Ո՞ւմ է արտահանձնում Պուտինը

140

1in.am — Միքայել Հարությունյանին Հայաստան արտահանձնելը մերժելը թյուր տպավորություն կարող է ստեղծել, թե Ռուսաստանը դարձել է իրենց երկրներում արդարադատությունից խուսափող մարդկանց ապաստարան։ Սակայն հենց նույն օրերին ռուսական «Ռեգնումը» լուր տարածեց այն մասին, որ Ալիև-Պուտին Սոչիի հանդիպումից հետո Ռուսաստանում ձերբակալվել են թալիշական ազգային գործիչ Ֆահրադդին Աբասզոդային, որի նկատմամբ Ադրբեջանի կողմից հայտարարվել էր միջազգային հետախուզում։ 2018թ. հուլիսի 14-ին Բաքվի դատարանը որոշում էր ընդունել նրան ձերբակալելու մասին, և, ամենայն հավանականությամբ, նա կհանձնվի Ադրբեջանին https://regnum.ru/news/polit/2479057.html։

Ֆահրադդին Աբասզոդան 1993-94 թթ. ղեկավարել էր Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության խորհրդարանը, այնուհետև, վախենալով քաղաքական հետապնդումներից, լքել էր Ադրբեջանը։ Ռուսաստանում էր գտնվում օտարերկրյա քաղաքացու մշտական կեցության կարգավիճակով, 2014թ. դիմել էր Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա գործը մինչ օրս պատկան մարմինները չէին քննարկել։ Վերջին տարիներին զբաղվում էր գիտական, թարգմանական և հրատարակչական գործունեությամբ։

Հատկանշական է Աբասզոդային Ադրբեջան արտահանձնելու որոշումը հենց այն օրերին, երբ Պուտինը մերժեց Միքայել Հարությունյանին Հայաստան վերադարձնել։ Ճիշտ է, թալիշական գործիչը Ռուսաստանի քաղաքացու կարգավիճակ չուներ, բայց տվյալ պահին դա զուտ իրավական մանրամասն է։ Իսկ քաղաքական տեսանկյունից խորհրդանշականն այն է, որ Ռուսաստանը Բաքվի հանդեպ բարի կամքի ժեստ է անում հենց այն հարցով, որով մերժում է Հայաստանին։

Ֆահրադդին Աբասզոդան չէր փնտրվում 10 մարդու սպանության մեղադրանքով, նա պարզապես պայքարել էր իր ժողովրդի ազատագրման համար, հոդվածներ էր հրապարակել։ Այս փոքրիկ համեմատությունը խոսում է այն մասին, որ միջազգային հետախուզման մեջ գտնվողներին արտահանձնումը Ադրբեջանը նույնպես օգտագործում է որպես քաղաքականության գործիք, և համեմատությունը հիմա Հայաստանի օգտին չէ։

Հարցն ունի նաև կարևոր հումանիտար ասպեկտ, քանի որ Աբասզոդան գտնվում է շատ ծանր առողջական վիճակում, և երկար բանտարկությունը նրան պարզապես հակացուցված է։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache