«Ում ուզենք, վարչապետ կնշանակենք, կհանենք ուրիշին կդնենք, ձեր ինչ գործն է»

0

Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, իշխանության գագաթին լինելու է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կոալիցիան, Lragir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

Պարոն Շարմազանով, հանրահավաքների շարք է սկսվում Ազատության հրապարակում, իսկ դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր համախմբվել և թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Իշխանությունը մտահոգվա՞ծ է նրանով, ինչ տեղի է ունենում Ազատության հրապարակում։

Իշխանությունը բոլոր օրինական միջոցառումներին ըմբռնումով է մոտենում, իսկ հանրահավաքների, ցույցերի, երթերի ազատությունը Հայաստանի օրենսդրությամբ արգելված չէ։ Բացի այդ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է՝ անկախ նրանից, մենք կիսում ենք հանրահավաք անողների կարծիքը, թե ոչ: Բոլոր այն միջոցառումներին, որոնք անցկացվում են Սահմանադրության և օրենքներին համապատասխան, ըմբռնումով ենք մոտենում, իսկ բոլոր այն գործողությունները, որոնք հակասում են օրենսդրությանը, բնականաբար, մենք չենք կարող դրանք ողջունել։ Երկրորդ, ամեն դեպքում հարգելով բոլոր քաղաքական ուժերի կարծիք  արտահայտելու, հանրահավաքներ, երթեր, նստացույց ու հացադուլ անելու, պայքարի օրինական այլ միջոցների դիմելու իրավունքը, այդուհանդերձ, ես այն համոզման եմ, որ բոլոր ժողովրդավարական երկրներում, մասնավորապես նաև Հայաստանում, իշխանությունը ձևավորվում է և իշխանափոխություն կարող է տեղի ունենալ բացառապես ընտրությունների միջոցով։ Հայաստանի քաղաքացիները 2017-ի ապրիլի 2-ին իրականացրել են իրենց ընտրությունը և մինչև 2022 թվականի ընտրությունները ՀՀ-ում գործադիր իշխանություն ձևավորելու իրավունքը տվել են ՀՀԿ-ին։ 770 հազար քաղաքացի ձայն է տվել Հանրապետականին, և մենք իրավունք չունենք հիասթափեցնել մեր այդ քաղաքացիներին և պարտավոր ենք իրականացնել քայլեր, որոնք բխում են այդ վստահության քվեից։ Միաժամանակ այսօրվա և նաև ապագա բոլոր հանրահավաքների օրակարգը ես համարում եմ կեղծ, որովհետև Հայաստանն այլևս նախագահական կամ կիսանախագահական համակարգով չի ապրում, որպեսզի ամեն ինչ կախված լինի մեկ հոգուց։ Անկախ նրանից՝ վարչապետը կլինի Պողոսը, Պետրոսը, թե Մարտիրոսը, ՀՀ-ում մինչև 2022 թվականը իշխանության ձևավորումը մեր քաղաքացին պատվիրել է ՀՀԿ-ին։ Ուստի այն, ինչ այսօր, վաղը կամ մյուս օրը անում են մեր գործընկերները, միգուցե օրենքի սահմաններում է, միգուցե իրենց սահմանադրական իրավունքի նորմերում է, բայց քաղաքագիտական առումով դա նոնսենս է, որովհետև ընտրությունների միջոցով իշխանությունն ու ընդդիմությունը ձևավորվել են։Եթե իրենք ուզում են ազդել իշխանության ձևավորման վրա, ապա իրենք արդեն մեկ տարի ուշացել են, որովհետև մեկ տարի առաջ Հայաստանում իշխանությունն արդեն ձևավորվել է, և իշխանությունը մենք ենք, մեզ է ընտրել ժողովուրդը։ 2022 թվականին կլինեն նոր ընտրություններ, և այն ժամանակ կերևա, թե ով կհաղթի։ Բոլոր փորձերը՝ վարչապետի ընտրությունը, նշանակումը, վերանշանակումը ներկայացնել որպես նոր ղեկավարության նշանակում, ոչ այլ ինչ են, քան ֆարս։ Հայաստանում ոչ թե կուսակցությունները, այդ թվում ՀՀԿ-ն, կամ մի խումբ մարդիկ են որոշում, թե ով լինի իշխանության, այլ այդ մենաշնորհը տրված է բացառապես ՀՀ քաղաքացիներին, որոնք էլ իրենց ազատ կամարտահայտությամբ որոշել են դա 2017-ի ապրիլի 2-ին։ Վարչապետի ընտրությունը որևէ ազդեցություն չի ունենալու Հայաստանում ապագա կառավարման վրա։ Վարչապետը Սերժ Սարգսյանը կլինի, Կարեն Կարապետյանը կլինի, Պողոս Պողոսյանը կլինի, թե Մարտիրոս Մարտիրոսյանը, դրանից որևէ բան չի փոխվելու։ Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, իշխանության գագաթին լինելու է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կոալիցիան։ Փորձել միտինգների շարքով ազդել իրադարձությունների վրա… ի՞նչ ազդեք, էդ ինչի՞ վրա պետք է ազդեք։ Ուզում եք ազդել, սպասեք 2022 թվականի ընտրություններին։

Բայց սա ցույց չի՞ տալիս, որ երկրում լրջագույն խնդիրներ կան։

Ոչ, որևէ բան ցույց չի տալիս, որովհետև մենք բազմակարծություն ունեցող, բազմակուսակցական երկիր ենք, մեր երկրում մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին և ոչ բոլորն են ձայն տվել Հանրապետականին։ Շատ նորմալ է, որ ամեն մի քաղաքական կուսակցություն ցանկանում է իր քաղաքական ճաշակը թելադրել, բայց դրա համար կան ընտրություններ, որի ժամանակ որոշվում է, թե ով պետք է առաջիկա 5 տարիներին ձևավորի իշխանություն և ով պետք է լինի ընդդիմություն։ 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված որեէ միջազգային դիտորդական առաքելություն, որևէ դեսպանատուն՝ ԱՄՆ-ից մինչև ԵՄ դեսպաններ, որևէ մեկը հարցականի տակ չի դրել այդ ընտրությունների արդյունքները։ Ուստի այն, ինչ կկատարվի այսօր, վաղը կամ մյուս օրը, կեղծ օրակարգ է։ Հիմա ի՞նչ տարբերություն, թե ով պետք է լինի վարչապետ, քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է։ Իսկ Հանրապետականը մինչ օրս որևէ թեկնածուի անուն չի քննարկել։

Հնարավո՞ր է, որ հաշվի եք առել հանրության տրամադրությունները, դրա համար չեք քննարկել։

Մենք չենք պատրաստվում մինչև ապրիլի 9-ը քննարկել այդ հարցը։ Մեզ մոտ որևէ քննարկում չի եղել, երբ կգա ժամանակը, կքննարկենք, կներկայացնենք։ Սահմանադրությունն ու օրենսդրությունը հնարավորություն են տալիս մեզ՝ երբ ուզենք՝ վարչապետ նշանակենք, երբ ուզենք՝ փոխենք վարչապետին, ի՞նչ է եղել։ Այդ իրավունքը մեզ ժողովուրդը տվել է։ Հիմա ի՞նչն են միտինգ անում։ Միտինգ թող 2017 թվականին անեին, որ ընտրություններում հաղթեին։ Ընտրություններում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին հավաքել են 850 հազար ձայն, հիմա կարող է մի կուսակցություն 100 հազար ձայն է հավաքել ու համաձայն չի մեզ հետ, հիմա ի՞նչ պետք է անենք։ Բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանություն ձևավորում է այն ուժը, որն ունի մեծամասնություն։ Փորձել այսօրվա իրավիճակը կապել նոր ընտրության հետ, անհիմն է, ոչ մի նոր ընտրություն չկա։

Հնարավո՞ր է, որ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով վարչապետի թեկնածուի անունը չեք հայտարարում, որովհետև գիտեք հանրության, նաև ընդդիմադիրների մոտեցումն ու վերաբերմունքը։

Ոչ, անկախ ընդդիմադիրների մոտեցումից, մենք կառաջադրենք վարչապետի այն թեկնածուին, որը ըստ մեզ կարող է լավագույնս իրականացնել Սահմանադրությամբ վերապահված կառավարության ղեկավարի գործառույթները, իսկ հանրության կարծիքը մենք ստացել ենք 2017-ի ապրիլին։ Խորհրդարանական համակարգում էականը ոչ թե անձն է, այլ քաղաքական կուսակցությունները։ Մենք կարող ենք այսօր մեկին վարչապետ նշանակել, 2 տարի հետո հանել մեկ ուրիշին նշանակել, դա ում ինչ գործն է։ Եթե մեզ ստացվի պահպանել ժողովրդի վստահությունը, 2022 թվականին նորից կհաջողենք, չի ստացվի, ուրեմն ժողովուրդն իր ձայնը կտա այն քաղաքական ուժին, որին վստահում է։ Հիմա ով ինչ ուզում է անի, ինչպես ուզում է պայքարի, ում մենք ուզենք, նա է լինելու վարչապետ։ Եթե ուզում են վարչապետ լինի Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ, թող ընտրությունները հաղթեին, Րաֆֆի Հովհաննիսյանին նշանակեին վարչապետ, Սեյրան Օհանյանին պաշտպանության նախարար, Նիկոլ Փաշինյանին նախագահ, Օսկանյանին էլ ԱԳ նախարար։ Բայց քանի որ ժողովուրդը մեզ է ձայն տվել, ապա կներեք, բայց մենք իրավունք չունենք ժողովրդի ձայնը հաշվի չառնել։

Բայց ակնհայտ է, թե ՀՀԿ-ն ինչ գնով է այդ ձայներն ստացել։ Բազմաթիվ էին վարչական և այլ ռեսուրսների չարաշահումները։

Իսկ ի՞նչ գնով է ստացել։ Ոչ մի ընտրակեղծիք չի եղել, ոչ մի միջազգային կառույց հարցականի տակ չի դրել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Առավել ևս երկու ընդդիմադիր ուժ է մտել խորհրդարան՝ «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը, որոնք ստացել են մեկը 31 մանդատ, մյուսը՝ 9 մանդատ։ Այդ ուժերից որևէ մեկը հարցականի տակ չի դրել ՀՀԿ-ի հաղթանակն ընտրություններում։ Շատ մեծ հաճույքով վերցրել են մանդատներն ու աշխատում են։ Դուք լսե՞լ եք, որ որևէ մեկն ասի ընտրությունները կեղծվել են, ես նման բան չեմ լսել։ Եվ ԵՄ-ի դեսպանը, և ԱՄՆ-ի դեսպանը, և ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, և Վենետիկի հանձնաժողովը, բոլորը միաբերան ընդունել են, որ այս ընտրությունների արդյունքներն ընդունելի են և կասկածի ենթակա չեն։ Իհարկե, եղել են խնդիրներ, մենք էլ ենք ասում, որ եղել են, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ այդ խնդիրները ընտրությունից ընտրություն պակասեն, բայց գլխավորում բոլորը համամիտ են, որ արդյունքների վերաբերյալ հարցեր չկան։Սերժ Սարգսյանը գնացել է Եվրոպայի Խորհուրդ, ԵԽԽՎ-ում որևէ եվրոպացի պաշտոնյայի կողմից որևէ բացասական ակնարկ ես չլսեցի։ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր։ Ի՞նչ եք կարծում՝ ԵՄ-ն, որ ժողովրդավարության լոկոմոտիվն է, մի պետության հետ կստորագրե՞ր համաձայնագիր, որի ընտրությունները կեղծվել են։ Սա ամենակարևոր կետն է։ ԵՄ-ն նոյեմբերի 24-ին մեծ հաճույքով ստորագրեց այդ փաստաթուղթը նաև այն պատճառով, որ Հայաստանը այս տարիների ընթացքում իր բոլոր պարտավորությունները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման առումով, այդ թվում նորմալ ընտրություններ կազմակերպելու առումով, իրականացրել է։ Ու հիմա ես չեմ հասկանում ընդդիմության գործողությունները։ Դա նույնն է, որ ես գնամ Ազատության հրապարակում հացադուլ անեմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը «Ելք»-ի ղեկավարը, թող լինի Էդմոն Մարուքյանը կամ մեկ ուրիշը։ Այ մարդ, ձեր ի՞նչ գործն է, ժողովուրդը ձայն է տվել մեզ, մենք էլ որոշում ենք։ Եթե մեզ պետք լինի, տարին մեկ կառավարություն կփոխենք։ Վատ կաշխատենք, 2022-ին ընտրություն կլինի, ժողովուրդը թող ընտրի նրան, ում վստահում է։ Մեծ-մեծ խոսում են, ՏԻՄ ընտրություն էր, թող գնային մասնակցեին։ Մենք գործում ենք ժողովրդի ստացած քվեով, մեր պատվիրատուն միայն ՀՀ քաղաքացին է, և նրա պատվերով ապրիլի 17-ին կընտրենք այն վարչապետին, որը բխում է ՀՀ պետական ու ազգային շահերից։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache