Ուր էր Կարեն Կարապետյանը ապրիլի 27-ից հետո

0

lragir.am — Հայտարարություն է տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ասելով, թե վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում, եւ պետք է բոլոր ուժերը նստեն քաղաքակիրթ երկխոսության, որքան էլ դժվար թվա:

Կարեն Կարապետյանը մի քանի օր է չկար ասպարեզում, իսկ վարչապետի պաշտոնական կայքում լրահոսը թվագրվում էր ապրիլի 27-ով: Ուր էր Կարեն Կարապետյանն այդ մի քանի օրերի ընթացքում եւ ինչու՞ հայտնվեց մայիսի 2-ին, խորհրդարանում վարչապետի քվեարկությունից հետո:

Ինչ է նշանակում նրա կոչը խորհրդարանում վարչապետ ընտրելու վերաբերյալ: Չէ՞ որ հարցը հենց խորհրդարանում էր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ընտրությունը տապալեց իշխող կուսակցությունը՝ խորհրդարանական մեծամասնությունը, եւս յոթ օր ձգելով ժամանակը եւ փաստացի Հայաստանում առավել խորացնելով ճգնաժամը:

Կարեն Կարապետյանն այդ կուսակցության, այդ մեծամասնության ներկայացուցիչ է եւ ավելին՝ իշխող կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Ու՞մ է ուղղված նրա կոչը եւ ինչ է այն նշանակում: Կարեն Կարապետյանը սիրում է խոսել թուղթ ու գրիչով, մինչդեռ նրա կոչը ամենեւին այդպիսին չէ, որովհետեւ չի պարունակում որեւէ առարկայականություն: Երկխոսելու կոչ այս օրերին անում են բոլորը, մինչդեռ անհրաժեշտ են կոնկրետ ելակետեր: Իսկ այդպիսի ելակետ առաջարկում է միայն Նիկոլ Փաշինյանը: Նրա վարչապետությունը երկխոսության փաթեթի մեջ է, պարզապես երկխոսության առարկայականության մի երաշիք, որ իշխանությունն իր սովորության համաձայն չի գցի հետո՝ ասելով, թե իրավիճակը փոխվեց:

Իսկ ի՞նչ կոնկրետ ելակետեր են պարունակում երկխոսության իշխանության կոչերը: Եթե Կարեն Կարապետյանը համարել է, որ այդ կոչերի վիճակագրությունը ցածր է եւ պետք է աճ ու դրա համար ավելացրել է թիվը մեկով, ապա իզուր: Եթե Կարապետյանն ունի ասելու բան, ապա գուցե ավելի կոնկրետ եւ առարկայական: Ի՞նչ է առաջարկում, ու՞մ է առաջարկում, ինչպես, երբ եւ այլն:

Այդժամ գուցե պարզ կլինի նաեւ, թե ուր էր Կարեն Կարապետյանն այս օրերին: Կամ ու՞ր էին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնց մասին տարածվել է տեղեկություն, թե մեկնել էին Մոսկվա: Կարեն Կարապետյանն է՞լ այնտեղ էր: Ըստ այդմ, վարչապետի հարցը նրանք Մոսկվայու՞մ են լուծել: Թե՞ Կարեն Կարապետյանը դրա համար է ասում, որ հարցը պետք է լուծել ոչ թե Մոսկվայում, այլ Հայաստանի խորհրդարանում:

Հարցերը իհարկե շատ են, բայց պատասխան չկա, որովհետեւ գործնականում չկա իշխանություն, որը կստանձնի իրավիճակի հանգուցալուծման պատասխանատվություն, որքան էլ դժվար թվա, ինչպես կասեր Կարեն Կարապետյանը: Եվ եթե նա չի վախենում դժվարությունից, ուրիշներին էլ կոչ անելով չերկնչել երկխոսության դժվարության առաջ, գուցե անի՞ առաջին քայլը: Որեւէ քայլ, բայց կոնկրետ, պատասխանատու, առարկայական, որից պարզ կլինի, որ այդ մարդու խնդիրը թե իր, թե որեւէ մեկի համար իշխանություն ապահովելը կամ պահելը չէ, այլ պետությունը ճգնաժամից դուրս բերելը՝ թեկուզ իր կամ որեւէ մեկի իշխանության գնով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache