Ո՞վ է Հայաստանում թելադրում քաղաքական օրակարգը

54

Ժամանակակից քաղաքական տեսություններում կարևոր տեղ է զբաղեցնում «agenda-setting» (Օրակարգի ձևավորման) տեսությունը։ Ամերիկացի հետազոտող Բերնարդ Կոհենը այսպես է ձևակերպում այդ տեսության իմաստը․ «Մամուլին քիչ է հաջողվում մարդկանց թելադրել, թե ինչպես մտածեն, սակայն մեծ հաջողությամբ կարողանում է նրանց փոխանցել, թե ինչի մասին մտածեն»։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Քաղաքականության մեջ կարևոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թե ինչի մասին նրանք մտածեն», այսինքն թելադրել օրակարգ։ Իսկ ո՞վ է Հայաստանում կարողանում «հանրային», այսինքն՝ իր օրակարգը թելադրել։

Հայաստանի քաղաքական օրակարգը

Մինչհեղափոխական Հայաստանում հիմնական newsmaker-ից էր Նիկոլ Փաշինյանը։ Դրանք հանրության տրամադրություններն արտահայտող ելույթներ էին, որին վարկաբեկված իշխանական էլիտան պատասխանել չէր կարողանում։ Այս տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ Փաշինյանը իրադարձությունների կենտրոնում էր. նա ոչ միայն նորությունների գլխավոր հերոսն էր, այլև իրադարձությունների կազմակերպիչը։ Նա օրակարգ էր թելադրում, որին անգամ իշխանության վերահսկողության տակ գտնվող մամուլն էր ստիպված արձագանքել, այլապես վերջնականապես կկորցներ լսարանը։

Հեղափոխությունից հետո իրավիճակը սկսել է փոխվել։ Երկար ժամանակ խորհրդարանական կուսակցությունները դիտորդի կամ պաշտպանվողի դերում էին։

Այսօր իրավիճակը փոխվում է։ Քրեական գործի անընչությամբ «նորությունների հերոսը» դառնում է Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր նա է հայտնվել իրադարձությունների կենտրոնում։ Նա դարձել է ԶԼՄ-ի «ծանոթ» դեմք, նրա նկարներն են գլխավոր նորություններում, որից ինչ-որ քայլեր են ակնկալում։ Պատահական չէր, որ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի քաղաքական հատվածի հիմնական մասը Քոչարյանի նախորդ հարցազրույցի պատասխաններն էին։

Իրավիճակը կարելի է նկարագրել հետևյալ կերպ․ Փաշինյանի և Քոչարյանի միջև քաղաքական օրակարգ ձևավորելու համար պայքար է սկսվել։

Ընդդիմադիր դիրքերից քննադատողը և իշխանության դիրքերից հանդես եկողը տարբեր իրավիճակային պայմաններում են գտնվում։ Ընդդիմադիր դիրքերից հանդես եկողը քննադատում է կառավարությանը և ձևավորում է «քննադատող օրակարգ», իսկ իշխանության դիրքերից հանդես եկողը «ստեղծագործական օրակարգ» պետք է թելադրի։ Փաշինյանը դեռևս չի կարողանում «ընդդիմադիր» դիրքից անցում կատարել դեպի «իշխանական» դիրքը և պետության զարգացման հայեցակարգ ձևավորել։

Գործող կառավարության մյուս թույլ կողմը քաղաքական օրակարգ ձևավորող և դրանք հանրությանը ներկայացնող հրապարակային թիմի բացակայությունն է՝ ի տարբերություն նախկին իշխանության, որտեղ նորություններում հանդես եկողներ դեռևս մնացել են։

Մինչև ընտրությունները դեռ շատ ժամանակ կա, և իրավիճակը կարող է փոփոխությունների ենթարկվել։ Բոլոր դեպքերում Փաշինյանը ճիշտ է. Հայաստանում իրավիճակ է փոխվել, սակայն թե այդ փոփոխությունները որ ուղղությամբ կզարգանան, բազմաթիվ հանգամանքներից է կախված։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache