Ո՞ւր են հոսում գումարները. բանակը մնացել է ժողովրդի հույսին

0

Ֆեյսբուքում վերջին շրջանում հանդիպում ենք տարբեր բարեգործական նախաձեռնությունների, որոնց նպատակը բանակին լվացքի մեքենաներ, տուֆ, օգտագործված անվադողեր մատակարարելն է:

Միանգամից երկակի զգացում է առաջանում. մի կողմից` խրախուսելի է, որ հասարակական տարբեր խմբեր կանգնած են բանակի թիկունքին, մյուս կողմից` զգացվում է պետության, պետական մտածողության, արդյունավետ կառավարման բացակայություն: Ինքնին հասկանալի է, որ բանակը միայն պետական բյուջեի հույսին մնալ չի կարող` օբյեկտիվ պատճառներով: Գոյություն ունեն միջազգային նորմեր, Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, որոնք սահմանափակում են պետական հատկացումները զինված ուժերին, մյուս կողմից` միայն մեր բյուջեն չի կարող սպասարկել բանակի կարիքները` հաշվի առնելով Ադրբեջանի շռայլ ծախսերը զինված ուժերի վրա: Սակայն այս օբյեկտիվ պատճառները իշխանությունների համար ալիբի են դառնում տնտեսության օլիգոպոլ համակարգը պահպանելու, տնտեսությունն որակապես չզարգացնելու համար: Պատերազմն ու բանակը տարիներ շարունակ դարձվել են ստվերային տնտեսության արատավոր մոդելի պահպանման մոտիվացիա. իբրև թե օլիգարխները մուծվում են «սև դրամարկղ», որտեղից էլ հատկացումներ են արվում զինված ուժերին: Այս միֆի սնանկությունը տեսանք 2016-ի քառօրյա պատերազմի օրերին. մեր բանակը, մեղմ ասած, պատրաստ չէր պատերազմին` առաջին հերթին, ռազմատեխնիկական հագեցվածության առումով: Օլիգարխիան` իր կերպարով, արժեհամակարգով, մեղմ ասած, պետական մտածողություն ունեցող սեգմենտ չէ և ավելի շատ հակված է գողանալ պետությունից, բանակից, քան տալ, օգնել նրանց:

Մյուս կողմից` գործ ունենք բանակային կոռուպցիայի, պետական և այլ միջոցների մսխումների հետ: Եթե նույնիսկ չկան հարուցված քրեական գործեր, ճաղերի հետևում գտնվող բարձրաստիճան զինվորականներ, նրանցից շատերի դղյակները, ճոխ ամտոմեքենաները, ցոփ ու շվայտ կյանքը կոռուպցիայի խոսուն, ճչացող դրսևորում են:

Պետությունը բանակի հարցում վարում է, մեղմ ասած, ոչ արդյունավետ քաղաքականություն: Միայն անտաղանդ, ապաշնորհ իշխանությունը կարող էր «Ազգ-բանակ» նախաձեռնությունն իջեցնել «1000 դրամի» օրենսդրական նախաձեռնության նշաձողին` բանակը դարձնելով կենցաղային էժան խոսակցությունների նյութ: Հասարակությունը իշխանություն է ձևավորում, որպեսզի այն արդյունավետ կառավարի երկիրը` լուծելով առաջին հերթին նրա անվտանգության հարցերը: Քաղաքացիները` իրենց զինվորական պարտքը կատարելուց զատ, բանակին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը պետք է օգտակար լինեն պարտաճանաչ հարկատու լինելով: Եթե վճարված պետական հարկերից բացի` պետությունը օրենքի ուժով կամ բարեգործական քողի տակ մտնում է քաղաքացու աջ, հետո` ձախ գրպանը` վիրավոր զինվորի բուժսպասարկման հարցերը լուծելու կամ բանակին լվացքի մեքենա գնելու նպատակով, ապա դա միայն արժեզրկում է բանակը` այն հասարակության կոնսոլիդացիայի խորհրդանիշից վերածելով պատրվակի, որի միջոցով իշխանությունները թալանում են հասարակությանը: Եվ այս ամենը տեղի է ունենում գեներալիտետի շատ ներկայացուցիչների դղյակների, բիզնեսների բարգավաճման ֆոնին:

Մենք կարող ենք ունենալ ուժեղ և մարտունակ բանակ` զարգացած տնտեսության, վստահություն վայելող իշխանության պարագայում: Այդ դեպքում բանակին նվիրված բարեգործական ակցիաները միանգամայն այլ որակ ու բովանդակություն կունենան` իրենց մեջ կրելով ազգային տուրքի, միասնության գաղափարները:

Այսօրվա բարեգործական ակցիաների դրական էֆեկտը գրեթե զրոյական է, որովհետև դրանք` մի կողմից, բացահայտում են պետության, ըստ էության, բացակայությունը, մյուս կողմից` անկախ հռչակված նպատակներից, ամրագրում են այսօրվա արատավոր ստատուս-քվոն, երբ բանակի կարիքները մնում են աղքատ հասարակության ուսերին, իսկ բյուջետային և ստվերային եկամուտները հայտնվում են իշխանության ներկայացուցիչների երախում: Իսկ բանակը պետք է լինի ոչ թե չարչիության, այլ` հպարտության խորհրդանիշ:
Ի վերջո, այն Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության բացառիկ պատվարն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache