Լրահոս

Ուշագրավ դրվագ հրաժարականից հետո

 

arm147326017253

lragir.am — Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը գրեթե իրողություն է, որը փաստ կդառնա հավանաբար առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում: Այդ պաշտոնանկության մասին տարբեր տեղեկատվությունները բնականաբար տալիս են բազմաբնույթ վերլուծությունների եւ դիտարկումների առիթ, կապված թե փոփոխության շարժառիթների, թե դրա հնարավոր հետեւանքների, արդյունքների, ներքաղաքական եւ տնտեսական կյանքի վրա ազդեցության մասով: Դրան աշխուժորեն ներգրավվում է նաեւ նոր վարչապետի հավանական թեկնածուի անունը՝ Կարեն Կարապետյան, որը Երեւանի նախկին քաղաքապետն է, իսկ ներկայում Գազպրոմի համակարգի բարձրաստիճան մենեջեր:
Իշխանության ներսում հասունացած այդ որոշումները փաստացի խոսում են տեղի ունեցող վերադասավորումների մասին, որոնք կատարվում են ընդհանրապես իշխանության ձեւավորման ընտրական խորհրդարանական փուլին ընդառաջ: Եվ այստեղ բնականաբար շոշափվում են ներհամակարգային բազմաթիվ շահեր ու հակասություններ: Այդ ամենն էլ անկասկած իր վրա կրում է ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին անխուսափելի ազդեցություններ:
Այդ համատեքստում, հետաքրքիր եւ դիտարկման արժանի խնդիրներից մեկն էլ կառավարությունում ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդն է, որը ստեղծվել էր ավելի քան մեկ տարի առաջ եւ գործում էր Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այդ պատճառով էլ հարց է առաջանում, թե ինչ է լինելու այդ խորհրդի հետ, եթե փոխվում է վարչապետը:
Արդյոք նոր վարչապետը, այսինքն ամենայն հավանականությամբ Կարեն Կարապետյանն ինքնաբերաբար դառնում է նաեւ կառավարության հակակոռուպցիոն այդ խորհրդի նախագահ: Դա իհարկե խնդրի ֆորմալ կողմն է, որը սակայն պարունակում է քաղաքական ուշագրավ երանգներ:
Հակակառուպցիոն խորհրդի ստեղծման մասին փաստացի հայտարարել է ոչ թե Հայաստանի կառավարությունը, այլ 2015 թվականի սկզբին տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Նա Երեւանում հայտարարեց, որ Հայաստանի կառավարության հետ սկսում են հակակոռուպցիոն ռազմավարության նոր ծրագիր:
Հաջորդ օրն արդեն կառավարության նիստում հայտարարվեց խորհրդի ստեղծման մասին, որն էլ գլխավորեց Հովիկ Աբրահամյանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հանձն առավ խորհրդի գործունեության ֆինանսավորումը, մոտ 750 հազար դոլարի չափով: ԱՄՆ կառավարությունը մի քանի անգամ հայտարարեց, որ եթե չտեսնեն կոնկրետ արդյունքներ, ապա կդադարեցնեն ֆինանսավորումը:
Իհարկե, թե հատկապես ինչը կհամարեն կոնկրետ արդյունք, ամերիկացիները հրապարակավ չեն մանրամասնել, բայց ըստ երեւույթին լոկ դիվանագիտական էթիկայից ելնելով եւ օտար երկրի ներքին գործերին չմիջամտելու նկատառումով, բայց Հայաստանի պաշտոնյաների, մասնավորապես հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ տետատետ հանդիպումներում նրանք անկասկած մանրամասնած կլինեն, թե ինչ են ակնկալում կոնկրետ արդյունք ասելով:
Ընդ որում, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մի քանի ամիս առաջ lragir.am-ին իր հարցազրույցում բավական բաց կերպով ակնարկեց, որ թեեւ կոռուպցիան Հայաստանում ունի բազմաթիվ շերտեր, այդուհանդերձ դրա դեմ պայքարի հարցում անարդյունավետության պատասխանատվությունը կլինի հակակառուպցիոն խորհուրդը գլխավորող վարչապետի վրա:
Խորհրդի գործունեության դիտարկումը հուշում է, որ այն մեղմ ասած հեռու է կոնկրետ, շոշափելի արդյունքից: Ավելին, ապրիլի պատերազմից հետո՝ մայիսի 12-ին մենաշնորհների դեմ եւ օպտիմալ կառավարման համար պայքարի մասին Հովիկ Աբրահամյանի ելույթից ու դրան հաջորդած գործողություններից պարզ էր, որ Աբրահամյանի բուն խնդիրը Հայաստանում առկա կոռուպցիոն համակարգի խորքային լեգիտիմացումն է, ոչ թե չեզոքացումը:
Արդյոք այդ հանգամանքը դեր ունեցել է նրա պաշտոնանկության հարցում, դժվար է ասել: Համենայն դեպս հատկանշական է, որ Հովիկ Աբրահամյանն իր համար ճակատագրական, եզրափակիչ փուլում հանդիպում է ունեցել նաեւ ամերիկյան կողմի հետ՝ ԵՏՄ վարչապետների հավաքին Սոչի մեկնելու նախօրեին նա Հայաստանում ընդունեց նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի նոր ղեկավարին եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին:
Այդպիսով, նրա պաշտոնանկությամբ ներկայում բաց է մնում հակակոռուպցիոն խորհրդի, դրա գործունեության, ԱՄՆ ֆինանսավորման եւ արդյունքների հարցը:
Կարեն Կարապետյանը, որ հավանաբար կնշանակվի վարչապետ, կշարունակի՞ այդ խորհրդի գործունեությունը, բայց արդեն այլ արդյունքով, թե՞ ոչ: Առավել հավանական է, որ Կարապետյանը իր նորանշանակության հանգամանքը պարզապես կօգտագործի ժամանակ շահելու համար, ինչն իր հերթին կնշանակի, որ հակակառուպցիոն խորհուրդն ամենայն հավանականությամբ առնվազն մինչեւ 2017 թվականի ընտրություն պարզապես չի գործի: Կամ, չի գործի արդեն որոշակի «հիմնավորումով», որովհետեւ մինչ այդ էլ խորհուրդը փաստացի չէր գործում:
Իսկ կտա՞ն ամերիկացիները այդ ժամանակը փաստացի Գազպրոմի սան վարչապետին, թե կհայտարարեն պայմանավորվածությունների եւ ֆինանսավորման չեղարկման մասին: Առավել հավանական է, որ ժամանակ կտան, բայց իհարկե չֆինանսավորելով ընդմիջումը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am