ՈՒՄ ԵՏԵՒՈՒՄ ՈՎ Է ԿԱՆԳՆԱԾ

0

hraparak.am — Այնքան անհնարին էր թվում իշխանափոխությունը մեզանում, որ այս օրերին բոլորը բոլորի ետեւում «ականջներ» են փնտրում։ Մարդիկ շարունակ հարցնում են՝ ո՞վ է կանգնած Նիկոլի ետեւում, անհնարին է, որ նա առանց դրսից-ներսից աջակցության, առանց մեծ փողերի, գերտերությունների եւ հզորների հովանավորության կարողանար անել մի բան, որը 30 տարի ոչ ոք չի կարողացել անել մեր երկրում։ Եթե անգամ եղել է իշխանության փոփոխություն, ապա պալատական հեղաշրջման կամ ժառանգորդության ճանապարհով, այլ ոչ թե ժողովրդական շարժման։ Այնպես որ շատ քչերն են հավատում, որ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 30-ին Գյումրիից իր քայլարշավը սկսելու պահին չուներ երաշխիքներ, աջակցություն եւ հովանավորներ։ Այսպես մտածողների մեծ մասը կարծում է, որ «ինստիտուտներ են աշխատել Նիկոլի համար»՝ քաղտեխնոլոգիաներ ու գաղափարախոսություն են մշակել նրա համար։

Վստահ են, որ դրսից կամ ներսից ֆինանսավորել են այս պայքարը։ Բնականաբար, սլաքներն ուղղվում են դեպի այն կենտրոնները, որոնք պոտենցիալ դժգոհության կրող էին՝ Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Հովիկ Աբրահամյան։ Դավադրությունների տեսության կողմնակիցները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն աջակցություն ունի նաեւ «Ամերիկաներից, Եւրոպայից կամ Ռուսաստանից», որ առանց աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցության Նիկոլը ոչ ռիսկ կաներ նման պայքար սկսել, ոչ կկարողանար հաղթանակի հասնել։ Մարիա Զախարովայի ու Պեսկովի հայտարարություններն են մեջբերում։ Սակայն հեղափոխության ակունքներում կանգնած մարդիկ ծիծաղում են այս վարկածների վրա։ Նրանք գիտեն, որ հեղափոխությունը սկսելու պահին իրենք մեն-մենակ էին՝ անգամ իրենց դաշինքի անդամների մի մասն էր դեմ եւ ամեն ինչով խանգարում էր պրոցեսին։ Փող չունեին եւ փողի կարիք էլ չկար, քանզի վրաններով շրջում էին մարզերով եւ ուտում էին այն, ինչ մարդիկ հյուրասիրում էին։ Միայն վերջին փուլում՝ Երեւան մտնելուց հետո սկսեցին սփյուռքից դրամական փոխանցումներ ստացվել եւ կարողացան ֆինանսական հարցեր լուծել՝ հանրահավաքների համար տեխնիկա վարձակալել եւ այլն, ու հաշվի համարին էլ փող կուտակվեց։

Ինչ վերաբերում է՝ «ներսից-դրսից» հովանավորներին ու աջակցությանը, ապա դա եւս բացառված է՝ օլիգարխիան կորցնելու բան ունի եւ Սերժ Սարգսյանի ռեժիմը համարում էր անսասան, ուստի անվերապահ ենթարկվում էր իշխանություններին։ Սակայն դավադրությունների շարքը սրանով չի ավարտվում։ Իրենք՝ Նիկոլականներն էլ զերծ չեն դավադրություններին հավատալու գայթակղությունից։ Նրանք առաջին իսկ օրվանից մտածում են, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը «խորամանկ հետքայլ է» եւ նա հետ է գալու։ Նա պայմանավորվածություն ունի Կարեն Կարապետյանի հետ, որ վերջինս մնա վարչապետ, ընտրություններ կազմակերպի, որի ժամանակ ՀՀԿ-ն էլի մեծամասնություն կստանա եւ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կվերադառնա։ Այս տեսության վրա էլ իշխանականներն են ծիծաղում՝ հավատացնելով, որ ոչ միայն մատից ծծած տեսություն է, այլեւ իրականությունը ճիշտ հակառակն է․ Սերժ Սարգսյանը կատարվածի մեջ մեղադրում է հենց Կարեն Կարապետյանին եւ մերձսերժական զանգվածի մոտ էլ բոլորովին այլ դավադրության վարկած կա՝ որ Կարեն Կարապետյանն է կանգնած եղել Նիկոլի ետեւում, ի սկզբանե։

 Ի դեպ, այս տեսությանը այլ հավատացողներ էլ կան։ Նրանք կարծում են, որ Կարեն Կարապետյանը սկզբում աջակցել է Նիկոլին, որ նրա հետ գա իշխանության, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը «գցում է» Կարենին, կամ՝ Կարենն է «գցում» Նիկոլին։ Մենք վստահ ենք, որ այս տեսությունների 99 տոկոսը հորինված է։ Իրականում ժողովրդի համբերության բաժակը լցվել էր եւ այս ժողովրդական շարժումը չուներ հատուկ տեխնոլոգիաների ու հովանավորության կարիք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնված տաղանդավոր հեղափոխական է, որը կարողացավ շարժել անշարժելին։ Այս պատմության մեջ ամենաողբերգականը Կարեն Կարապետյանի ճակատագիրն է, որին իրականում «գցել» է Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը եւ որը մի վերջին շանս ուներ ցույց տալու իր կառավարչական ունակությունները՝ աշխատելով «անսերժ Հայաստանում», բայց հիմա էլ Նիկոլ Փաշինյանը չի թողնում։ Բոլոր դեպքերում միշտ գալիս է հեղափոխությունն ավարտելու, օրենքների դաշտ վերադառնալու եւ աշխատելու ժամանակը։ Տա աստված՝ այդ պահը բաց չթողնենք։

Անի Առաքելյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache