Ո՞ր ՀՀԿ-ն է արձակուրդում՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի

130

1in.am — Հանրապետական կուսակցությունը դեռևս չի քննարկել և չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ` ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Մեզ մոտ արձակուրդի փուլ է, երբ վերադառնան, կունենանք համապատասխան քննարկում և կորոշենք»,- նշել է Թադևոսյանը՝ հավելելով, որ մինչև օգոստոսի 15-ը ՀՀԿ-ականները կվերադառնան արձակուրդից:

Թադևոսյանի պատասխանն ուշագրավ է ամենևին էլ ոչ քաղաքապետական ընտրությունների համատեքստում․ ՀՀԿ վերնախավը բավականին քաղաքական փորձառություն և հասունություն ունի, որպեսզի հասարակության համատարած մերժման ֆոնին չմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, մանավանդ որ դրանք քաղաքական առումով գրեթե ոչինչ չեն որոշում, և չարժե ռեսուրսները փոշիացնել խորհրդարանական առաջիկա ընտրություններին ընդառաջ, որտեղ ՀՀԿ-ն հավակնում է գլխավոր ընդդիմադիրի դերին։

Ինքնին հետաքրքիր է արձակուրդի ձևակերպումն այն պարագայում, երբ ՀՀԿ-ն այս օրերին հասցրեց երկու հայտարարություն անել հաջակցություն Ռոբերտ Քոչարյանի ու խորհրդարանում գլուխ բերեց ստորագրահավաքի բարդ գործը՝ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության համար ստանալով 45 պատգամավորների երաշխավորություն։

Ստացվում է՝ ՀՀԿ-ն երկվության մեջ է․ արձակուրդում է, երբ հարցը վերաբերում է, օրինակ, Երևանի ավագանու ընտրություններին ու խիստ աշխատանքային ռեժիմի մեջ է, երբ անհրաժեշտ է աջակցել Ռոբերտ Քոչարյանին։ Արտաքուստ հակասական վիճակ է, որովհետև եթե կուսակցությունը հավաքվում է Քոչարյանի հարցով հայտարարություն ընդունելու, շատ հանգիստ կարող է քննարկել նաև ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը՝ հատկապես որ երկրորդ խնդիրն ավելի հարիր է քաղաքական ուժի օրակարգին, ֆունկցիոնալ դերակատարությանը։

Կարելի է ենթադրել, որ արձակուրդի մեջ է գտնվում Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, որի համար օրակարգային են ընտրություններին մասնակցության կամ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հարցերը։ Եվ դատելով Ռուբեն Թադևոսյանի խոսքից՝ կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 15-ին վերադառնալու է արտերկրից ու ՀՀԿ արձակուրդն այդ իմաստով ավարտվում է, կամ ավարտվում է արձակուրդը Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի համար։ Հետաքրքիր է, թե օգոստոսի 15-ից հետո ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանի ՀՀԿ-ն, որն ամառվա տապին ոչ միայն արձակուրդ չգնաց, այլև ակտիվորեն զբաղված էր քրեաօլիգարխիայի «զորաշարժով»՝ հող նախապատրաստելով ռուսական ինտերվենցիայի համար։ Արդյո՞ք օգոստոսի 15-ից գալու է այս ՀՀԿ-ի «արձակուրդի» շրջանը, թե՞ ականատեսն ենք լինելու միանգամայն նոր իրավիճակի, որտեղ երկու ՀՀԿ-ները հակադրվելու են կամ գալու են համակեցության։

Այսօր շատերին է հետաքրքրում, թե արդյո՞ք ՀՀԿ-ն դառնալու է այն ցուցանակը, որի ներքո մեկտեղվելու են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ռեսուրսները։ Միայն ներքին մոտիվներով նման միավորումը գրեթե անհնար է․ Սարգսյանն ու Քոչարյանը մրցակիցներ են՝ իրենց հակադիր շահերով, առնվազն այն հարցում, թե նրանցից ով է կարողանալու դիմացինին «փուռը» տալ նախորդ տարիների հանցագործությունների համար։ Տաս տարի շարունակ Սերժ Սարգսյանը բացահայտորեն «գործ» է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ իր իշխանությունը սահմանազատելով նրանից ու փակելով երկրորդ նախագահի վերադարձի բոլոր ճանապարհները։ Կալանավորվելուց մի քանի ժամ առաջ «Երկիր մեդիա»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի քանի դրվագով ուղիղ «ցուցմունք» տվեց Սերժ Սարգսյանի դեմ։ Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ավելի շատ ախոյաններ են, քան դաշնակիցներ, և գործնականում նրանք միասին կարող են լինել միայն երկու դեպքում՝ կամ ԱԱԾ մեկուսարանում, կամ էլ՝ «հինգերորդ շարասյան» կարգավիճակում, երբ համատեղ ուժերով պետք է ապահովեն «11-րդ բանակի» հերթական ներխուժումը Հայաստան։

Եթե Մոսկվան որոշի կոնսոլիդացնել հայկական քրեաօլիգարխիային, ապա օգոստոսի 15-ից հետո ՀՀԿ-ն հանդես կգա «ռուսական» կուսակցության ցուցանակի ներքո՝ մեկտեղելով ռևանշիզմին ձգտող բոլոր սեգմենտներին, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող խմբերի ու անհատների ռեսուրսները։ Հակառակ պարագայում մենք ականատես կլինենք թարմ ուժերով վերադարձած Սերժ Սարգսյանի հակագրոհին, որը փորձելու է հետ նվաճել այն տարածքը, որտեղ փորձում է ռեաբիլիտացվել Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀԿ առաջնորդի, նրա ազդեցության հաշվին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache