Լրահոս

Ո՞վ կարող է տալ զորքի հետքաշման հրաման. Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը

 

Արցախի զորամասերից մեկում համերգից ու պարգեւատրումներից հետո Սերժ Սարգսյանը մի շարք ներքաղաքական հայտարարություններ է արել, մասնավորապես առաջիկա ընտրությունների եւ նախագահի պաշտոնը 2018-ին թողնելուց հետո իր ծրագրերի մասով:Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, որ ՀՀԿ-ն գնում է մեծամասնություն վերցնելու:
Եվ «հիմնավորել» է, թե ինչու. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում»:
Հասկանալի է, թե ում նկատի ունի Սերժ Սարգսյանը, ասելով, թե «ում ենք ընտրում»: Եվ պատահական չէ, որ նա փաստացի առաջին անգամ «միջամտում» է ընտրարշավին Արցախից, կամուֆլյաժով, դնելով անվտանգության խնդիրը: Այս հանգամանքը երկու տասնամյակ շարունակ ավանդաբար դրվում է իշխանության ձեւավորման հիմքում, քանի որ իշխանությունն այլ ասելիք ու փաստարկ չունի հանրությանը: Չկան ձեռքբերումներ տնտեսության, հանրային կյանքի այլ ոլորտներում: Եվ մնում է անվտանգության սպառնալիքը, որով էլ «արդարացվում» են ձախողումները մյուս ոլորտներում:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ուշագրավ «հիմնավորում» է բերում, ասելով՝ «հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում»: Թե հարձակման, թե հատկապես հետքաշման հրաման տալու ներքին ուժ իսկապես քչերը կարող են ունենալ, եւ ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը: Դա կապ ունի՞ նոր խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնության ակնկալիքի հետ՝ մասնավորապես արտաքին «լեգիտիմության» համատեքստում:Մյուս կողմից, խոսելով 2018-ին իր քաղաքական ծրագրերի մասին, Սերժ Սարգսյանն ասում է. «եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։

Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։ Նոր Սահմանադրությամբ անվտանգությունը խաղաղ պայմաններում ապահովում է բանակը՝ պաշտպանության նախարարը, պատերազմի ժամանակ՝ վարչապետը:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing