good-banner
Լրահոս

Ուր է տանում հուլիսի հետքը

 

arm147568697844

lragir.am — Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախօրեին խորհրդարանում հարց ուղղելով ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին, խոսել էր հասարակության ծայրահեղ տրամադրվածության, արմատական, ծայրահեղ քայլերի վտանգի մասին ու հարցրել, թե պատկերացնու՞մ է նա արդյոք, որ հաջորդ անգամ ավտոմատով կարող են կրակել անմիջապես ԿԸՀ վրա:
Արմատական տրամադրությունների վտանգի, ծայրահեղական քայլերի հավանականության էական աճի մասին խոսակցությունը հատկապես աշխուժացավ հուլիսի իրադարձություններից հետո, երբ Սասնա ծռեր խումբը գրավեց ՊՊԾ գունդը:
Հատկապես դրանից հետո տարբեր ոլորտի ներկայացուցիչների շուրթերից հաճախակի, անընդհատ հնչում է միտքը, որ, եթե իշխանությունը չանի համարժեք հետեւություն եւ չգնա փոփոխությունների, հուլիսյան իրադարձությունները կարող են կրկնվել եւ առավել ծայրահեղ դրսեւորումներով:
Այն, որ հանրային տրամադրություններն իսկապես գտնվում են արմատականության բավական բարձր ռեժիմի վրա, աներկբա է: Աներկբա է նաեւ, որ այդ տրամադրությունները, այդ ռեժիմը Հայաստանի իշխող համակարգի գործունեության տխուր եւ վտանգավոր հետեւանքն է, որը սակայն համակարգին կարծես թե այնքան չի սպառնում, որքան պետությանն ու հենց իրեն` հասարակությանը:
Բանն այն է, որ հասնելով արմատականության կամ ծայրահեղության գերբարձր աստիճանի, այդ տրամադրությունը սկսել է ներսից քայքայել հանրությանը, հարվածել երեւույթներն ու խնդիրները համարժեք ընկալելու, գնահատելու, ձեւակերպելու, լուծումներ փնտրելու կամ ներկայացվող լուծումները համարժեք գնահատելու կարողությանը: Արմատականությունն ու ծայրահեղությունը սկսել են հանրությանը քայքայել ներսից, տկարացնել հանրային օրգանիզմը, փառակալել գիտակցությունը:
Ամենահատկանշականն այն է, որ քաղաքական ուժերը, հասարակական-քաղաքական խմբերի գերակշիռ մասն այդ երեւույթը կասեցնելու ջանքի փոխարեն, «զինվել» են դրանով, փորձելով այն դարձնել իշխանության դեմ իրենց պայքարի գործիք, իրենց կարծիքով` արդյունավետ գործիք: Խոշոր հաշվով, դա պարզապես անուղղակի շանտաժի, կամ ընդամենը մեթոդաբանական սնանկության դրսեւորում է, որովհետեւ համարժեքության պարագայում քաղաքական սուբյեկտը չի կարող զինվել մի երեւույթով, որն իրականում կամազրկում, տկարացնում է իր իսկ գործունեության առանցքային նախադրյալը եւ սոցիալական բազան` հանրային ստեղծագործական ներուժը:
Իշխանությանն ուղղված սպառնալիքները, թե կարող են լինել ավելի ծայրահեղ դրսեւորումներ, առավել արմատական քայլեր, եւ առավել եւս դրանց «հիմնավորման» համար հուլիսյան դեպքերին արվող հղումները եթե անգամ շատ թույլ փաստարկ չեն, ապա առնվազն խիստ հարաբերական են եզրահանգումների տեսանկյունից:
Վերջին հաշվով, ինչ կատարվեց հուլիսին: Հուլիսի իրադարձություններին կատարվեց այն, որ հասարակությունն արմատական լուծմանն աջակցելով բարոյապես, այդուհանդերձ որեւէ կոնկրետ եւ առարկայական քայլով չգնաց դրան օժանդակելուն, թեեւ ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները հենց այդ քայլերն էին ակնկալում բաց տեքստով:
Այդ իմաստով, եթե հուլիսյան իրադարձությունները դիտարկենք հակառակ տեսանկյունից, ապա ինչ է ստացվում: Ստացվում է, որ չնայած արմատական եւ ծայրահեղ տրամադրություններին, այդուհանդերձ, Հայաստանի հանրությունն ինքն այդ տրամադրությունների ուղղությամբ չի գնա գործնական քայլի, եթե անգամ տրված է որոշակի մեկնարկ, եւ զրոյական կետն անցած է:
Այդ տեսանկյունից, հասարակությունը հուլիսյան իրադարձություններին գտնվեց երեւի թե ավելի հասուն, քան մի շարք քաղաքական խմբեր եւ ուժեր, որոնք Սասնա ծռերին աջակցության հռետորաբանության ներքո իրականում նրանց զինված ապստամբությունը վերածեցին Խորենացու խաչմերուկում ձեւավորված հասարակական-քաղաքական բորսայական տրագիկոմեդիայի:
Ըստ այդմ, թերեւս մոլորություն է իշխանությանը հուլիսյան դեպքերի կրկնությամբ կամ ծայրահեղության նոր դրսեւորումներով «վախեցնելը»: Մոլորություն է, ժամանակի եւ էներգիայի անտեղի վատնում, միաժամանակ հանրային գիտակցության եւ ստեղծագործական ներուժի աղավաղման եւ անկման հավելյալ ուղղակի թե անուղղակի ջանք:
Հասկանալի է, որ ծայրահեղական եւ արմատական տրամադրությունը մի գործոն է, որը շահարկելը գայթակղիչ է տարիներ շարունակ անարդյունավետ գործունեություն ծավալող քաղաքական սուբյեկտների համար, որոնց համար էլ իհարկե հեշտ չէ:
Բայց թվում է, թե հեշտ է հղում անել ծայրահեղության եւ արմատականության սպառնալիքին: Այդօրինակ տրամադրվածությամբ լցված հանրությունը ավելի շատ խնդիր է ոչ թե իշխանության, այլ հասարակական-քաղաքական ընդդիմության համար:
Առավել եւս, որ իշխանությունը հուլիսին փաստացի չափեց վանգի աստիճանն ու անկասկած արեց իր անվտանգության համար անհրաժեշտ հետեւությունը:
Հարցն այն է, թե ինչ հետեւություն են արել ուժերը, որոնք Հայաստանում ներկայացրել են քաղաքական գործունեության հայտ: Անհնար է ներկայացնել քաղաքական գործունեության հայտ եւ խաղարկել ծայրահեղ տրամադրության եւ արմատականության գործոնը: Այդ գործոնը համատեղելի չէ քաղաքականությանը: Հետեւաբար, կամ պետք է թողնել քաղաքականությունն ու անձամբ իրականացնել այն, ինչի մասին զգուշացնում են իշխանությանը հանրությանը հղում անելով, կամ պետք է զբաղվել քաղաքականությամբ եւ աշխատել նաեւ հասարակության հետ` ծայրահեղությունն ու արմատականությունը չեզոքացնելու եւ հանրային միտքն ու գիտակցությունը փառից առավելագույնս ազատելու, քաղաքացիական իրավունքի ուժով ստեղծագործական ներուժը ընդլայնելու համար:
Ընդ որում, ներկայում` երկու տասնամյակ անց, եւ հատկապես վերջին տարիների զարգացումների համատեքստում, Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնող ուժերի համար հրամայական է իշխանությունը կամ իշխանափոխությունը որպես այդպիսին տեսադաշտից մի կողմ տանել, հասարակությանը հնարավորինս լիարժեք տեսնելու եւ հանրության հետ լիարժեք աշխատելու համար:
Իշխանափոխությունը հասարակության հետեւում է եւ հասունանում է հասարակության հետ աշխատանքի արդյունքում: Այլ հաջորդականության պարագայում, ակներեւ է վաղուց, հասունանում է ընդամենը քաղաքական կամա թե ակամա մեքենայությունը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am