Ուշագրավ զարգացումներ են սպասվում. արտահերթ ընտրություններին հասնելու փշոտ ճանապարհը

167

armlur.am — Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ են տեղի ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: Առաջին հերթին դա անհրաժեշտ է ստեղծված սահմանադրական ճգնաժամը լուծելու համար. ի վերջո, ստացվել է այնպես, որ գործադիրում ղեկավար է խորհրդարանական փոքրամասնությունը, օրենսդիրում ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, թեեւ` իրեն հայտարարել է ընդդիմություն: Եւ, բնականաբար, այս հակադրության լուծման բանալին արտահերթ ընտրություններն են: Սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ամեն գնով կցանկանա երկարաձգել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքն ու ընտրությունների հնարավոր ժամկետները:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է, թե արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները կքննարկեն՝ կարծիք հայտնելով, որ ընտրությունները կանցկացվեն այս տարի: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, թե խորհրդարանական մեծամասնությունը կընդունի իր կառավարության ներկայացրած ծրագիրը: «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, եւ մենք բնականոն կաշխատենք»,- ասել է նա:

Բայց նկատենք, որ կառավարության ծրագրի ընդունման պարագայում արտահերթ ընտրությունների անցկացումն ավելի բարդ է դառնում:

Առհասարակ ապրիլի 9-ից ուժի մեջ մտած Սահմանադրության հեղինակները մի լավ հոգացել են, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով չեզոքացվեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հեռանկարները:

Ի սկզբանե Փաշինյանը ծրագրում էր կառավարության ծրագիրը չընդունելու միջոցով հասնել արտահերթ ընտրությունների: Սակայն այդ տարբերակը «խճճված է», քանի որ կառավարության ծրագիրը չընդունելուց հետո ոչ թե իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվում է, այլ կառավարությունն է հրաժարական տալիս: Եվ դրանից հետո պետք է կրկին անցկացվեն վարչապետի ընտրություններ: ԱԺ լուծարման համար այս դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը համաձայնության գան, որպեսզի կառավարության հրաժարականից հետո վարչապետի թեկնածու ոչ ոք չառաջադրի, եւ երկու անգամ ընտրությունները տապալելուց հետո ԱԺ-ն լուծարվի, կամ էլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընտրվի, կրկին ծրագիր ներկայացնի եւ կրկին այն մերժվի:

Եվ մինչ իրավաբանները գլուխ են կոտրում, թե էլ ինչպես կարելի է հանգել արտահերթ ընտրությունների, օրակարգում կարող է հայտնվել նաեւ Սահմանադրության հոդվածները փոխելու տարբերակը:

Մասնավորապես, Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է ԱԺ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա հոդվածների թվին է պատկանում: Հենց այդ հոդվածն էլ սահմանում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում ԱԺ արձակվելուց հետո: Եվ փոփոխելով այդ հոդվածը` կարելի է հասնել արտահերթ ընտրության անցկացման այլ մեխանիզմի ամրագրման:

Սահմանադրության դրույթներում փոփոխություններ անելու հնարավորությունը սահմանում է 202-րդ դրույթը: Մասնավորապես, Սահմանադրության հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Եվ համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը` առնվազն 26 պատգամավոր, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի: Ստացվում է, որ Սահմանադրության հոդվածները փոփոխելու նախաձեռնությամբ ազատորեն կարող են հանդես գալ թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները. 26 ստորագրություն հավաքելը խնդիր չի լինի: Այդ նույն հոդվածի համաձայն` եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` 63 ձայնով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի համար արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհը դժվար է լինելու, առավել եւս, որ հենց ինքն էլ հակված է ծրագրի ընդունման եւ բնականոն աշխատանքի: Այս փուլում արտահերթ ընտրությունների թերեւս հակված չէ միայն ՀՀԿ-ն, ում ծրագրերի մեջ մտնում է հակառակը, որքան հնարավոր է Փաշինյանի կառավարության աշխատանքի ժամկետները երկարաձգելը, որպեսզի այդ ընթացքում կարողանան վարկաբեկել նրան: Իսկ Սահմանադրությամբ ամրագրված է, որ կառավարության ծրագրի ընդունումից հետո մեկ տարի չեն կարող անվստահություն հայտնել վարչապետին: Այժմ ՀՀԿ-ն ծրագրում է օգտվել այդ հնարավորությունից եւ երկարաձգել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները:

Խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը եւս կարծում են, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը միայն արտահերթ ընտրություններն են, սակայն դրան պետք է հասնել ընդհանուր քննարկումների արդյունքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք հենց վաղն էլ պատրաստ են արտահերթ ընտրությունների գնալ՝ ընդգծելով, թե այս իրավիճակի լուծման բանալին միայն արտահերթ ընտրություններն են: «Այլ հանգուցալուծում չի կարող լինել. ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք պետք է լինեն հնարավորինս ադեկվատ ժամկետներում: Սակայն մինչ այդ պետք է փոփոխություններ լինեն ԸՕ-ում: Այս իրավիճակի քաղաքական հանգուցալուծումը հենց արտահերթ ընտրությունները կլինեն: Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական ուժերի համար դա հավասար է ինքնասպանության, քանի որ այն ուժը, ով անցյալ տարի դեռ մեծամասնություն էր, այս անգամ դժվարությամբ կարող է հաղթահարել նվազագույն շեմը, եւ նրանց որոշակի ժամանակ է պետք», – նշեց նա:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ կարծիք հայտնեց, թե աշունը թեւակոխելու են առանց արտահերթ ընտրությունների: «Արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական եւ իրավական հիմքեր: Կա Սահմանադրություն, կան իրավական հիմքեր, թե երբ կարելի է ԱԺ-ն արտահերթ արձակել: Նա ասել է՝ կքննարկենք, կտեսնենք, մենք էլ ենք այդպես ասում: Երբ գա քննարկումների ժամանակը, հիմնավորումները լսենք, այն ժամանակ էլ մեր կարծիքը կասենք: Այս փուլում արտահերթ ընտրությունների հարց դրված չէ, հակառակ դեպքում նրանք կոչ կանեին դեմ քվեարկել: Քանի որ նման կոչեր չկան, ապա աշունը կթեւակոխենք առանց արտահերթ ընտրությունների»,- ընդգծեց Շարմազանովը: Նա նաեւ նշեց, թե այս պահին, բացի իրավական հիմքերից, չկան նաեւ քաղաքական հիմքեր, քանի որ ԱԺ-ում ներկայացված ՀՀԿ մեծամասնությունը նպատակադրված չէ խոչընդոտելու կառավարության աշխատանքը: «Քաղաքական հիմքեր կլինեն, եթե խորհրդարանի մեծամասնությունն արհեստական խոչընդոտներ իրականացներ եւ թույլ չտար ընդունել օրենսդրական նախաձեռնություններ: Մենք չենք պատրաստվում կառավարության բերած, ժողովրդի շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններին դեմ քվեարկել»:

Ամեն դեպքում, առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում:

Նաիրա Հովհաննիսյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache