Վլադիմիր Գասպարյանի և այլոց շինծու գործի արդյունքում ցմահ դատապարտված Արթուր Քոչարյանի բացառիկ հարցազրույցը

105

2005 թվականից ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանը շարունակում է պայքարել արդարադատությունը վերահաստատելու համար: Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կրկնում է, որ ինքը դատապարտվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մի շարք այլ անձանց կողմից «սարքած» գոծի հիման վրա:

Օգոստոսի 4-ին ցմահ դատապարտյալը հեռախոսազրույց ունեցավ ScanNews.am կայքի թղթակցի հետ: Նա պատմեց իր դատապարտման պատմությունը:

— Արթուր, քեզ սպանության մեղադրանք ներկայացվեց 2005 թվականին, երբ դու գտնվում էիր ժամկետային զինծառայության մեջ և ընդամենը 19 տարեկան էիր:

— Ցմահ ազատազրկման դատապարտվեցի 2005 թվականին Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից: Չեմ հանձնվել, ըստ ընթացակարգի բողոք եմ ներկայացրել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններին, ապա վճիռը բողոքարկել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ես 2003 թվականի հունիսի 20-ին զորակոչվեցի ծառայության` ԼՂՀ Մարտունի վարչական շրջանի զորամասում: 2004 թ.-ի սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին ժամկետային զինծառայող, լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին, որը 2 օր համարվում էր անհետ կորած: Այդ օրը մենք պետք է մասնակցեինք Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, սակայն առավոտյան տեղի ունեցավ սարսափելին` կախված վիճակում հայտնաբերվեց այդ տղայի դին: Ինձ և էլի տղաների շարքի մեջից դուրս հանեցին ու տարան Ստեփանակերտի ռազմական ոստիկանության մեկուսարան, որտեղ մոտ 20 օր պարբերաբար ծեծուջարդի էինք ենթարկվում: Ճնշումների միջոցով փորձում էին մեզնից ցուցմունք կորզել: Քննիչը Սերժ Փիլոյանն էր: Ես ընդհանրապես տեղյակ չէի սպանության կամ ինքնասպանության մասին: Գործը սկզբում որակվել էր` ինքնասպանություն, բայց քննության կեսից մեղադրանքը փոխվեց: Ես իսկապես ոչնչից տեղյակ չէի ու մինչև վերջ չընդունեցի մեղքս: Այնուհետև մեզ` Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխեցին Երևանի ռազմական ոստիկանություն, որտեղ էլ նույն պայմաններում պահվեցինք 1 ամիս: Քննիչը արդեն մեզ ստիպում էր իրենց թելադրանքով ցուցմունք տալ: Մեզնից ոչ ոք գործից տեղյակ չէր:

— Ցմահ դատապարտման վճիռը անսպասելի էր քեզ համար, ի՞նչ զգացիր այդ պահին…

— Ես մտածում էի, որ դատարանում կբացահայտվի մեր անմեղությունը և ազատ կարձակվենք: Մինչև վերջին ակնթարթը հույս ունեի, որ տուն կգնամ, կհասնեմ ընտանիքիս ու կկառուցեմ կյանքս: Հարվածը անակնկալ էր, ցնցումը սարսափելի: Ես դադարել էի իրականությունը տարբերել երազից, գիտակցությունս պաղել էր ու ոչինչ չէի ընկալում:

— Դուք դատապարտվել եք մի անձի ցուցմունքի հիման վրա, կմանրամասնե՞ք։

— Այդ ցուցմունքի իրականությունը հնարավոր չէր ապացուցել: Անդրանիկ Կարապետյանի սուտ ցուցմունքը խեղեց իմ կյանքը: Բոլոր ատյանները ինձ մերժեցին: ՄԻԵԴ-ից էլ 5 տարի անց արձագանքեցին, որ իմ ներկայացրած ապացույցները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ գործի վերաբացման համար: Եվրոդատարանի գրության վերջում երեք դատավորների ստորագրություն էր, որոնցից 2-ը հայ էին: Այստեղից ինձ պարզ դարձավ, թե ինչու եմ մերժվել: Արդեն 14 տարի ես կալանավորված եմ ու դեռ հավատս չեմ կորցրել:

-Կան ցմահ դատապարտյալներ, ովքեր ընտանիք են կազմում անազատության պայմաններում: Դուք երբևէ մտածել եք այս մասին։

— Ես հարգում եմ մարդկանց նման որոշումները, սակայն ես ապրում եմ տուն վերադառնալու հույսով: Ուզում եմ հարազատներիս կողքին լինել, նորմալ ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: Ունեմ հայր մայր, քույր, եղբայր: Տան փոքր զավակն եմ: Վճիռը կարդալու օրը հորս ինսուլը խփեց, իսկ մեկ շաբաթ անց մայրս սրտի կաթված ստացավ: Նրանք զինվոր էին ճանապարհել բանակ և կարոտով և հպարտությամբ սպասում էին: Ես 14 տարի տուն չդարձող զինվորն եմ ու հույս ունեմ կվերադառնամ մի օր…

Արթուր Քոչարյանը դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Իր գրած բաց նամակում ցմահ դատապարտյալը ընդգծել է.

« … Հիմա շատ բան է փոխվել մեր երկրում թավշյա հեղափոխությունից հետո: Դիմում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք արդարությունը և բացահայտեք այս հանցագործությունը: Հուսով եմ այս անգամ ձայնս տեղ կհասնի և կվերականգնվի արդարությունը:

Նամակին կից ուզում եմ ավելացնել իմ վերջին խոսքը դատարանի դահլիճում:

Վերջին խոսքը

Ես ձեզանից ներողություն չեմ խնդրում, քանի-որ մեղքի անգամ մի մասնիկ չունեմ: Իրական պատժի մասին թող մտածեն իրական հանցագործները, նրանց պարտկողներն  ու հովանավորողները:

Թող ներեն ինձ Արթուրի ծնողներն ու ինքը՝ Արթուրը, որ այդ պահին նրա կողքին չեմ եղել, որ կանխեմ դա: Եվ թող ների մեզ բոլորիս Աստված….

Հասկացեք, ես մեղավոր չեմ: Այսքան մեղք ինչպե՞ս պիտի կրեք ձեր հոգու մեջ:

Ես չեմ խնդրի մեղմ վերաբերվել կամ ներել, այլ իմ պահանջը հետևյալն է ՝ ճանաչել իմ անմեղությունը կամ գործը ուղարկել հետ՝ քննության: Զղջում եմ նրա համար, որ մորս աչքերը նայում են ոչ թե որպես զինվորի, այլ իբրև մարդասպանի…»

Նշենք, որ նախկին զինծառայողներ Արթուր Քոչարյանը, Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը դատարտվել են 19 տարեկանում՝ ցմահ ազատազրկման Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով Ավետիք Թումանյանի և Սուրեն Չոբանյանի պատժաչափերը փոխարինվել են 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Քոչարյանինը մնացել է անփոփոխ՝ ցմահ ազատազրկում:

Փաստաբաններն, ովքեր զբաղվել են այս գործով, արձանագրել են՝ դատավճռի հիմքում չկա որևէ փորձաքննության տվյալ, ըստ որի ամբաստանյալների հետքերը, նրանցից վերցված նմուշները հայտնաբերված լինեն հանգուցյալ զինվոր Արթուր Մեսրոպյանի մարմնի կամ նրա հագուստի վրա:

Լուսին Ղազարյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache