Լրահոս

Ո՞րն է եղել զենքը վայր դնելու պատճառը

 

preview

mitk.am – Զինված ապստամբության մեկնարկից հետո հակասական տեղեկություններ էին ստացվում կողմերի միջեւ բանակցությունների մասին: Զինված խումբը դրել էր մի քանի պահանջներ, այդ թվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Բանակցություններին ներգրավված էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, եւ ինչ որ պահի խոսք էր գնում այն մասին, որ որպես «փոխզիջում» հանվի Սարգսյանի հրաժարականի պահանջը:

Ժիրայր Սեֆիլյանն ասում էր, որ իրեն հնարավորություն տրվի հանդիպել խմբի անդամների հետ, որից հետո պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Իր հերթին, Սերժ Սարգսյանի անունից ասվում էր, որ եթե խումբը վայր դնի զենքը, Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ քննարկել իրավիճակը:

Բավական հակասական իրավիճակ էր նաեւ պահանջների հարցում, հստակություն չկար: Քանի որ այս «բանակցությունները» միջնորդավորված էին, հակասական տեղեկություններ էին ստացվում նաեւ այն մասին, թե արդյոք Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:

Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանը հավաքեց իրավապահներին եւ ներկայացրեց իր պայմանները, որն ավելի շուտ վերջնագիր էր. «Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»:

Դրանից հետո իշխանությունն անցավ կոշտ գործողությունների: Մի կողմից, սկսեցին շարքից հանվել խմբի անդամները, մյուս կողմից ոստիկանությունը կոշտ գործողությունների դիմեց ցուցարարների հանդեպ, իսկ հուլիսի 23-ին եւ 29-ին տեղի ունեցավ իսկական ջարդ: Բանակցությունների մասին կարծես թե հրապարակային այլեւս չէր խոսվում:

Այս իրավիճակը շարունակվեց մինչեւ հուլիսի 31-ը, երբ զինված խումբը վայր դրեց զենքը: Մինչ այդ, տարածվեց Ժիրայր Սեֆիլյանի առաջարկ-հայտարարությունը, որում նա շարադրել էր Հայաստանում փոփոխությունների վերաբերյալ իր տեսլականը: Նա ասում էր, որ այդ առաջարկներն ընդունվելու դեպքում ինքը պատրաստ է հանդիպել զինված խմբի անդամներին եւ համոզել վայր դնել զենքը:

Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո զինված խումբը հայտարարեց, որ վայր է դնում զենքը: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության մեջ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին խոսք չկար:

Հուլիսի 31-ի իրադարձությունները զարգացան շատ արագ, իշխանությունն արդեն անցել էր բացահայտ հոգեբանական ճնշման ու ռեպրեսիվ միջոցների, ինչն էլ, շատերի կարծիքով, դարձավ զենքը վայր դնելու որոշման պատճառը: Այս մասին է վկայում նաեւ այն, որ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության եւ հանձնվելու որոշման միջեւ շատ կարճ ժամանակահատված էր:

Հնարավո՞ր է, որ զինված խմբի ու Ժիրայր Սեֆիլյանի միջեւ որոշակի «խզում» էր առաջացել:

Օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը նոր ելույթ ունեցավ, որում անդրադարձավ իրավիճակի հանգուցալուծմանը: Ելույթում անդրադարձ կա այն խնդիրներին, որոնք շոշափել էր Ժիրայր Սեֆիլյանն իր հայտարարության մեջ, մասնավորապես կառավարության փոփոխության հարցը:

Սակայն ելույթը միանշանակ չէ, եւ հասկանալի չէ՝ արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստ է արմատական փոփոխությունների, թե ոչ: Նույն կառավարության մասով նա ասում է, որ մի քանի ամիս անց այն փոխվելու է, եւ լինելու է առավել լայն համաձայնության կառավարություն:

Մյուս կողմից, սակայն, նա գծել է նաեւ այն ուժերի շրջանակը, որոնք ներկայացված են լինելու այդ կառավարությունում՝ դրանք իրեն լոյալ ուժերն են: Ի դեպ, իր ելույթում Սերժ Սարգսյանը կոշտ ակնարկներ է արել Ժիրայր Սեֆիլյանի հասցեին:

Եվ այսպես, ո՞րն է եղել զենքը վայր դնելու պատճառը կամ պայմանը: Զինված խմբի անելանելի վիճա՞կը, որը կապված էր իշխանության կոշտ գործողությունների ու ժողովրդական ալիքի բացակայության հետ, թե որոշակի փոփոխությունների գնալու համաձայնությունը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing