Լրահոս

Ուժեղացված անվտանգություն Երեւանում. Ինչ են փնտրում իրավապահները

 

Ինչպես հայտնում են մի շարք լրատվամիջոցներ, ոստիկանությունը Երեւանի մետրոյի կայարաններում եւ գնացքներում իրականացնում է ուժեղացված հսկողություն, ստուգում են քաղաքացիների պայուսակները, իրականացնում են հերթապահություն վագոններում:
Երեւանի Մետրոպոլիտենի փոխտնօրեն Գեւորգ Ավետիսյանը tert.am-ին հայտնել է, որ անվտանգության ուժեղացված միջոցառումներն ու ստուգումները պայմանավորված են Սանկտ-Պետերբուրգի մետրոյում օրերս տեղի ունեցած ահաբեկության հանգամանքով, որով պայմանավորված ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը Երեւանի մետրոպոլիտենում:Սանկտ-Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկությունը խլել է 14 կյանք, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Պարզվեց, որ կասկածյալ մահապարտը 23-ամյա երիտասարդ է, ծագումով Կիրգիզիայից, որը բնակվում էր Ռուսաստանում եւ կարծես թե ուներ Ռուսաստանի քաղաքացիություն:
Առայժմ որեւէ արմատական ահաբեկչական կառույց չի ստանձնել Սանկտ-Պետերբուրգի ահաբեկության պատասխանատվությունը:Կան նաեւ կասկածներ, որ պայթուցիկը կարող էր գործարկվել պատահաբար:Հատկանշական է, որ ահաբեկությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սանկտ-Պետերբուրգում էր գտնվում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ՌԴ մշակութային մայրաքաղաքում մասնակցում էր ազգային Ճակատ նախաձեռնության հավաքին, նաեւ հանդիպում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ:
Մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ ահաբեկությունը փաստորեն նախորդել է Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ երկրների անվտանգության հատուկ ծառայությունների եւ հետախուզությունների ղեկավարների հավաքին: Հավաքին ուղերձ է հղել ՌԴ նախագահը, հորդորելով առավել սերտացնել գործակցությունը ահաբեկության եւ այլ մարտահրավերների դիմագրավման համար:Պուտինի խոսքով, հատկապես հստակ, ներդաշնակ փոխգործակցությունը, օպերատիվ տեղեկատվության եւ վերլուծության հստակ եւ ժամանակին փոխանակումը թույլ կտա դիմագրավել ԱՊՀ տարածքի ժամանակակից մարտահրավերներին:Հայաստանի իրավապահներն ունե՞ն որեւէ օպերատիվ տեղեկություն կամ որեւէ տեղեկության վրա արվող վերլուծություն հնարավոր ռիսկերի վերաբերյալ, թե՞ պարզապես իրականացվում է հսկողության պրոֆիլակտիկ միջոցառում, ինչն անկասկած ողջունելի է քաղաքացիների անվտանգության տեսանկյունից:

Ուշագրավ է, որ, Երեւանում օրինակ անվտանգության միջոցառումների նկատելի ուժեղացում տեղի չի ունեցել այլ ահաբեկություններից հետո, որ տեղի են ունեցել օրինակ եվրոպական քաղաքներում: Համենայն դեպս, թե քաղաքացիները, թե մամուլը չեն արձանագրել այդ ահաբեկություններից հետո Երեւանում անվտանգության եւ հսկողության միջոցառումների ինտենսիվացում եւ ուժգնացում: Օրինակ, բոլորովին վերջերս Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկությունից հետո:

Գուցե հայաստանյան իրավապահները Սանկտ-Պետերբուրգը ոչ միայն աշխարհագրորեն, այլ նաեւ այսպես ասած ռազմա-քաղաքական տարածության իմաստով համարում են Հայաստանին մոտ, քան եվրոպական տարածքը, ինչից էլ բխեցվել է Երեւանում հսկողության խստացումը:Բոլոր դեպքերում, հանրության անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունը ողջունելի է:Միեւնույն ժամանակ, իհարկե ուշադրություն է գրավում նաեւ այն հանգամանքը, որ ոստիկանության գործողությունը տեղի է ունենում նաեւ Հայաստանի խորհրդարանի ընտրությունից հետո:Արդյոք Սանկտ-Պետերբուրգի ահաբեկությունը կարող էր լինել նաեւ առիթ ընտրությունից հետո ուժեղացված հսկողության համար: Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությունից առաջ Հայաստանում մթնոլորտում այսպես ասած թեւածում էր հետընտրական որեւէ արտառոց զարգացման «սպասումը»:
Այդ մթնոլորտին նպաստեց նաեւ «Իգլայի գործը»:Ընտրությունն անցավ, հետընտրական իրավիճակը բավական խաղաղ է ու հանգիստ եւ կարծես թե որեւէ արտառոց սպասման նախադրյալ չկա, խորհրդարանի ընտրության բոլոր մասնակիցները գործնականում այս կամ այն կերպ ընդունել են արդյունքը եւ հրաժարվել այն հետընտրական վիճարկման ենթարկելու քայլերից, դրանք դիտարկելով անիմաստ:Թեպետ չի բացառվում, որ իրավապահներին ու անվտանգության կառույցներին առկա հետընտրական խաղաղությունը «կասկածելի» է թվացել, եւ նրանք դա գնահատել են հնարավոր «անդորր փոթորկից» առաջ եւ պրոֆիլակտիկան համարել են ոչ ավելորդ:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing