Ո՞վ է եղել մոր և դստեր ինքնասպանության՝ Դավթաշենի կամրջից նետվելու դրդապատճառը

2

«Հայկական ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել Դավթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու մասին:

Ինչպես պարզվեց ՔԿ հաղորդագրությունից, դեպքի օրը՝ 37-ամյա Գայանե Հարությունյանը դստեր՝ Անահիտի հետ այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա վերցրել եւ դուրս եկել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընթացքում մայրը երեխային տարել է նաեւ պիցցայանոցի խաղասրահ, ժամանակ անցկացրել դստեր հետ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երեխայի հայրական կողմը աղանդավորական է եւ մայրը՝ Գայանեն, փորձել է դստերը ետ պահել նրանց հետ շփումներից: «Ես չեմ թողնի, որ երեխաս իրենց հետ մեծանա, կդարձնեն սեկտայի անդամ»,- հարազատներին ասել է Գայանեն:

Գայանեն փետրվարի 13-ին աշխատանքից եկել է տուն ժամը 18:00-ի սահմաններում ասել է՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ, ու չի եկել: Նույն օրը՝ ժամը 22:25-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել մոր եւ դստեր կորելու մասին: Ապա ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին են գնացել Գայանե Հարությունյանի ծնողները: Պարզվեց, որ մայրը դստեր հետ ինքնասպանություն է գործել անհետանալու օրը՝ փետրվարի 13-ին, պարզապես նրանց դիերը հայտնաբերել են երկու օր անց:

Մեր տեղեկություններով, Գայանե Հարությունյանը ամուսնալուծվել է 8 տարի առաջ, սակայն այս տարեսկզբին փորձել է հաշտվել ամուսնու հետ, բայց ամուսինը չի համաձայնվել:

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մաս) եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով (ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին  մասով):

Հ. Գ. Ինքնասպան եղած կնոջ նախկին ամուսնու ընտանիքից մի երիտասարդ քիչ առաջ զանգահարեց «ՀԺ» խմբագրություն եւ հերքեց աղանդավոր լինելու մասին տեղեկությունները: Ասաց, որ սուտ է, նման բան չկա, նորմալ ընտանիք է: «Սա երկկողմանի վիշտ է, նման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache