Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. հայր ու որդի մահացել են.

4

Երեկ՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 15։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 41-ամյա Վարդան Հախոյանը իր վարած Mercedes մակնիշի 25 ՍՏ 160 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղի Հ. Աբրահամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ շինության պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հախոյանն ու նրա ուղևոր, 7-ամյա Հրաչիկ Հախոյանը տեղում մահացել են։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ.Հախոյանի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հրանտ Դադոյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորը հայր ու որդի էին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache