Առանց կատեգորիա

Ուշագրավ կանխատեսում նոր վարչապետի հարցում

 

arm147341046797

lragir.am – Եվ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, և 2018 թվականի ապրիլի 9-ի հետո, երբ ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, գործող կառավարությունները պետք է հրաժարական տան: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրության հեղինակներից Հրայր Թովմասյանը:
«2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրության ընդհանուր դրույթներով նախատեսված է, որ կառավարությունը հրաժարական է տալիս նոր գումարման Ազգային ժողովի հենց առաջին նիստի ընթացքում: Իսկ 2018 թվականի ապրիլի 9-ը դա ևս նախատեսված է Սահմանադրությամբ, բայց եզակի դեպք է, որ նախագահի լիազորությունների ավարտից հետո կառավարությունը հրաժարական է տալու: Դա այդպես է, որովհետև մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը կառավարությունը ձևավորվելու է կիսանախագահական կառավարման ձևի տրամաբանությամբ: Խոսքը գնում է ձևավորման մասին: Մինչև նախագահի լիազորությունների ավարտը բոլոր դեպքերում, երբ վարչապետի պաշտոնը թափուր է լինելու, նախագահն է նշանակելու վարչապետին: 2018 թվականից, որպեսզի մենք կարողանանք ապահովել, որ երկիրը ամբողջությամբ անցում կատարի պառլամենտական կառավարման ձևին, 2018 ապրիլի 9-ից այդ լիազորությունն այլևս կփոխանցվի Ազգային ժողովին, և թեկնածու առաջադրելու իրավունքը կստանան արդեն խմբակցությունները»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը:
Նա անդրադարձավ նաև այս օրերին շրջանառվող տեղեկություններին, թե վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը ժամանակավոր է լինելու՝ նշելով, որ նման հասկացություն գոյություն չունի:
«Ես ավելին կարող եմ ասել, վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը լինելու է այն վարչապետը, ով իրականացնելու է ամբողջական գործադիր իշխանությունը և լինելու է Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաերկար աշխատած վարչապետը, որի լիազորությունները էականորեն տարբերվելու են նախորդից, որովհետև 2018 թվականից հետո վարչապետն է լինելու ըստ էության միանձնյա գործադիր իշխանության ղեկավարը»,- հավելեց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է վստահ, որ Կարեն Կարապետյանը 2018 թվականից հետո էլ է վարչապետ լինելու, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ դա իր կանխատեսումն է:
«Եթե Կարեն Կարապետյանին աջակցողները 2017 թվականին ձևավորված պառլամենտում կլինեն ևս մեծամասնություն, իսկ ես համոզված եմ, որ կլինեն, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: 2018 թվականից հետո պառլամենտում ոչինչ չի փոխվում, այսինքն՝ այդ նույն մեծամասնությունն է առաջադրելու իր թեկնածուին»,- նշեց նա:
Միաժամանակ նա ասաց, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո նշանակվելիք վարչապետը պետք է 2018-ին նախորդած վերջին չորս տարիներին մշտական բնակություն ունեցած լինի Հայաստանում:
Հարցին, թե Կարեն Կարապետյանը համապատասխանո՞ւմ է այդ պահանջին, Թովմասյանը պատասխանեց, որ 2018 թվականին այդ հարցի պատասխանը կստանանք:
«Դրա համար նայեք Ընտրական օրենսգիրքը, կտեսնեք՝ համապատասխանում է, թե ոչ: ԸՕ համաձայն՝ մշտական բնակիչ է համարվում այն անձը, որը վերջին 4 տարվա ընթացքում առնվազն 730 օր բնակվել է Հայաստանի Հանրապետությունում», նշեց Հրայր Թովմասյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am