Լրահոս

Ուժեղ հարված քրեա-օլիգարխիային. Հայտարարվեց իշխանափոխության մասին

 

Մարտի 25-ին Հայաստանում հայտարարվել է Հայաստանի ներդրողների ակումբ հիմնադրամը, որը ներառելու է Ռուսաստանի 3 տասնյակ հայ գործարարների, ամենահարուստ հայի՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

Այդ գործարարները դեռեւս հունվարին Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել էին նրան աջակցելու մասին:Այժմ նրանք հայտարարում են ներդրումային ակումբ ստեղծելու մասին, իսկ Կարեն Կարապետյանը նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնում բոլորին եւ հատուկ շնորհակալություն Սամվել Կարապետյանին: Կարեն Կարապետյանը նաեւ հայտարարում է, որ ակումբը լինելու է ոչ թե բարեգործության, այլ «ագրեսիվ բիզնես» ակումբ:Կասկած չկա, որ նախաձեռնությունն ունի նախընտրական նշանակություն, եւ դրանով փորձ է արվելու բարձրացնել իշխանության հանդեպ վստահությունն ու ըստ այդմ ՀՀԿ մեծամասնության հաստատման հնարավորությունը:

Սակայն, նախընտրական այդ հանգամանքը տեղի ունեցողի իրավիճակային էությունն է, քանի որ նախաձեռնությունն անկասկած ունի նաեւ առավել խորքային մոտիվներ ու շարժառիթներ: Գործնականում, Հայաստանում հայտարարվում է իշխանափոխության ակումբի ստեղծման մասին:Այլ հարց է, թե ինչ իշխանափոխության մասին է խոսքը, ով կամ ովքեր են իրականացնում այդ իշխանափոխությունը, որ իշխանությանն ինչ իշխանություն է փոխարինում:

Անկասկած, հանրությունն այստեղ սուբյեկտ չէ, գոնե անմիջականորեն ներգրավված: Այդ գործընթացում սուբյեկտը խոշոր կապիտալն է եւ դրա կրողները: Տվյալ պարագայում փաստորեն խաղի մեջ է մտնում Ռուսաստանի հայկական կապիտալը: Աներկբա է, որ մյուս կամ հակառակ կողմում Հայաստանում ներկայացված կամ ձեւավորված խոշոր կապիտալն է, կամ ինչպես անվանվում է այն վերջին տասնամյակում՝ քրեա-օլիգարխիկ համակարգը:Կարեն Կարապետյանը գրեթե բաց տեքստով արձանագրում է, որ նպատակը հենց կապիտալի իշխանափոխությունն է: Հայաստանի իշխանությունը խոշոր կապիտալի իշխանությունն է:

Իշխանությունը փոխելու համար անհրաժեշտ է փոխել կապիտալի հաշվեկշիռը Հայաստանի տնտեսությունում:Գործնականում, նախորդ տասնամյակի ընթացքում այդ խնդիրն էր գտնվում ներքաղաքական եւ ներիշխանական գործընթացների առանցքում, եւ դրա չլուծվածության հետեւանքով է, որ Հայաստանը փաստացի գտնվում էր տնտեսական կոլապսի պայմաններում: Կապիտալի խնդրում անորոշությունն ու հարաբերությունների չպարզաբանվածությունը գործնականում հանգեցրեց նրան, որ Հայաստանն ապրում էր դրսից փողի՝ պետական պարտքի հաշվին, քանի որ ներսից որեւէ մեկը չէր ցանկանում դնել իր փողը տնտեսության զարգացման համար, եթե չկար դրա քաղաքական իշխանության երաշխիքը:Ակնհայտ է, որ այդ իրավիճակը կարող էր կասեցվել միայն իշխանափոխությամբ:

Այն կարող էր տեղի ունենալ կամ հանրության կամ ընդդիմության ջանքով՝ հեղափոխական ճանապարհով, կամ այլ՝ ավելի խոշոր կապիտալի՝ փոխադարձ պայմանավորվածությամբ, կամ եղած ստատուս-քվոն կազմող սուբյեկտների աստիճանական դուրսմղման:

Այժմ փաստորեն գալիս է այլ, ավելի խոշոր կապիտալը՝ Ռուսաստանից: Կա՞ այստեղ ՌԴ իշխանության դերը: Հավանություն անկասկած կա, իսկ նախաձեռնությու՞ն: Իհարկե, բավական բարդ է ասել, սակայն Հայաստանում հեղափոխություն թույլ չտալու թերեւս միակ ռացիոնալ տարբերակը Մոսկվայի համար մնացել էր իշխանափոխություն կազմակերպելը:Մյուս կողմից, գործնականում այդ տարբերակն էր մնացել նաեւ Սերժ Սարգսյանի համար՝ եթե նա ցանկանում է գնալ, կամ հեռանալ հանգիստ եւ առանց լուրջ ռիսկերի, չլինելով հեղափոխության կամ չդառնալով հակահեղափոխության զոհերից մեկը:

Հայաստանում ներդրումների՝ փաստացի իշխանափոխության ակումբի ստեղծումով Կարեն Կարապետյան «միջանկյալ ծրագիրը» գործնականում թեւակոխում է հիմնական ծրագրի փուլ: Դա տեղի է ունենում ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ ԱՄՆ ու Եվրամիության հավանության պայմաններում:Ունի՞ այդ ծրագիրը մրցակից: Քրեա-օլիգարխիկ կապիտալն իհարկե այդ ծրագրի մրցակիցն է, սակայն ընդհանուր պատկերում բավական թույլ մրցակիցը, քանի որ ավելի քիչ է կազմակերպված, ավելի հետադեմ է, զուրկ է միջազգային լեգիտիմությունից:Այստեղ ահա բավական հետաքրքիր երանգ է ստանում հանրությունը, որովհետեւ չնայած ստեղծված իրավիճակի հանդեպ հանրային սուր դժգոհությանը, Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգն այդուհանդերձ ունի հանրային շոշափելի լեգիտիմություն, եթե ոչ ամբողջությամբ գիտակցական, ապա զգալի մասով նաեւ ենթագիտակցական՝ արժեհամակարգային եւ բնազդային դաշտում: Առավել եւս, որ հանրության եւ այդ համակարգի հարաբերություններում ակնհայտ է նաեւ այսպես կոչված «ստոկհոլմյան սինդրոմի» առկայությունը, երբ քրեա-օլիգարխիային պատանդ մնացած հանրությունը ի դեմս տարբեր դեմքերի նաեւ սիրում է իր պատանդառուներին, ու որոշներին նույնիսկ պաշտում:Լեգիտիմության այդ փաթեթն անկասկած դառնալու է, կամ քրեա-օլիգարխիան այն անկասկած դարձնելու է իր պայքարի մաս: Այդ իմաստով, ի դեպ, բավական խորհրդանշական էր օրերս Դիլիջանում Կարեն Կարապետյանի արած հայտարարությունն ի պատասխան հարցի, թե արդյո՞ք առաջիկա հինգ տարիներին նա կլինի վարչապետ:

«Դուք պետք է այդ շանսը տաք», հայտարարել էր Կարապետյանը:Ու՞մ է տալու այդ շանսը Հայաստանի հանրությունը՝ քրեա-օլիգարխիկ կապիտալի՞ն, թե՞ իշխանափոխության ակումբ ձեւավորած Ռուսաստանի հայկական կապիտալին, որը Կարեն Կարապետյանը հայտարարել է նոր մշակույթ եւ նոր հարաբերություն բերող ագրեսիվ բիզնես: Իսկ ունի՞ հանրությունն այլ «շանսի»  ընտրություն: Տեսականում իհարկե այո, բայց գործնականում՝ ոչ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing