Ում հույսը կարդարացնի Նիկոլը

62

Կատակ կա, որ Արցախի ամենամեծ գյուղերից մեկի՝ Ճարտարի մասին երգը սկսվում է «այնուհետեւ» բառով՝ «Այնուհետեւ գեղեցիկ է Ճարտարը…»:

Ճարտարը ներկայում քաղաքի կարգավիճակ է ստացել, եւ հայտնվել է մեկ այլ կատակ՝ ճարտարցուն հարցնում են՝ ուր է գյուղապետը, պատասխանում է՝ գնացել է քաղաքից դուրս:

Ճարտարում նորակառույց եկեղեցի է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Սա Նիկոլի երկրորդ այցն է Արցախ վարչապետ ընտրվելուց հետո:

Այս ընթացքում, ոգեշնչված Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակից, Արցախում փոփոխությունների պահանջով շարժում է սկսվել: Արդյունքում Արցախում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, պաշտոններից ազատվել են պետնախարարը, ԱԱԾ ղեկավարը, ոստիկանապետը:

Ներկայում ընդդիմադիր Արցախի վերածնունդ կուսակցությունը, այլ ընդդիմադիր խմբեր պահանջում են Բակո Սահակյանի ու ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հրաժարականները:

Բակո Սահակյանի պաշտոնավարման շրջանն ըստ էության նույնքան գաղջ էր, որքան Սերժ Սարգսյանի տասնամյակը Հայաստանում: Սահակյանն ու Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին իրենց իշխանությունը երկարաձգելու համար, ըստ էության խաբելով հանրությանը:

Հայաստանում այդ փորձը ձախողվեց, Արցախում Բակո Սահակյանը խոստանում է 2020 թ. չառաջադրվել նախագահի պաշտոնում: Կասկած չկա, որ որքան երկար Սերժ Սարգսյանը պահպաներ իշխանությունը, նույնքան էլ իշխանության կմնար Բակո Սահակյանը:

Կհաջողվի՞ նրան մնալ մինչեւ 2020 թվական: Նա Հայաստանի իշխող նախկին վարչակարգի «շարունակությունն» է Արցախում եւ ներկայում հայտնվել է օդում կախված վիճակում: Նրա հետագա պաշտոնավարումն ինչ որ առումով կախված է Նիկոլ Փաշինյանից:

Միեւնույն ժամանակ, Արցախում ծավալված ընդդիմադիր շարժումները, երիտասարդությունն էլ հույս են կապում Նիկոլ Փաշինյանի հետ, իհարկե՝ ոչ ուղղակի ձեւով, այլ որպես նախադեպ, ինչպես նաեւ, ամենակարեւորը՝ երաշխիք, որ Հայաստանից չեն ազդի գործընթացների վրա:

Նիկոլն այս առումով հայտնվել է հետաքրքիր իրավիճակում. մի կողմից նա չի միջամտում, մյուս կողմից՝ նրա կերպարն ու ներկայությունն իսկ ոգեշնչում է փոփոխությունների:

Ճարտարի նորակառույց եկեղեցուց այս լուսանկարը խիստ խորհրդանշական է վերը նկարագրված իրավիճակի առումով:

«Եվ ուրե՞մն», ինչպես ասում էր Նիկոլը երեւանյան հանրահավաքներում, թե՞ «այնուհետեւ», ինչպես ասվում է Ճարտարի մասին երգում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache