Լրահոս

«Ուղղակի շան լափ լցրեցին Հայաստանի իշխանությունների գլխին»

 

arm148137157789

lragir.am —  2016 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով առաջընթաց չի արձանագրվել, և նախորդ տարիների համեմատ լուրջ փոփոխություն չի արձանագրվել: Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Lragir.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձավ այս տարվա իրավիճակին:
«Բավական դժվար է ասել՝ տարեցտարի հետընթաց արձանագրվում է այս առումով, թե ոչ, որովհետև դա կախված է քաղաքական վիճակից: Հայաստանում որպես կանոն հետընթաց արձանագրվում է քաղաքական ճգնաժամերի ժամանակ, որոնք հիմնականում համընկնում են նախագահական ընտրությունների հետ: Այս տեսակետից, եթե ընդհանուր առմամբ ասենք, Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ ունեն, բայց ճգնաժամերի ժամանակ դրանք զանգվածային բնույթ են կրում: Ես սա շեշտում եմ, որովհետև մարդու իրավունքների բնագավառում առաջխաղացում ես բացառում եմ, որ լինի, քան դեռ կա բացարձակ իշխանություն: Որպեսզի որևէ երկրում մարդու իրավունքը պաշտպանվի, ամենակարևոր ցուցանիշը իշխանության սահմանափակումն է: Ինչքան իշխանությունը մեծ է, այնքան մարդու իրավունքների վիճակը վատ է»,- ասաց Իշխանյանը:
Նա նշեց, որ իշխանության սահմանափակում ասելով՝ նկատի ունի իշխանության տարանջատումը, երբ որ հստակ տարանջատված են գործադիր ու դատական նիշխանությունները: Քանի դեռ, նրա խոսքով, դատական իշխանության պորտալարը չի կտրվել գործադիր իշխանությունից, Հայաստանում միշտ ունենալու ենք մարդու իրավունքների ողբալի իրավիճակ: Հետևաբար, չպետք է հույս ունենալ, որ ինչ-որ մի տարի մյուսի համեմատ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում կբարելավվի, պարզապես լինում են ճգնաժամային վիճակներ, որոնք համընկնում են ընտրությունների հետ և իշխանությունը պահելու նպատակ են հետապնդում:
Իրավապաշտպանը 2106 թվականին մարդու իրավունքների տեսանկյունից երեք ճգնաժամային իրավիճակ է առանձնացնում: Դրանցից մեկն ապրիլյան պատերազմն էր:
«Կոռուպցիան շատ է այնտեղ, որտեղ չկա իշխանության տարանջատում: Եվ ապրիլյան պատերազմը ցույց տվեց այդ համակարգի խոցելիությունն իր կոռուպցիոն դրսոևորումներով, հատկապես բանակում: Եվ դա մեծ ցնցում առաջացրեց հասարակության մեջ», ասաց նա:
Ավետիք Իշխանյանի խոսքով, մյուս ճգնաժամը վերաբերում էր հուլիսյան դեպքերին, երբ լրագրողների ու պայքարի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը բռնություններ գործադրեց, Հայաստանում քաղբանտարկյալների նոր խումբ ունեցանք: Իրավապաշտպանի խոսքով՝ Սարի թաղի բռնությունները, սակայն, աննախադեպ չէին, քանի որ այդպիսիք եղել էին և 1996, և 2008, և 2015 թվականներին:
Երրորդ ճգնաժամն ի հայտ եկավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Ավետիք Իշխանյանն առանձնացնում է հատկապես Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ գործող քաղաքապետի կողմնակիցների արարքը:
«Այնտեղի ֆեոդալն իր ժառանգորդ քաղաքապետի հետ միասին ծեծ ու ջարդ իրականացրեց իրենց հակառակորդների նկատմամբ, և որևէ արձագանք դա չստացավ իրավապահ մարմինների ու հասարակության կողմից: Զարմանալիորեն անգամ հասարակությունը լռեց, ընդդիմադիր քաղաքական ուժերը լռեցին: Ուշադրությունը կենտրոնացվեց Գյումրիի ու Վանաձորի խախտումների վրա, բայց որ ծեծ ու ջարդով ֆեոդալն իր որդուն դարձնում է քաղաքապետ, դրա մասին որևէ աղմուկ չեղավ: Ես սա համարում եմ այս տարվա ամենակարևոր խախտումներից մեկը: Եվ Էջմիածնի այդ դեպքերից հետո հույս ունենալ, որ ապագա ընտրությունների ժամանակ ինչ-որ հաջողություններ կարող է գրանցել ընդդիմությունը, կասկածելի է: Այդ դեպքի հետ կապված ոչ իշխանական ուժերը պետք է միասնական պայքար սկսեին՝ Էջմիածնի ընտրությունները չեղյալ համարելու համար»,- հավելեց նա:
Իշխանյանը նշեց, որ այս տարի ներկա է գտնվել ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցի քննարկմանը, որտեղ սուր քննադատության են ենթարկվել Հայաստանի իշխանությունները՝ ոստիկանության կիրառած բռնությունների, քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի, Մարտի 1-ը չբացահայտելու և այլ դեպքերի համար:
«Ուղղակի շան լափ լցրեցին Հայաստանի իշխանությունների գլխին»,- հավելեց իրավապաշտպանը:
Մարդու իրավունքների տեսանկյունից Հայաստանում իրավիճակը հնարավոր կլինի բարելավել, երբ, ըստ Իշխանյանի, կլինի ընդդիմադիր մի հզոր քաղաքական ուժ, որի նպատակը կլինի ոչ միայն իշխանության գալը, այլ հստակ ծրագիր կունենա, թե իշխանության գալուց հետո ինչ բարեփոխումներ պետք է անել քաղաքական համակարգում: Ամենակարևոր հարցը պետք է լինի դատարանների անկախության ապահովումը, նաև պետք է ապահովվի տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, և մարզպետների ֆեոդալական համակարգը պետք է վերացնել:
«Արդյոք Հայաստանում այդպիսի քաղաքական ուժ կլինի՞, որ իր հետևից տանի հասարակությանը: Հասարակությունը պետք է գիտակցի, որ իրեն պետք է ոչ թե իր մասին մտածող իշխանություն, այլ իրեն չխանգարող իշխանութուն: Եթե հասարակությունն այս գիտակցությունն ունենա, իշխանափոխություն արդեն կլինի զուտ տեխնիկայի խնդիր», ընդգծեց նա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing