Լրահոս

«Ուզում ենք աշխարհ շուռ տալ». Կարեն Կարապետյանն անհանգիստ է

 

arm147844548870

lragir.am — Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Տիգրանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադարձել են երկու հայկական պետությունների տնտեսությունների զարգացման հեռանկարներին և նշել այն քայլերը, որոնց միջոցով ակնկալվում է ապահովել տնտեսության զարգացումը:

ՀՀ և ԼՂՀ վարչապետները լրագրողներին հանդիպեցին մարտական դիրքեր այցելությունից հետո, և Արայիկ Հարությունյանը խոսեց նաև առաջնագծում տեխնիկական հագեցվածության ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Լրագրողներն, արձանագրելով Արցախում նախորդ տարվա ընթացքում արձանագրված 9,1 տոկոսի աճը, ԼՂՀ վարչապետից նաև հետաքրքրվեցին, թե ինչպես է հաջողվել է նման արդյունքի հասնել, իսկ ՀՀ կառավարությանը՝ ոչ, այն դեպքում, երբ ՀՀ-ն կախում ունի ռուսական շուկայից, իսկ ԼՂՀ-ն՝ ՀՀ-ի շուկայից:

Հարցին առաջինն արձագանքեց Կարեն Կարապետյանը և նշեց, որ ԼՂՀ կառավարությունը «ֆանտաստիկ ճիշտ և համարձակ քայլեր է կատարել»:

«Իրականում, համարում եմ, որ ֆանտաստիկ ճիշտ և համարձակ քայլ են արել, աճը տեսնում ենք ԼՂՀ-ում՝ հաշվի առնելով բիզնեսի ռիսկայնությունը»,- «Արմենպրես»,- փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը։

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է ԼՂՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքին ուշադրություն դարձնել. այն ցույց կտա, որ աճը կապ ունի հիդրոէներգետիկայի զարգացման հետ:

«Էներգետիկայի ոլորտում այս տարի ներդրվելու է մոտ 50 մլն դոլար: Զարգացման մեծ տեմպեր ունի նաև հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը»,- նշեց նա:

«Չեմպիոն են, աճի հարցով չեմպիոնն են, նաև նորարար քայլերով են չեմպիոն», արձագանքեց Կարեն Կարապետյանը` ավելացնելով, որ Արցախի կարևոր առանձնահատկությունն այն է, որ չեն վախենում ասել, թե ինչում են սխալվել:

Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ պետք է անհոգ լինել, քանի որ ԼՂՀ տնտեսական աճն իր ազդեցությունն է թողնում նաև ՀՀ տնտեսության վրա, որովհետև հիմնականում ՀՀ-ում արտադրվածն է ներմուծվում ԼՂՀ` տարբեր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

«ԼՂՀ-ն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի դրայվերն է»,- ավելացրեց Կարեն Կարապետյանը:

Այնուհետև լրագրողները ՀՀ վարչապետից հետաքրքրվեցին` բացառո՞ւմ է արդյոք, որ Հարկային օրենսգիրքը փոփոխությունների կենթարկվի:

Կարապետյանը նշեց, որ Հարկային օրենսգրքի վերաբերյալ իր վերաբերմունքը երկակի է: «Մի կողմից ինքն իրավունք ունի ապրելու և տրամաբանություն կա դրա տակ, ուղղակի կա բիզնես միջավայրի արձագանքը, որն ասում է՝ գիտեք ինչ, ովքեր սպիտակ դաշտում են աշխատում, դուք իրենց պատժում եք դրա համար և իրենց բեռն ավելացնում, իսկ ստվերի հետ չեք աշխատում»,- նկատեց ՀՀ վարչապետը` ավելացնելով, որ դրա մեջ կա տրամաբանություն:

«Բայց եթե մեզ հնարավորություն լինի տնտեսության մեջ արդար, հավասար պայմաններ ստեղծել, ինչպես գազի գնի հետ ենք վարվել, և հասկանալ, որ, հարկային բեռն իջեցնելով, բիզնեսում աշխուժություն կստեղծվի՝ միանշանակ կանենք: Բացառո՞ւմ եմ դա, չե՛մ բացառում, ինչքա՞ն արագ կլինի դրա հնարավորությունը՝ ցույց կտա մեր աշխատանքի էֆեկտիվությունը, ինչպես նաև այն, թե բիզնեսմեններն ինչպես կարձագանքեն մեր քայլերին»,- ասաց նա:

Այնուհետև Կարեն Կարապետյանը ներկայացրեց այն 4 գործոնները, որոնց հաշվին նախատեսվում է սակագնի նվազեցում: Նա թվարկեց աղբյուրները և առաջին հերթին նշեց տրանզիտի գնի հնարավոր նվազեցումը, քանի որ Վրաստանի հետ պայմանագիրն ավարտվում է հունվարի 1-ից

«Երկրորդ աղբյուրն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի վարկային բեռը նվազում է, երրորդը՝ փորձ է կատարվում գազի գնի նվազեցմամբ շուկան նվազեցնել և հույս կա, որ կավելանան մուտքերը և վերջինը՝ շուկայի կայունության համար «Գազպրոմ»-ի հիմնադիրն ասել է, որ ֆինանսական ռիսկերին տեր կկանգնի», ասաց վարչապետը:

Հարցին, թե որն է մոտիվացիան, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ շուկայի նվազեցման և տնտեսական աշխուժացման խնդիր կա:

«Մենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցել ենք որպես բիզնեսմենը բիզնեսմենի հետ: Ես՝ որպես վարչապետ, շահագրգռված եմ օգուտ ստանալ, բայց որևէ ընկերության հաշվին չեմ կարող, քանի որ դա նույնն է, որ խեղդեմ մյուսին ու անհասկանալի է՝ կլավացնեմ, թե ոչ: Ես ասել եմ, որ ձեր շուկան կրճատվում է և ամեն անգամ գալու եք նոր մարժա ուզեք: Հիմա շատ բիզնես-տրամաբանական առաջարկ ենք արել, ասում ենք՝ բյուջեն սոցիալապես անապահովին չի սուբսիդավորելու այս տարի: Հիմա կարևոր է, թե շուկան ոնց կարձագանքի. ակնհայտ բան եմ ասում»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով՝ եթե «Գազպրոմ Արմենիա»-ն տեսնի, որ շուկան մեծանում է, այդ փորձը կշարունակի: «Ինձ, որպես վարչապետ, ձեռք է տալիս, որ կայանա փորձը, ցանկանում եմ, որ «Գազպրոմ»-ի համար էլ ստացվի, շատ պարզ է՝ որևէ գաղտնիք չկա: Որովհետև եթե բաժակը կարողանում ես մեկ դոլարով վաճառել տասը հատ, ասում ենք՝ եկեք 0,97 սահմանենք գինը և, հնարավոր է, 12 կամ 14-ը վաճառել, մարժայի մեջ գինը պակաս կլինի, բայց ծավալի մեջ՝ շատ»,- ասաց նա:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը չի հասկանում՝ ինչո՞ւ են գազի գնի նվազեցումը կապում նախընտրական շրջանի հետ, և ինչո՞ւ է ընդհանրապես նման հարց առաջանում։ Այդ քայլի հետեւում այլ մոտիվացիա փնտրելու փոխարեն նա առաջարկում է այն գնահատել այլ տեսանկյունից. երկրի համար դա լավ է, թե՞ վատ։

«Ի՞նչ մոտիվացիա. ասում են՝ նախընտրական է, պոպուլիստական է։ Եթե ընտրություն չլիներ, ի՞նչ եք կարծում, չէի՞նք անելու։ Ո՛չ, նախընտրական չէ։ Ես ամիսուկես առաջ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը, և խելքս կտրել է նման բան անել։ Իմ առաջին նպատակային ֆունկցիան տնտեսության մեջ ակտիվություն մտցնելն է, եթե որևէ մեկն ուզում է մեկնաբանել, որ նախընտրական է, թող մեկնաբանի: Եթե նույնիսկ նախընտրական է, լա՞վ է, թե՝ վատ»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը` ավելացնելով, որ իրականում վեց ամիս հետո կայանալիք ընտրություններն իր կառավարությանը խանգարում են:

«Նախընտրական ժամանակահատվածը ոչ մի երկրում ակտիվ չի լինում։ Սպասողական իրավիճակ է լինում՝ բիզնեսն է սպասում, հասարակությունն է սպասում: Ասել եմ, որ չափազանց կարևոր է, որ հասարակության հետ հետադարձ կապ ունենանք, որ հասարակությունը մեզ հավատա, որովհետև մենք առանց աշխատող, գործարար, քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդու երկրում բան չենք կարող փոխել»,- ընդգծեց վարչապետը:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանն, անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացմանը, նշեց. «Ուզում ենք աշխարհ շուռ տալ, կստացվի, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Ինչո՞ւ, որովհետեւ այդ ՏՏ արդյունավետությունը մեծ է, կտրուկ փոփոխություն անելու շանսը՝ մեծ: Գյուղատնտեսության ոլորտում մենք շատ երկար, ծանր աշխատանք պետք է անենք, որտեղ հիմնական խնդիրը գյուղատնտեսությամբ զբաղվող մարդուն ապահովելն է, որ իր ծախսերը հոգա: ՀՆԱ-ի մեջ կարո՞ղ է կտրուկ աճ ապահովել՝ ոչ: Ո՞ր ոլորտն է, որ կարող է «ֆիշկա» լինել, կտրուկ աճ տալ, ոլորտներից մեկը ՏՏ-ն է»,- նշեց նա` ավելացնելով, որ ոլորտի ներկայացուցիչներին հանդիպելու է առաջիկա երեքշաբթի:

Խոսելով առաջիկա ընտրություններից հետո իր գործունեության հարցի մասին` Կարեն Կարապետյանն ասաց. «Ես իմ հարցազրույցներում մաքսիմալ անկեղծ եմ։ Համենայն դեպս, երբևէ սուտ չեմ ասում։ Իմ պաշտոնի վերաբերյալ. ես երազե՞լ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ լինել, ո՛չ, հիմա ցանկություն ունե՞մ օգտակար լինել, այո՛, անհագի՞ստ եմ մեր վաղվա օրվա համար, ինչպես ազգի մեծ մասը, այո՛։ Ժամանակը ցույց կտա, էֆեկտիվ կլինե՞նք, թե՝ չէ: Նախապես ասել, թե ինչ պաշտոնում եմ տեսնում, առնվազն կոռեկտ չէ»:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հայկական դիրքերի տեխնիկական հագեցվածությանը: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությույանն ընդգծեց, որ այսօր զինծառայողն ավելի է համալրված սարքավորումներով:

«Ապրիլի 3-ին, ինչպես գիտեք, կառավարության կողմից կոորդինացնող խումբ էր ստեղծվել, որը նաև հաշվեհամար էր բացել: Դրա միջոցով ցանկացողները կարող էին ֆինանսա կան աջակցություն ցուցաբերել: Հավաքված գումարի մասին մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում` հնարավորինս փորձելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են կատարվում: Առանց կոնկրետացնելու կարող եմ ասել, որ զինվորն այսօր ավելի է համալրված սարքավորումներով, շատ մեծ ինժեներական աշխատանք է կատարվել դիրքերում»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Արցախի վարչապետի խոսքով`2017 թվականի պետբյուջեով նույնպես անհրաժեշտ գումար կտրամադրվի բանակին: Արայիկ Հարությունյանն ընդգծեց` բոլոր կատարված փոփոխությունների հարցում յուրաքանչյուրը կարող է համոզվել` առաջնագիծ այցելելով:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am