ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՍԿՍԻ ՎԵՐԱՖՈՐՄԱՏԱՎՈՐՎԵԼ․ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

1

hraparak.am — Քաղաքագետ Արմեն Բադալյանը, վերլուծելով ապրիլյան հեղափոխությունը, նշում է, որ հասարակությունը մինչ այդ գտնվում էր ապատիայի մեջ։ Եվ այդ ապատիայի մեջ էին գտնվում հատկապես միջին եւ բարձր տարիքի քաղաքացիները, քանի որ հիմնական պայքարի ձեւը ընտրել էին արտագաղթը։

«Ընտրվեց մի տեխնոլոգիա, որը երիտասարդներին փողոց դուրս բերեց, փողոցները փակեցին, խաղաղ անհնազանդությունը ցնցում առաջացրեց եւ հասարակության գիտակցության մեջ փոփոխություն առաջացրեց։ Միանգամից, մի քանի օրվա ընթացքում, բնակչությունը վերածվեց հասարակության։ Հասարակության գիտակցությունն արմատապես փոխվեց, եւ հիմա ժողովուրդը դարձել է բավականին ակտիվ հասարակություն։ Դա էլ բնականաբար ազդեց քաղաքական համակարգի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

 Քաղաքագետը հիշեցնում է, որ մինչ այդ ՀՀԿ-ն վարվում էր այնպես, ինչպես ուզում էր, արտաքուստ խաղում էր ժողովրդավարություն, սակայն դա կապ չուներ ժողովրդավարության հետ։

«ՀՀԿ-ն դե ֆակտո այսօր ուժ չի ներկայացնում, դե յուրե դեռեւս նա ունի ՀՀԿ-ական մարզպետներ, նրան են ենթարկվում ուժային կառույցները, մարզպետները։ Եվ հիմա տեղի է ունենում անցման շրջանը։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի մայիսի 8-ին դառնալ ՀՀ վարչապետ, ապա կսկսվի ծրագրի հաջորդ փուլը։ Ծրագրի առաջին կետը կատարվեց՝ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, ծրագրի երկրորդ կետը ընթացքի մեջ է, դա վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն։ Իսկ դրանից հետո կսկսվի քաղաքական համակարգի ամբողջովին վերաֆորմատավորումը։ Նոր կառավարությունը կարող է պաշտոնավարել երեք ամիս, թե վեց ամիս, բայց տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, ինչից հետո էլ տեղի կունենա քաղաքական համակարգի փոփոխություն։ Այսինքն՝ ՀՀԿ-ի միակուսակցական համակարգը, ամենայն հավանականությամբ, կվերանա եւ խորհրդարանում կհայտնվեն տարբեր ուժեր, մի քանի կուսակցություններ՝ կախված իրենց գրագետ քարոզարշավից։ Եվ դա կառաջացնի փոփոխություններ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսության մեջ»,- ասաց Արմեն Բադալյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache