Լրահոս

Ուղիղ բանավեճից խուսափեցին, բայց հեռակա կարգով են վիճում

 

Չնայած Նիկոլ Փաշինյանի` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին բանավեճի հրավերին, ամենայն հավանականությամբ նրանց մեջ այդ բանավեճը չի կայանա: Փոխարենը նրանց մեջ երեկ ականատես եղանք հեռակա բանավեճի` կապված Երեւանի ասֆալտապատման գործընթացի հետ. Ն.Փաշինյանը անդրադառնալով փաստին, որ մայրաքաղաքի գլխավոր պողոտայի` Մաշտոցի պողոտայի ասֆալտապատման պատճառով այս օրերին երթեւեկության համար լուրջ անհարմարություններ են ստեղծվել, ասել էր.

«Ինչ-որ մարդկանց մտքով անցել է, որ կարելի է Մաշտոցի պողոտան քանդել եւ 4 օր պահել այդ վիճակում: Սա ինչի՞ համար է արվում, ուզում են ցույց տալ, որ Տարոն Մարգարյանը ասֆա՞լտ է անում: Այստեղի երթեւեկությունն արդեն 4 օր կաթվածահար է: Պետք է քթի ծակ ունենալ եւ հասկանալ, որ չի կարելի Երեւանի գլխավոր պողոտան կաթվածահար վճակում պահել։ Սա ցույց է տալիս, որ Երեւանում փաստացի քաղաքային իշխանություն չկա, կամ քաղաքային իշխանության խնդիրը ժողովրդի նյարդերի հետ խաղալն է: Սա ուղղակի անթույլատրելի վիճակ է:

Ուզում եմ ուղղակի ասել, որ, Տարոն ջան, սիրուն չի, սա ուղղակի նշանակում է մարդկանց պրկված նյարդերի հետ խաղալ»: Ավելի ուշ Տ.Մարգարյանը, իսկ ավելի ճիշտ` Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն են տարածել` նախ մանրամասնելով ասֆալտապատման գործընթացը, այնուհետեւ նշել. «Ինչ վերաբերում է կոնկրետ Մաշտոցի պողոտային, որը Երեւանի գլխավոր մայրուղիներից է եւ համարվում է մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերով ամենածանրաբեռնված փողոցներից մեկը եւ այդտեղ վերոնշյալ աշխատանքների կազմակերպումը հնարավոր է բացառապես գիշերային ժամերին, ապա տեղեկացնում ենք, որ վերը նշված գործընթացի ողջ հաջորդականությունը պահպանելով, այն ավարտին կհասցվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

Իսկ կոնկրետ նշված հատվածը, որի կտրման աշխատանքներն, ի դեպ, կատարվել են նախորդ գիշեր, արդեն այս գիշեր կասֆալտապատվի: Հուսով ենք, որ այս համառոտ նկարագիրը օգտակար կլինի Ազգային Ժողովում հետագա օրինաստեղծ գործունեության համար»: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու այս ընտրություններում գլխավորում է ՀՀԿ ցուցակը, Նիկոլ Փաշինյանը` «Ելք» դաշինքի ցուցակը, ասել է, թե նրանք քաղաքապետի թեկնածուներն են նաեւ: Եւ այս առումով հետաքրքիր կլիներ քաղաքապետի այս երկու թեկնածուների բանավեճը տեսնել ուղիղ եթերում. ի վերջո, լավ կլիներ, որ վերջապես բանավեճի ինստիտուտը կայանար մեզանում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

elq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara