«Ո՞վ է այդ պատահական մարդկանց, այն էլ՝ բանակում չծառայած, բերել կառավարություն». բաց նամակ՝ կառավարությանը

45

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Ռուբեն Թորոսյանն անդրադարձել է նոր կառավարության գործունեությանը՝ ներկայացնելով իր մտահոգությունները.

«Համագործակցել եմ անկախ Հայաստանի գրեթե բոլոր կառավարությունների հետ, սակայն, այն ինչ զգացի շփվելով թավշյա կառավարության աշխատակազմի հետ, մեղմ ասած, մտահոգիչ է: Իսկ, քանի որ կարևորը փաստերն են, տեղեկացնեմ հետևյալը՝

Հայոց խորհրդարանի 100 ամյակի շրջանակներում, դեռևս երկու ամիս առաջ, ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք պատգամավորների անունից դիմեցի մեր սիրելի Վարչապետին մի քանի առաջարկություններով, այդ թվում, իր հետ հանդիպման համար: Անցավ մոտ մեկ ամիս և ոչ մի արձագանք: Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը դիմեց կառավարության աշխատակազմ, որտեղից վերջապես պատասխանեցին՝ «ընթացքի մեջ է»:

Անցավ ևս 2 շաբաթ՝ նորից ոչ մի տեղաշարժ, իսկ քանի որ մոտենում էր Հայաստանի խորհրդի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին փորձել էինք հրավիրել նաև պարոն Վարչապետին, որոշեցի նորից անհանգստացնել այդ ընթացքատերերին: Զանգահարեցի մեր մոտ պահպանված հեռախոսահամարով, որը գործերի կառավարիչի տեղակալինն էր (Դավիթ, ազգանունը չգիտեմ), որը համարյա զայրացավ, թե ո՞վ է համարձակվել իր հեռախոսահամարը տրամադրել ինձ: Առաջարկեց զանգահարել 515 913 հեռախոսահամարով… պարզվեց նամակների բաժինն է:

Ռուս-հայերեն բառապաշարով, այն էլ, ծայրաստիճան կոպիտ տոնով մի կին խորհուրդ տվեց դիմել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նույնպես, չղեկավարվելով սիրո և համերաշխության լոզունգներով, առաջարկեց դիմել Արարողակարգերի վարչության պետ պարոն Ալիկ Մխիթարյանին: Իբր բարեհամբյուր այս պարոնն էլ պատասխանեց, որ իր մոտ ոչ մի գրություն էլ չկա և առաջարկեց մեր երեք գրությունն էլ նորից ուղարկել իրեն, խոստանալով, որ կտեղեկացնի վարչապետին և կհայտնի մեզ…ՉՀԱՅՏՆԵՑ:

Անցավ մոտ 10 օր, զանգահարեցի պարոն Ալիկ Մխիթարյանին… ոչինչ չէր հիշում…թարմացրեցի…կարծես, չէր էլ հասկանում, թե ինչի մասին եմ խոսում…սակայն, ասեց, ու տեսեք թե ինչ ասեց՝ ինքը որոշել է, որ վարչապետը շատ զբաղված է և ժամանակ չունի տեղեկանալ մեր գրությունների մասին: Բա, խոստումդ…

Իհարկե, սա Փաշինյանի ոճը չէ, սակայն ո՞վ է այս պատահական հեղափոխականներին կուտակել կառավարության շենքում: Փորձեցի կառավարության կայքով տեղեկանալ այդ մարդկանց մասին՝ Ալիկ Մխիթարյանը կենսագրություն չունի, անգամ վարչության պետ էլ չի, իսկ Նաիրի Սարգսյանը բանակում չի ծառայել…Վախեցա շարունակեմ, վախեցա վնասեմ թավշյա հեղափոխությանը, որը եթե հարկ լինի ատամներով էլ պետք է պաշտպանել:

Այնուամենայնիվ, ո՞վ է այդ պատահական մարդկանց, այն էլ՝ բանակում չծառայած, բերել կառավարություն»:

Ռուբեն Թորոսյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache