեր հաշվին, չէ՞ որ մենք մեր վճարումները պարտաճանաչ կատարում ենք:

– Այո, հիմա կատարվում են փոփոխություններ …

– Բայց եթե թուլացրել եք, ինչի՞ եմ ես նույն գումարը վճարում, ինչ տրամաբանությամբ եք դուք շարժվում. 5500 դրամ վճարել եմ 10 անգամ արագի համար, 10 անգամ իջեցրել եք, էլի 5500 դրա՞մ պիտի վճարեմ ես: Ժովորդին թալանո՞ւմ եք: 128 Կբիթ-ը ո՞րն է: Ձեր ղեկավարությունը էդ ինտերնետի դեմ նստած կա՞ գոնե մեկ վայրկյան, օգտված կա՞ էդ ինտերնետից, որ հանրությանն է մատուցում, ձեր Ռալֆ Յիրիկյանը էդ ինտերնետից օգտվե՞լ է: Որևէ մեկդ փորձե՞լ եք էդ ինտերնետից օգտվել, հարց եմ ձեզ տալիս:

– Ոչ:

– Չեք փորձել չէ՞, որովհետև դուք էդքան, համոզված եմ, ինքնասիրություն ունեք, որ 128 Կբիթի դեմ չեք նստի, բա ինչի՞ եք էդ 128 Կբիթը մեզ տալիս, ախր դա կայք էլ չի բացում, գոնե հասարակ վեբկայք չի բացում …

***

Լոռու մարզի Հագվի գյուղի (որտեղից մեզ զանգում էր Արենը) մեծամասնությունը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ինտերնետ կապից է օգտվում: Գյուղապետ Հայկասար Մայիլյանը փոխանցեց, որ Հագվիում 500 մարդ է բնակվում, որոնց մոտ 80%-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդ է: «Հեռախոսի կապը նորմալ է, բայց ինտերնետինը չէ»,- ասաց գյուղապետը` նշելով, որ իր ընտանիքն էլ է օգտվում այդ կապից:

Գյուղում, բնակիչներից մեկի` Յուրա Միքայելանի խոսքով, շատերը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ինտերնետ ծառայության միջոցով փորձում են տեսազանգ կատարել (skype) արտերկրում գտնվող հարազատների հետ, սակայն հատկապես վերջին ամսին դա անհնար է: Սովորական կայքեր բացելը, ասում է, երբեմն տևում է մինչև տասը րոպե, կամ առհասարակ չի լինում:

Հարցին` արդյոք տեղեկացվել են, որ կապը թուլացել է մոտ տասը անգամ, Յուրան պատասխանում է` ոչ, հարևանից (նկատի ունի Արենին-Մ.Մ.) է իմացել: Հիմա մտածում է կասեցնելու մասին: «Որ ի՞նչ, 5500 դրամ ամիսը տամ ու չօգտվե՞մ: Մեր գյուղում, ում գիտեմ մեր շրջապատում, շատ բողոքավոր են: Բայց փողը մենք տոչնի մուծում ենք, չենք ուշացնում, թույլ ա, արագ ա, մենք 5500 դրամ ամսական պարտադիր մուծում ենք»,- ասում է Յուրան:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing