Լրահոս

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ աշակերտներին

 

icon

Hartak.am ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել  հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին:

ԿԳՆ-ից հայտնում են, որ ընթացակարգով նախատեսվում է`

Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչեւ դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից  ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են միասնական քննական առարկաները:

Եթե հաստատության ուսումնական պլանով նախատեսված որեւէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսպլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, եւ կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:

Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը: Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձեւավորվել միեւնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային եւ տարեկան գնահատականներն այնուհետեւ փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան:

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների (Ուսպլանի Հավելված 1-ի 20-րդ կետի 5-րդ ենթակետի եւ 45-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան) ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) եւ արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով:

Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին: Սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից:

Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տեւողությունը որոշվում է 31 ժամի եւ սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ: Արտադասարանային պարապմունքներին սովորողի մասնակցությունը հաշվառվում է եւ գրանցվում համապատասխան մատյանում: Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության եւ այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական եւ փորձնական աշխատանքների կատարումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով եւ գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական եւ խմբային, ինքնուրույն եւ համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը եւ այլն:

Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` դրանց համար նախատեսված հաստատություններում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara